Զորահանդես

30/06/2006 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

«Ժամանակ-Երեւան» օրաթերթի խմբագիր Արման Բաբաջանյանի ձերբակալությունն, իհարկե, ողբերգություն չէր, բայց ցավալի էր։ Ցավալի էր երկու տեսանկյունից։ Առաջինը, որ մեր իշխանությունները ոչ մի կերպ չեն հանդուրժում այլակարծությունը, եւ հարմար առիթ գտնելու դեպքում կարող են ձերբակալել բոլոր անցանկալի խմբագիրներին ու լրագրողներին, երկրորդը՝ մեր խմբագիրները, լրագրողներն ու քաղաքական գործիչները դեռ չեն հասկանում, որ ընդդիմադիր եւ այլակարծ լինելու համար պետք է լինել անբիծ, որ դա անհրաժեշտ է ոչ միայն իրենց, այլեւ ընդդիմադիրների ու այլակարծների ամբողջ հանրությանը։

Բանակում ծառայելուց խուսափելն արտառոց բան չէ մեր հասարակության համար։ Տասնութը լրացած ամեն տղա անգիր գիտե դրա ձեւերն ու հատկապես գները, ուրիշ բան, որ ոչ բոլորին է հաջողվում խուսափել Հայրենիքի հանդեպ ունեցած սրբազան պարտքը կատարելուց։ Մեկը ծանոթ չի գտնում, մյուսը՝ փող չի ճարում, երրորդը` փողը ճարում է, բայց տեղ հասցնելու ուղին չի գտնում, եւ այսպես հայտնվում են հավաքակայանում։

Եթե զինվորական ծառայությունից խույս տված մեկ, երկու, տասը, քսան մարդ հավաքվեն ու հայտարարություն անեն խուսափելու պատճառների մասին (իսկ դրանք մեր բանակում քիչ չեն), մեծ օգուտ կտան ոչ միայն բանակին, այլեւ մեր պետությանն ու հասարակությանը։ Մարդիկ կհասկանան, որ կան սրբազան պարտքը կատարելու անհաղթահարելի խոչընդոտներ, եւ դրանք վերացնելու ուղիներ կփնտրեն։ Այսինքն՝ ինչպես մեր արեւմտյան բարեկամներն են ասում, կկայացնեն քաղաքացիական հասարակությունը։

Բայց երբ զինվորական ծառայությունից խույս տված մեկ, երկու, տասը, քսան մարդ չեն հավաքվում ու հայտարարություն չեն անում խուսափելու պատճառների մասին, դա չի նշանակում, որ պատճառներ չկան, այլ նշանակում է, որ խուսափում են բոլորովին էլ ոչ այդ պատճառների պատճառով։ Խուսափում են, որովհետեւ չեն հարգում իրենց պետությունն ու օրենքը։ Իսկ չեն հարգում իրենց պետությունն ու օրենքը, որովհետեւ չհարգելու բազմաթիվ պատճառներ կան։ Եվ հայտարարություններ չեն անում այդ պատճառների մասին, որովհետեւ չեն հավատում, որ դրանք կվերանան։ Իսկ չեն հավատում դրանց վերացմանը, որովհետեւ իրենք էլ մասնակցում են այդ պատճառների ավելացմանը։

Ավելի հեշտ է հայեցողի դիրքից մտորել հայրենի երկրում ստեղծված իրավիճակի շուրջ՝ հարցեր տալ եւ անհամբերի կեցվածք ընդունած պատասխաններ ակնկալել։ Այսպես մի հանրահայտ մտավորական (անունը չեմ նշում հումանիստական նկատառումներով) հոնքերից մեկը խիստ բարձրացրած հարցնում էր, թե ո՞ւր ենք հասել, որ հայ երիտասարդը չի ուզում ծառայել հայոց բանակում։ Ես նրան ճանաչում եմ ու գիտեմ, որ ղարաբաղյան շաժումից անմիջապես հետո նրա զավակները չվեցին տաք երկրներ ու մինչեւ հիմա այնտեղ են։ Շարքային ընթերցողը չգիտե ու կարդալով հալվում է մտավորականի սրտացավությունից։ Մարդու «ընտանեկան ողբերգությանը» տեղյակ են մեկ էլ նրանք, ում մտավորականն իր հարցերն է ուղղում։ Նրանք գիտեն ու կարդալով քմծիծաղ են տալիս ու սպասում, թե ե՞րբ է չափն անցնելու։

Հայրենադարձ մեկն էլ մի օր մատչելի լեզվով տհաս բնիկներիս բացատրում էր, որ արտագաղթողները հայրենիքից չեն հեռանում, այլ՝ իշխող կարգերից, եւ այդուհանդերձ հայրենիքը միշտ պետք է գրկաբաց սպասի նրանց, ովքեր հայոց պատմության մի որոշակի ժամանակահատվածն անցկացրել են Ամերիկայում կամ Եվրոպայում։ Նրա կարծիքով` հայրենիքը պետք է ուշադիր ու հոգատար լինի իր նման հայրենաբաղձ մարդկանց նկատմամբ, որովհետեւ երկրից հեռանալը պրոցեդուրա է, իսկ հետ գալն անկասկած՝ սխրանք։ Այսօրինակ մարդկանց զայրացնում է, որ իրենց սփյուռքահայի տեղ դնելով` կարող են ինչ-որ բան թանկ վաճառել, բայց եթե նրանց հասցեով սխալմամբ ծանուցագիր գա զինկոմիսարիատից, լեղապատառ կվազեն սրա-նրա աչքը խոթելու արտասահմանյան քաղաքացիության վկայականը։

Հիմա, եթե ես լինեի «Ժամանակ-Երեւան» թերթի խմբագրի փաստաբանը՝ մի կողմ թողնելով ազատ խոսքի ճնշման լյալյա-լյուլյուն, կվերցնեի կասկածյալի ինքնախոստովանական ցուցմունքը (եթե այն իսկապես կա) ու կսկսեի հարցեր ուղղել իշխանություններին եւ հասարակությանը՝ պարզելու համար` արդյոք մեղավո՞ր է կասկածյալը։

Հարց N 1։ Ի՞նչ տարբերություն կա կասկածյալի եւ, ասենք, դաշնակցական գործիչ Կիրո Մանոյանի միջեւ, եթե երկուսն էլ չեն ծառայել հայոց բանակում եւ երկուսն էլ՝ դրսից գալով, Հայաստանում զբաղվում են հրապարակային գործունեությամբ։

Հարց N 2։ Ի՞նչ տարբերություն կա կասկածյալի եւ հանրահայտ մտավորականի միջեւ, եթե առաջինը փաստաթղթեր է կեղծել զինվորական ծառայությունից խուսափելու համար, իսկ երկրորդի որդին զինվորական ծառայությունից խույս է տվել մինչեւ բանը կհասներ փաստաթղթեր կեղծելուն։

Հարց N 3։ Ի՞նչ տարբերություն կա կասկածյալի եւ կառավարության անդամների զավակների միջեւ, եթե առաջինը խուսափել է փաստաթղթեր կեղծելով, իսկ երկրորդները՝ գրանցվելով շտաբային գրասենյակներում, պարտադիր զինվորական ծառայություն են անցնում տանը, սրճարանում, գիշերային ակումբում եւ այլուր։ Հարցրեք նախարարությունում աշխատող ձեր ծանոթներին, եւ նրանք կհիշեն բոլորին անուն առ անուն։

Հարց N 4։ Երբ այս կամ այն պաշտոնյայի որդուն, եղբորորդուն կամ փեսային՝ գիտելիք ու փորձառություն չհարցնելով, նշանակում են բարձր պաշտոնների, հաշվի առնո՞ւմ են հայոց բանակում ծառայած լինելը, թե՞ ոչ։ Այսինքն՝ մեր պետության համար բանակում ծառայած լինելը պատվի՞ հարց է, թե՞ անկետային տվյալ։

Հարց N 5։ Եթե Արման Բաբաջանյանին դատապարտեն ազատազրկման կամ ժամանակավոր պահման մեկուսարանից պարզապես ուղարկեն ծառայության, կհաղթանակի արդարությո՞ւնը, թե՞ դա կլինի մյուս անարդարությունները ծածկելու ապաշնորհ փորձ։

Եվ վերջին հարցը։ Եթե Երեւանի թաղամասերից մեկում եւս մեկ արյունոտ հաշվեհարդար լինի, որին զոհ գնան անմեղ, միանգամայն անմեղ անցորդներ, եւ հետաքննության բոլոր թելերը տանեն դեպի իշխանական վերնախավ, խմբագիրներից ու լրագրողներից էլ ո՞ւմ պիտի ձերբակալեն եւ ինչո՞ւ՝ ալիմենտ չվճարելո՞ւ, երթեւեկության կանոնները խախտելո՞ւ, թե՞ պատահմամբ բաց մնացած ծորակից հարեւանի տունը ողողելու համար։ Նույն պահի՞ն, թե՞ անցած ժամանակով։