Օլիգարխները Հոլիվուդ են կառուցում

03/07/2006

Ռուսաստանը պատրաստվում է Հոլիվուդի մասշտաբի կինոստուդիա ստեղծել: Կինոստուդիան կոչվելու է «Ստոլիվուդ» եւ կառուցվելու է Սանկտ Պետերբուրգում: Նման նախաձեռնություն է հայտնել «Սիստեմա Մասս-Մեդիա» ընկերության տնօրեն Մաքսիմ Դունաեւը: Նրա կարծիքով` վերջին տարիներին հոլիվուդյան կինոարտադրողները մեծ հաջողությամբ իրենց ֆիլմերն Արեւելյան Եվրոպայի երկրներում են նկարահանում, սակայն այդ երկրներից շատերը` ԵՄ անդամ դառնալով, կտրուկ մեծացրել են իրենց ծառայությունների գումարները, եւ կինոարտադրողները շարունակելու են շարժվել դեպի Արեւելք` գայթակղվելով լավ ու մատչելի մասնագետներով ու էժան կինոհրապարակներով: Մասնագետների կարծիքով` Ռուսաստանում նկարահանումները 30%-ով ավելի էժան են լինելու, քան Եվրոպայում: Ռուս օլիգարխ Վլադիմիր Եվտուշենկովը, ում պատկանում է «Սիստեմա Մասս-Մեդիան», վստահեցնում է, որ նոր կինոստուդիան հարմարեցված կլինի նաեւ ստորջրյա նկարահանումների համար: «Պետերբուրգում շատ հետաքրքիր բնական լուսավորում կա, իսկ քաղաքի փողոցներն եւ ջրանցքներն օգտագործելով` կարելի է Վենետիկի, Ամստերդամի եւ այլ եվրոպական քաղաքներ նկարահանել»,- ասել է ռուս միլիարդատերը:

Արտասահմանից ֆիլմերի նկարահանման պատվերներ սկսել է ստանալ նաեւ «Մոսֆիլմը», որտեղ նկարահանվում է 50 մլն բյուջե ունեցող «Պատերազմ եւ խաղաղություն» ռուս-ամերիկյան համատեղ ֆիլմը: Այդ նախագծի հեղինակները համոզված են, որ՝ «Ռուսաստանում տոննաներով փողեր կան, սակայն ներդրման համար հարմար ոլորտները քիչ են: Իսկ հոլիվուդյան փայլը շատերին չափազանց հոգեհարազատ է. օլիգարխներն ուզում են ամերիկյան աստղերի հետ մի սեղանի շուրջ նստել»: Եվ նրանք պատրաստակամությամբ կինոյի ոլորտում գումարներ կներդնեն: