«Գետից գետ» Հայաստան

03/07/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Այս ֆիլմը հստակ քաղաքացիական դիրքորոշում ունի. հեղինակը ներկայացնում է հայ-վրացական փոխհարաբերությունները` սկսած միջնադարից, վերջացրած` մեր օրերով: Եվ ահազանգում է, որ հարեւան Վրաստանում իրականացվող «մշակութային ջարդը» ոչնչով չի տարբերվում Նախիջեւանում հայկական խաչքարերի եւ պատմամշակութային արժեքների ոչնչացումից: Հայաշատ Ջավախքում հայաթափման ծրագիր է իրականացվում, այդ մասին են վկայում հարցազրույցների մասնակցած վիրահայերը, որոնք բորբոքված պատմում են, թե ինչպես են փակվում հայկական դպրոցներն ու մանկապարտեզները եւ հայերի ավելի երիտասարդ սերունդը հայկական պատմությունն ուսումնասիրում է խեղաթյուրված վրացական դասագրքերով, որտեղ Հայաստանը որպես Վրաստանի մի մաս է ներկայացված: Վրացի հոգեւորականները հայկական վանքերից ու տապանաքարերից հայերեն լեզվով արված գրառումների ջնջմանը շատ հանգիստ են վերաբերվում. «Ի՞նչ նշանակություն ունի` թե ում է պատկանել այս վանքը, հիմա այն վրացական է»: Մինչդեռ հեղինակը փաստեր է ներկայացնում, որ Վրաստանում քրիստոնեությունն առաջինը հենց հայերն են տարածել, իսկ վրացական եկեղեցին սկզբնական շրջանում Հայ Առաքելական եկեղեցուն է պատկանել: Հայերի թողած հետքը Վրաստանից ջնջելու համար հակահայկական քաղաքականություն է իրականացվում Վրաստանում, իսկ Հայաստանում լռություն է:

«Արաքսից` Կուր, Արցախից` Ջավախք» ֆիլմում շատ են արխիվային նյութերը: Զուգահեռներ են անցկացվում հայկական երեք «խնդրահարույց» շրջանների` Արցախի, Նախիջեւանի եւ Ջավախքի միջեւ: Եվ, ըստ Տ. Խզմալյանի` շրջանների հետագա զարգացման ճանապարհները միայն երկուսն են. Ջավախքը կամ պետք է Նախիջեւանի պես զիջել եւ հայաթափման դեմ չպայքարել, կամ էլ` հարկավոր է Արցախի նման ազատագրել: «Պետք է պայքարել ոչ թե «ծովից ծով» անիրատեսական Հայաստանի համար, այլ` «գետից գետ» Հայաստանի, քանի որ գետերը մեր բնական սահմաններն են»,- ասում է նա:

Հեղինակը չի պատրաստվում իր ֆիլմը որեւէ փառատոնում ցուցադրել եւ ընդլայնել հանդիսատեսի սահմանները. «Մենք դեռ ինքներս պիտի այս ամենը հասկանանք: Շատ հեռուստաընկերություններ ունենք, թող գան, ֆիլմս ցուցադրելու առաջարկներ անեն: Իսկ «Ոսկե ծիրան» փառատոնին ցուցադրել չեմ հասցնի, ես, ինչպես միշտ, ուշացա»,- ասում է կինոռեժիսորը: Նշենք նաեւ, որ այս էմոցիոնալ եւ ուսուցողական ֆիլմում կադրից դուրս տեքստը հենց Տ. Խզմալյանն է կարդում, եւ շատ էմոցիոնալ` նույնիսկ այն դրվագներում, որտեղ սառնասիրտ փաստերն առանց բառերի էլ շատ խոսուն են:

Պատմություն դարձած փաստերն ու իրադրությունները փոփոխել չենք կարող, բայց կարող ենք հետեւություններ անել դրանցից եւ պատմության կրկնվող ակնարկները հասկանալ: Պատմությունը միշտ հաղթողներն են գրում: Հաղթողներն են չափում-ձեւում, համադրում եւ փաստերի ավելորդ ու անպիտան մասերը պատմության աղբամանը գցում: Տ. Խզմալյանի ֆիլմն այդ փաստերը հավաքելու ու այդ փաստերով մտահոգվելու փորձ է: