Դուրս մնացած ասպիրանտի պատմության հետքերով

03/07/2006

«Այն տեղը, որտեղ դիմել էր Կարո Բրուտյանը, մեկ այլ հոգի է անցել՝ ավելի բարձր գնահատականներով։ ԳԱԱ-ի երկու տեղից բացի, նախագահականից եւս 1 տեղ էր իջեցվել, որի համար մենք չէինք խնդրել։ Այս տեղի համար դիմած երիտասարդը կտրվեց անգլերեն առարկայի քննությունից»,- մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում ասաց ԳԱԱ «Փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի» գիտքարտուղար Սվետլանա Աթաբեկովան՝ ավելացնելով, որ իրենք շատ բարկացած են, որ Կարո Բրուտյանի պատմությունն այսպիսի աղմուկի պատճառ դարձավ։ Ըստ նրա՝ ԳԱԱ-ն, տեսնելով, որ Կարո Բրուտյանը լավ է հանձնել քննությունները, միջնորդել է, որ այդ տեղը, որից անգլերենի քննության պատճառով կտրվել էր մեկ այլ դիմորդ, հատկացվի Կ. Բրուտյանին։ «Սակայն հետագայում նախագահականից այդ տեղը ետ են վերցրել»,- ավելացրեց Ս. Աթաբեկովան։

Ի՞նչ կապ ունի Վիգեն Սարգսյանը

Այս պատմության մեջ շատ էր հոլովվում Ռոբերտ Քոչարյանի օգնական Վիգեն Սարգսյանի անունը, ով Բրուտյանների խոսքերով՝ պատմության գլխավոր հերոսն էր։ Սակայն Վ. Սարգսյանի հետ ունեցած մեր զրույցից բոլորովին այլ բան պարզվեց։ «Մեծ անբարոյականություն եմ համարում իմ նկատմամբ արված մեղադրանքները։ Ես ասպիրանտուրայի քննություններում հանձնաժողովի անդամ չեմ եղել»,- պարզաբանեց Վ. Սարգսյանն՝ ավելացնելով, որ որպես նախագահի օգնական` ներկա է եղել անգլերենի քննություններին, քանի որ այս տարի դրանք ընդհանրացված են եղել։ «Իմ ներկայությունը բավական արդյունավետ էր։ Շատ մարդիկ կտրվեցին։ Բութ մարդկանց դեմ դուռը փակվեց»,- շարունակեց Վ. Սարգսյանը։

Խոսելով Կարո Բրուտյանի մասին՝ Վ. Սարգսյանը չբացառեց, որ նա գուցե փայլուն երեխա է, սակայն քննության լավ կամ վատ հանձնումը դրա հետ կապ չունի։ «Կարո Բրուտյանը մասնագիտական քննությունից ավելի քիչ է ստացել, քան մեկ այլ մասնակից։ Անգլերենի քննությունն այստեղ կապ չունի։ Նույնիսկ ավելին, երբ ես ու Լեւոն Մկրտչյանը դուրս եկանք քննությունից, Կ. Բրուտյանի ծնողները մոտեցան մեզ եւ ասացին, որ իրենց տղան վատառողջ է եղել եւ այնքան էլ լավ չի պատասխանել։ Խնդրեցին՝ վերահանձնում, ինչը, պարզապես, չի թույլատրվում»։

Վիգեն Սարգսյանը հիշեց նաեւ, որ ինքն էլ 3 բուհ է ավարտել, մոտ 50-60 քննություն է հանձնել, եւ եղել են դեպքեր, որ իր գիտելիքներն ավելին են եղել, քան պատասխանը։

Վ. Սարգսյանն ասաց, որ ինքը Բրուտյաններին չի զանգահարել, ինչպես պնդում էին վերջիններս։ Մեր այն հարցին, թե ինչո՞ւ են հունիսի 13-ին ԳԱԱ-ում արդեն շնորհավորել Կարո Բրուտյանին՝ ասպիրանտուրա ընդունվելու կապակցությամբ, Վ. Սարգսյանն ասաց. «Նրանք լիազորությունների գերազանցում են արել։ Որոշել են, որ կարող են վերաբաշխում կատարել, այսինքն՝ այն թափուր տեղը, որի դիմորդը կտրվել էր, որոշել են վերաբաշխել Կարո Բրուտյանին եւ տեղը չկորցնել»։

Այս տարի 12 թափուր տեղեր ետ են վերցվել։ Վ. Սարգսյանի հավաստմամբ՝ դա տարկետման տեղեր լրացնելու փորձ է, ինչի միջոցով կոռուպցիայի դաշտն ավելի է ընդլայնվում։ «Այս տարի արգելվել է վերաբաշխում կատարելու քայլը։ Այո, այստեղ եղել է նաեւ իմ պահանջը»,- ասաց նախագահի օգնականն ու նկատեց, որ այս պատմությունն իրեն շատ է վիրավորել։ «Ես ահավոր վատ եմ զգում, երբ ասում են, որ ինչ-որ մեկի համար է այս տեղը վերցվել»,- ասաց Վ. Սարգսյանը։

Նամակ ԿԳՆ-ից

Կրթության եւ գիտության նախարարությունը նույնպես անդրադարձավ մեր հրապարակմանը։ ԿԳՆ-ից ստացված նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ։

«Ի պատասխան «168 Ժամ» թերթի հունիսի 29-30-ը համարի «Ասպիրանտուրա ընդունվել՝ դեռ չի նշանակում ասպիրանտ լինել» հրապարակման, հայտնում ենք. Սույն հրապարակման մեջ Կարո Բրուտյանի ծնողի անունից տեղ գտած պնդումը, թե ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն իրեն ասել է, որ «ինքը ոչնչով չի կարող օգնել, դա Վիգեն Սարգսյանի գործն է», իրականությանը չի համապատասխանում:

Ինչ վերաբերվում է ասպիրանտուրայի ընդունելությանը, ՀՀ գիտական կազմակերպություններում եւ բուհերում ասպիրանտական տեղերը բաշխվում են յուրաքանչյուրի համար՝ ըստ կոնկրետ մասնագիտացումների: Ընդ որում, այդ մասնագիտացումների ընտրության հարցում հիմք են ծառայում ինչպես կազմակերպության ներկայացրած հայտերը, այնպես էլ ՀՀ ԿԳ կողմից կատարվող համապատասխան հետազոտությունը, որում հաշվի են առնվում՝ ա) տվյալ մասնագիտացման գծով գիտական եւ գիտամանկավարժական կադրերի պատրաստման անհրաժեշտությունը, բ) վերջին մի քանի տարիների ընթացքում այդ կազմակերպությունում ասպիրանտների հետ կատարվող աշխատանքների արդյունավետությունը եւ այլ չափանիշներ:

Այսինքն, ասպիրանտական տեղերի բաշխումն իրականացվում է նպատակային սկզբունքով:

Նախորդ տարիներին ԿԳ նախարարությունը անհետեւողական է գտնվել ասպիրանտական տեղերի՝ ըստ մասնագիտացումների բաշխման սկզբունքի պահպանման հարցում, թույլ տալով վերաբաշխումներ ինչպես միեւնույն մասնագիտության շրջանակներում, այնպես էլ տարբեր մասնագիտությունների միջեւ: Այս տարի, նպատակ հետապնդելով վերացնել այս թերացումը, ընդունելության քննությունների ավարտից անմիջապես հետո, շրջաբերական ուղարկվեց բոլոր այն կազմակերպություններ, որտեղ թափուր տեղեր էին գոյացել, որով արգելվում էր ցանկացած բնույթի վերաբաշխում:

Կ.Բրուտյանի խնդրի առնչությամբ տեղեկացնենք, որ ՀՀ ԿԳ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտը, նախորդ տարիների իրավիճակի մտայնությամբ, ինքնակամ կատարել է վերաբաշխում՝ «Քրեական իրավունք» մասնագիտացման գծով գոյացած թափուր տեղն ուղղելով «Իրավունքի պատմություն եւ տեսություն» մասնագիտացմանը: Այդ գործողությունն անթույլատրելի է եղել, եւ ինստիտուտի ղեկավարությունը վարչական պատասխանատվության կենթարկվի»: