Տեսարան կայարանում
Բեռլինում Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի օրերին մարդկանց ամբոխը` գույնզգույն դրոշներով, շարժվում է դեպի «Օլիմպիա» մարզադաշտ: Գնացքում հնչում է բրազիլական, ուկրաինական կամ գերմանական երաժշտություն եւ միախառնվում տարբեր լեզուներով խոսող մարդկանց ծիծաղին:
Ֆուտբոլի անհամար սիրահարները հավաքվում են Հեերշտրասե կոչվող կանգառում եւ անհամբեր սպասում են գնացքին: Հեերշտրասեն դեպի «Օլիմպիա» ստադիոն տանող երկաթուղու նախավերջին կանգառն է: Գնացքի ժամանելուն պես նրանք «հարձակվում» են գնացքի վրա, եւ …ում բախտը բերեց՝ տեղ կգտնի: Մյուսներն այլ կերպ են իրենց ճարը տեսնում. «Ի՞նչ արած, ոտքով կգնամ, հեռու չէ, մեկ էլ տեսար, ուշացա»,- ասում է Գերմանիայի բնակիչ, ազգությամբ թուրք Հասանը: Բրազիլիայի դրոշը ձեռքին` նա դուրս է գալիս կայարանից, իսկ իր հետեւից էլ՝ երգող եւ ծափահարող ամբոխը:
Տեսարան քաղաքում
Ինչ սկսվել է ֆուտբոլի առաջնությունը, խանութներն ավելի երկար են աշխատում, իսկ հերթերը երբեմն դուրս են գալիս դրամարկղի համար նախատեսված սահմաններից: Նշեմ, որ Գերմանիայում առհասարակ խանութներն աշխատանքային օրերին մինչեւ երեկոյան ժամը ութն են աշխատում, իսկ կիրակի օրերին ընդհանրապես փակ են: «Ուլրիխ» կոչվող խանութը միակ խանութն է Ցոոլոգիշեր Գարտենի շրջակայքում, որ աշխատում է մինչեւ ժամը 11:00-ն: «Մարդիկ հիմնականում ալկոհոլային խմիչքներ են գնում»,- ասում է վաճառողուհի Գիզելան: Նա իր գործում այնքան է հմտացել, որ արդեն աներեւակայելի արագությամբ է շարժում ձեռքերը` վերցնում ապրանքը, գրանցում գինը եւ մի կողմ դնում:
Մարդկանց քանակը նկատելիորեն ավելացել է, երթեւեկության «կարմիր լույս» ազդանշանի խախտողների թիվը՝ նույնպես: Նույնիսկ օրինապահ գերմանացիների շարքերում է խախտողների թիվը շատացել: «Գեդեխտնիս կիրխեի» (թարգմանաբար՝ «Հիշատակի եկեղեցի») շուրջ վրաններ են խփված, ուր մարդկանց անցուդարձը հիշեցնում է երեւանյան կիրակնօրյա «վերնիսաժը»: Փողոցում հնչող երաժշտությունը լավ տրամադրություն է ապահովում: Բեռլինյան ապխտած նրբերշիկի՝ «Քարի Վուրստ»-ի հոտը երբեմն-երբեմն անցորդների ուշադրությունը հեռուստաէկրաններից շեղում է: Յուրաքանչյուր սրճարանում, ամեն քայլափոխի հեռուստացույց է տեղադրված եւ նույնքան ոստիկաններ, որոնք հոգ են տանում կարգ ու կանոնի պահպանման համար: Ֆուտբոլային որեւէ թիմի խփած գոլի մասին իմանալու համար պարտադիր չէ հետեւել խաղի ընթացքին. մարդկանց հրճվանքի ձայնի մի մեծ ալիք է տարածվում ողջ քաղաքով մեկ:
Անգամ ուշ երեկոյան, երբ ֆուտբոլի վերջին խաղն արդեն ավարտվել է, քաղաքը չի հանդարտվում: Ֆուտբոլի ֆանատները` ազգային դրոշը խորհրդանշող շալերով փաթաթված, մյուսները` համապատասխան գույների գլխարկներով, զբոսնում են քաղաքով մեկ եւ երգում: Կայարանների մութ անկյուններում գոյացած ալկոհոլի դատարկ շշերը քամին այս ու այն կողմ է տանում` չխանգարելով հարբած մուրացկանների քունը:
Տեսարան հանրակացարանում
Եթե ճաշը վառվել է, ապա մեղքը ֆուտբոլինն է: Հեերշտրասեում գտնվող ուսանողների հանրակացարանում վրաց ուսանողուհի Մագան նստած է հեռուստացույցի առջեւ եւ ֆուտբոլ է դիտում: Չափազանց հետաքրքիր է խաղը Գերմանիայի եւ Շվեդիայի միջեւ, իսկ գոլ խփելու պահը նա չէր ուզում բաց թողնել:
«Ես շատ եմ սիրում ֆուտբոլ եւ միշտ Գերմանիայի կողմից եմ: Հուսով եմ՝ Գերմանիան կդառնա աշխարհի չեմպիոն»,- ասում է նա: Մինչ այդ Բրանդենբուրգյան դարպասների մոտ ասեղ գցելու տեղ չկա: Մոտ մեկ միլիոն մարդ կանգնած է Բրանդենբուրգյան դարպասների մոտ տեղակայված հսկա էկրանի առջեւ: Բոլորը, նույնիսկ Բեռլինի թուրքերը կրում են Գերմանիայի դրոշի գույները, ամենուր գերմանական դրոշներ են երեւում՝ լուսամուտից կախված, մեքենաների վրա, սրճարաններում, խանութներում:
Ֆուտբոլի առաջնությունը լրիվ փոխել է նաեւ ուսանողների առօրյան: Այժմ նրանք բոլորը ժամը երկուսից սկսած տանն են, որովհետեւ երեքին խաղն է սկսվում: Սառնարանը լիքն է, սակայն դատարկվում է առաջին խաղակեսից հետո: Իսպանացի ուսանող Աբիլի սենյակը կարելի է ճանաչել պլակատից, որը նա փակցրել է իր դռանը, որի վրան Իսպանիայի թիմի նկարն է: «Զարմացած եմ, որ Իսպանիան Ուկրաինային հաղթեց: Սովորաբար նրանք այդքան ուժեղ չեն: Բայց շատ ուրախ եմ: Տրամադրությունս հազար է»,- ասում է նա: Չինացի Գուանձեն անընդհատ հյուրեր ունի: Նրանք չորս ընկերներով բարձրաձայն խաղն են քննարկում: «Չինաստանում ֆուտբոլն այնքան էլ տարածված չէ: Բայց ես շատ եմ սիրում այն դիտել: Հուսով եմ, Արգենտինան կհաղթի»: Իսկ ապագա ինժեներ Լեն` Վիետնամից, իր բոլոր դասերը մի կողմ է դրել: «Քանի դեռ առաջնությունն է»,- ասում է նա: Ստորագրություններ է հավաքում: Այդ նպատակով` նա իր համար երկու գնդակ է գնել եւ վրան արդեն տասնհինգ ֆուտբոլիստների ստորագրություն ունի` այդ թվում ուկրաինացի հայտնի ֆուտբոլիստ Անդրեյ Շեւչենկոյից եւ գերմանացի Յուրգեն Կլինսմանից: «Հետո, երբ թոռներ կունենամ, թող տեսնեն, որ ես այս նշանակալից իրադարձությանը ներկա եմ եղել»,- հպարտորեն ասում է նա:
Տեսարան Բրանդենբուրգյան դարպասների մոտ
«Իմ տատիկը ոչ մի խաղ բաց չի թողնում: Ոչ, ոչ, նա ֆուտբոլի սիրահար չէ: Պարզապես նա հույս ունի տեսնել ինձ հեռուստացույցով. այդ իսկ պատճառով ֆուտբոլի առաջնությունն ինձ համար նաեւ անձնական մի բան է»,- ասում է ուկրաինացի լրագրողուհի Օլգան: Նա փաթաթվել է Ուկրաինայի դրոշով, վարսերի վրա դեղին-կապույտ զարդանշան է կրում, իսկ ձեռքին՝ ներկեր: Զգուշորեն եւ կենտրոնացած նա երկու գիծ է նկարում իր գործընկերուհու այտին:
«Ես Ռուսաստանից եմ, բայց Ուկրաինայի հավաքականի երկրպագուն եմ: Նրանք իմ ընկերներն են, եւ, հույս ունեմ, որ կհաղթեն»,- ասում է Յուլյան: Հազարավոր ֆուտբոլի սիրահարներ հավաքվել են Բրանդենբուրգյան դարպասների մոտ եւ հետեւում են խաղին: Նաեւ կան ուսանողներ Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից: Նույնիսկ Խաղաղ օվկիանոսյան փոքր կղզի Բոնուկայից են եկել Ուկրաինայի հավաքականին երկրպագելու:
«Ինչ սկսվել է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, քաղաքը տոնակատարության մեջ է: Ամեն ինչ հիանալի է, շատ լավ կազմակերպված, այնպես, ինչպես պետքն է, տեղը տեղին»,- ասում է անգլերեն բանասիրության բաժնի ուսանող Հրայր Վանեսյանը: Այդ կարծիքին միայն Հրայրը չէ: Դրանում համոզված են բոլոր ներկաները, այդ թվում` «Միջավայրի պահպանություն» առարկան ուսումնառող Հեուաթը՝ Բոնուկայից. «Տրամադրությունն ուղղակի հիանալի է, իսկ մթնոլորտը հաճելի: Ամեն օր կարծես նոր տոն լինի»:
Գերմանիա-Երեւան
Լուս. հեղինակի