Ա՜խ այդ ատամնացավը…

03/07/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազությունում ՀՀ Քրօր. 130 հոդվածի
3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով 2005թ. օգոստոսի 16-ին հարուցվել էր քրեական գործ` բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, դրանց նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունք դրսեւորելու հետեւանքով Էրեբունի բժշկական կենտրոնի Ուռոլոգիայի բաժանմունք ընդունված 34-35 շաբաթական հղիություն ունեցող Ս. Բադալյանին աջ երիկամի հեռացման եւ նրան անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի կապակցությամբ: Ինչպես նշել էինք` վարույթն իրականացնող Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազության ավագ քննիչ Արշակ Վարդանյանը քր.գործը կարճելու մասին որոշում էր կայացրել: Մեկ տարի է, ինչ Ս. Բադալյանի իրավահաջորդը` նրա ամուսին Արման Քրմոյանը Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազության, Գլխավոր դատախազության եւ դատարանի դռներն ընկած` փորձում է ապացուցել, որ բժիշկների անփութության պատճառով է կորցրել երիտասարդ կնոջը: Հիշեցնենք, որ Ուռոլոգիայի բաժանմունքի վարիչ Երվանդ Հարությունյանը Ս. Բադալյանի կեսարյան հատումից անմիջապես հետո անցել էր երկրորդ` երիկամի վիրահատությանը, ինչի պատճառով էլ վերջինս մահացել էր: Ե.Հարությունյանը վիրահատությունը կատարել էր առանց Ս. Բադալյանի եւ նրա հարազատների համաձայնության:

Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում հայց ներկայացրած Ա. Քրմոյանը պահանջել էր վերացնել Դատախազության` քր.գործի վարույթը կարճելու մասին որոշումը: Արդեն 2 ամիս է, ինչ նրա հայցադիմումը գտնվում է Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում, սակայն մինչ օրս կայացել է ընդամենը 1 դատական նիստ: Այս գործի քննության ընթացքից կարելի է միանշանակ պատկերացում կազմել, թե ինչպես են մեր դատարաններում դատավարություններն անցկացվում դատավորների քմահաճույքով: Նշանակված յուրաքանչյուր նիստի օր լրագրողները, փաստաբանը եւ դատավարությամբ հետաքրքրվողները ստիպված են երկար ժամանակ դատարանի դռան առաջ սպասել, որից հետո կրկին անտրամաբանական պատճառաբանությամբ փոխանցվում է, որ դատական նիստը հետաձգվում է: 2 ամիս ձգձգվող գործի «քննությանը» հետեւելիս պարզապես մնում է ենթադրել, որ կա՛մ այս գործի բացահայտմամբ դատարանը շահագրգռված չէ, կա՛մ էլ ժամանակ շահելը ձեռնտու է համապատասխան մարմիններին: Երեկ նշանակված դատական նիստը կրկին հետաձգվեց` անհայտ պատճառաբանությամբ: Մենք փորձեցինք դատավոր Արտուշ Գաբրիելյանից ճշտել, թե ի՞նչ հիմնավորմամբ է այն հետաձգվել: Վերջինս մեզ փոխանցեց, որ ինքը նոր է եկել ատամնաբուժարանից եւ ամբողջ բերանը «ճղրտած» է: «Գիտե՞ք, ատամներիս խնդրով էի գնացել, լնդերս ամբողջը ճղրտած է, արյունահոսում է: Ես կողմերին խնդրեցի, որ հետաձգենք, որովհետեւ ատամներիս պատրվակով չեմ կարող նիստը վարել»,- վստահեցրեց Ա. Գաբրիելյանը, ով, սակայն «ճղրտած» բերանով բավականին վարժ խոսում էր մեզ հետ հեռախոսազրույցում: Հարցին, թե ինչպե՞ս է ողջ օրը սաստիկ ատամնացավով աշխատելու` նա պատասխանեց. «Դե՛, ես դեղորայքի ամբողջ մի փաթեթ եմ բերել, որ ցավս մեղմացնի, բայց մենք կողմերի հետ համաձայնության ենք եկել, իրենք էլ ինչ-որ փաստաթղթերի հետ կապված խնդիրներ պիտի կարգավորեին: Իրենք էլ այդ թղթերը ձեռք կբերեն, ու նիստը կնշանակվի»,- նշեց դատավոր Գաբրիելյանը: Այն, որ դատավորի ատամները կարող են ցավել` միանգամայն հասկանալի է, այն, որ այդ պատճառով նիստը կարող է հետաձգվել` դա էլ է հասկանալի, սակայն կրկին հիշեցնենք, որ 2 ամիս է, ինչ այս գործը գտնվում է դատարանում, ու մինչ օրս կայացել է ընդամենը 1 դատական նիստ: Մահացած Ս. Բադալյանի ամուսին Ա. Քրմոյանն ամեն անգամ դատարանի առաջ կանգնած հույսեր է փայփայում, թե դատարանը մեղավորներին կպատժի, եւ այդպիսով մեր առողջապահական համակարգում գոնե կկանխվեն նման հանցագործությունները: Ա. Քրմոյանը յուրաքանչյուր դատական նիստին ներկայանալիս իր 2 անմայր երեխաներին թողնում է իր մոր խնամքին: Հույս ունենք, որ Ա. Գաբրիելյանի ատամնացավը շուտ կանցնի, եւ նման վերաբերմունք դատարանի կողմից չի ցուցաբերվի դեռեւս սգի մեջ գտնվող հայցվորի նկատմամբ: