Միավորում հանուն հանրապետականի

30/06/2006

Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, առաջիկայում «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությունը լուծարվելու է, իսկ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն անդամակցելու է ՀՀԿ-ին։ Բայց դատելով ամեն ինչից, ՀՀԿ-ի համալրումը սրանով չի սահմանափակվելու. մի շարք հայտնի գործարարներ եւ քաղաքական գործիչներ նույնպես կամ անդամագրվելու են ՀՀԿ-ին, կամ, համենայն դեպս, աշխատելու են այդ կուսակցության օգտին։ Փաստորեն, ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստանի» միջեւ արտաքուստ ձեւավորված հավասարակշռությունն ակնհայտորեն խախտվում է հօգուտ ՀՀԿ-ի։ Ակնհայտ է նաեւ, որ ՀՀԿ-ի այսօրինակ բուռն համալրումն իրականացվում է Սերժ Սարգսյանի համաձայնությամբ ու աջակցությամբ:

Զարմանալին այն է, որ այս օրերին, երբ միջազգային հանրությունը ղարաբաղյան կարգավորման փաստաթուղթ ստորագրելու վերջնագիր է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին, այս կուսակցությունները, որոնք հավակնում են լուրջ դերակատարում ունենալ Հայաստանի զարգացման գործընթացում, բոլորովին այլ խնդրով են զբաղված: