Հայերը միշտ հպարտանում են իրենց հազարամյա պատմությամբ, սակայն, ի տարբերություն այլ ազգերի, մենք հաճախ գերադասում ենք անդրադառնալ այդ պատմության մշակութային էջերին, քան, ասենք, հերոսական: Սա եւս ունի իր բացատրությունը` հերոսական էջերով առանձնապես պարծենալու բան չունենք:
Որո՞նք են այս իրողության պատճառները: Շատերն այսօր փորձում են արդարացնել մեր պետության այսօրվա իրավիճակը` պետականության պատմական «շկոլա» չունենալով: Բոլորին է հայտնի «դե, հազար տարի պետականություն չենք ունեցել, դրա համար էլ մենք այսպիսին ենք» ֆրազը: Իմ կարծիքով` վերոնշյալ արտահայտությունը ընդամենը «ատմազկայա»` մենք այդպիսին ենք, դրա համար էլ հազար տարի պետականություն չենք ունեցել: Այո, մենք «ներսում մարդ ենք ճղում», իսկ դրսում «կուռկուռի ձագ ենք դառնում», կամ «կզում ենք» (ինքներդ ընտրեք ձեւակերպումը, ըստ ճաշակի): Օրինակներ ինչքան ուզեք: Վերջին տարիներին արտասահման մեկնած հայերը, որոնք մեծ հաճույքով աղբը թափում էին Երեւանի փողոցներում, կաշառք էին տալիս պետավտոտեսուչից մինչեւ բուհի ընդունող հանձնաժողովի անդամին, գիշերվա երեքին բակերում իրար հետ «շփվում էին» Բոշ ազդանշաններով, ոչ մի պայմանով նույնը չեն կրկնի ԱՄՆ-ում, Ռուսաստանում կամ Եվրոպական որեւէ երկրում (Իհարկե, Ռուսաստանում կաշառք կշարունակեն տալ, որովհետեւ մենթալիտետային ինչ-որ առանձնահատկություններ նույնն են): Ապրիլի 12-ի գիշերվա իրադարձությունները «վարդեւոր» անվանած եւ իրավապահ մարմիններին շնորհակալություն հայտնած պատգամավորները, որպես հայկական լիբերալիզմի «կղզյակ», հատուկ մեկնում են Ուկրաինա` ողջունելու «գունավոր հեղափոխություն» իրականացնողներին: Նացիոնալ-սոցիալիստները Եվրախորհրդում ներկայանում են իբրեւ դեմոկրատական արժեքների սկզբնաղբյուր: Ստացվում է, որ համաշխարհային հանրության մոտ հայերը երկակի խաղ են խաղում բոլոր մակարդակներով` կենցաղայինից` մինչեւ քաղաքական, ընդ որում, բավականին անտաղանդ: Իսկ տեղեկատվությամբ հագեցած այս դարում դժվար է նման պարզունակ ձեւով խաբել «աշխարհիս ուժեղներին»: Սակայն անգամ այս պարագայում վերոնշյալ «ուժեղները» մտադիր չեն մեզ «կզցնել», որովհետեւ դրա կարիքը չկա` մենք ինքներս ենք «կզում»: «Կզում» ենք, երբ ուզում են գազը թանկացնել, «կզում» ենք, երբ «վարսավիրները» մեզ հետ սկսում են անհարմար տոնով խոսել, «կզում» ենք, երբ կուսակցություն են փակում կամ «նամյոկ են անում», որ կփակեն, «կզում» ենք, երբ հազարամյակի մարտահրավեր են նետում, որ «Հազարամյակների մարտահրավերներ»-ի փողը չեն տա: Իսկ գիտե՞ք` ինչու ենք «կզում»: Որովհետեւ արդեն կազմված էր այն գրաֆիկը, թե ով որ պահին է «քավոր կայնելու Հազարամյակների մարտահրավերների հայկական փային»:
Ակամայից հիշեցի երեւանյան երիտասարդության մեջ շատ տարածված «վարսավիրդ հլը սաղ ա՞» արտահայտությունը: Մեթյու Բրայզայի վերջին հայտարարությունը շատ զայրացրեց մեր իշխանություններին: Ընդհանրապես մարդկային զայրույթն արթնանում է տարբեր դրդապատճառներից, այդ թվում նաեւ` անզորությունից: Տվյալ պարագայում տպավորությունն այնպիսին է, որ հենց անզորության պատճառով մեր իշխանությունները Բրայզային պատասխանեցին մանկական «դե որ այդպես է, ես էլ կգնամ մամայիս կասեմ» ոճով:
Երբ օրը ցերեկով խանութում կարող են անմեղ մարդ գնդակահարել, երբ բոլոր հայկական ձեռնարկությունները` սկսած նախարարություններից, վերջացրած իրենց շատ լուրջ համարող կազմակերպություններով, օգտագործում են «Մայքրոսոֆթի» չարտոնագրված ծրագրերը, իսկ «ուժեղիկ» հեռուստատեսությունների մեծամասնությունն աջ ու ձախ ցուցադրում է չարտոնագրված ֆիլմեր եւ հաղորդումներ, երբ կուսակցություններն ու քաղաքական գործիչներն աշխատում են «փողի մուննաթ» սկզբունքով, երբ մենաշնորհը դառնում է «Կովկասյան վագրի» տնտեսության հիմքը, երբ մարդիկ կուսակցական են դառնում, որովհետեւ այդպես է հրահանգված, երբ հոլանդական մենթալիտետը փաթաթվում է իրենց հայ տղամարդ համարող «կնոպկա սեխմողների վզին», գալիս է «կզելու» ժամանակը:
Իսկ ես լավատես եմ, ու գտնում եմ, որ մենք չենք «կզում» ու առավել եւս մեզ չեն «կզցնում»: Ուղղակի այնպես է ստացվել, որ ազգի «կզող» հատվածն այսօր «պերյոդ ա ընկել»: Բայց չէ՞ որ մեր մեջ կան նաեւ հաղթողներ եւ անհաղթներ: Եթե այդպես չլիներ, այսօր պարոն Բրայզան մեզանից ուզելու բան չէր ունենա: Եվ եթե մենք աշխարհում շախմատային թիվ մեկ տերությունն ենք, չի կարող պատահել այնպես, որ քաղաքականությունում պարտվենք: Չէ՞ որ քաղաքականությունն էլ խաղ է, ընդ որում, ոչ պակաս ինտելեկտուալ: Պրոբլեմը միայն այն է, որ մեր իշխանություններն առայժմ դա չեն հասկացել: