ՀՀ կառավարությունը հինգշաբթի օրվա նիստում որոշում է կայացրել գանձապետական արտաբյուջետային ժամանակավոր հաշվի առնչությամբ, որը բացվել էր մայիսի 3-ին տեղի ունեցած ավիավթարի արդյունքում զոհված անձանց ընտանիքներին օգնություն ցույց տալու նպատակով։ Կուտակված 88 մլն 472 հազար դրամից վճարումներ են իրականացվելու ավիավթարի արդյունքում զոհված ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց 85 ընտանիքներին եւ Վրաստանի երկու քաղաքացիների ընտանիքներին (յուրաքանչյուր զոհվածի հաշվով` 1 մլն դրամ)։ Մնացած 1 մլն 472 հազար դրամը հատկացվելու է զոհված ուղեւորների հիշատակը հավերժացնող հուշարձանի նախագծման համար: Հատկացված միջոցները զոհվածների ընտանիքներին տրամադրվելու են կանխիկ ձեւով: ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է սույն որոշման ընդունման պահից դադարեցնել գանձապետական արտաբյուջետային ժամանակավոր հաշվին գումարների մուտքագրումը եւ սահմանված վճարումները կատարելուց հետո փակել հաշիվը: