ԼՂ հարցի կարգավորմանը եւ, մասնավորապես, Մ. Բրայզայի հայտարարություններին երեկ անդրադարձան նաեւ այսպես կոչված «դորտմունդյան կոնֆերանսում» Հայաստանի ներկայացուցիչներ` Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը, Սահմանադրական իրավունք միության (ՍԻՄ) փոխնախագահ Հայկ Բաբուխանյանն ու մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Եվ եթե Լ. Ալավերդյանը խոսում էր հիմնականում խնդրի իրավական կողմից, Հ. Բաբուխանյանն էլ չէր հասկանում, թե ինչո՞ւ ԼՂ-ն գոնե դիտորդի կարգավիճակով չի մասնակցում չճանաչված պետությունների համաժողովներին, եւ թե ինչո՞ւ է Հայաստանը եւ Հայաստանի ազդեցության տակ գտնվող ԼՂ-ն պասիվ վերաբերվում ռուսական նախաձեռնություններին, ապա Արամ Գ. Սարգսյանը երեկ փորձեց շարունակել Մ. Բրայզայի արած բացահայտումների շարքը:
«Այս պահին, բանակցությունների փաստաթղթում ներկայացված են արդեն իսկ քարտեզագրված տարածքները, թե ինչ տարածքներ են, որոնք Հայաստանը պատրաստվում է հանձնել Ադրբեջանին: Արդեն կա քարտեզով նշված, թե որտեղ են տեղակայվելու, այսպես կոչված, խաղաղապահ ուժերը»,- պնդում էր Ա. Սարգսյանը, չնշելով, թե որտեղից են իրեն հասել այդ տեղեկությունները: Բրայզայի հայտարարություններից ՀԴԿ ղեկավարը եզրակացնում է, որ ԼՂ հարցում Հայաստանի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը «պարտվողական եւ դավաճանական» է: Իսկ ինչո՞ւ ադրբեջանական կողմը չի ընդունում ԼՂ հարցի լուծման` մեզ համար այդքան վատ տարբերակը: «Ադրբեջանը դեմ է, որովհետեւ ախորժակն ուտելիս է բացվում»,- բացատրում է ՀԴԿ ղեկավարը: «Նրանք հիմա ոչ միայն հինգ շրջաններն են պահանջում… Նրանք ուզում են յոթը, բայց համաձայնվում են այս պահին հինգ ու կեսին: Ես դա էլ եմ ուզում մանրամասնել, այսինքն` կեսն էլ այսօր Քելբաջարն է»,- մանրամասնում է Արամ Գ. Սարգսյանը: Ըստ նրա, եթե հայկական կողմը չի ներկայացնում տարածքների եւ փախստականների վերաբերյալ իր պահանջները, ապա Ադրբեջանն իր ախորժակը զսպելու պատճառ չունի: Նա երեկ նաեւ Ռոբերտ Քոչարյանից պահանջեց գաղտնազերծել Բրայզայի նշած շրջանակային համաձայնագրի բովանդակությունը: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ, անդրադառնալով Մ. Բրայզայի հայտնի հարցազրույցին, ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը նշել էր, որ եթե նման անկեղծացումները շարունակվեն, ապա Հայաստանը կհրապարակի վերջին 7-8 տարիներին ԼՂ բանակցային գործընթացում քննարկվող բոլոր փաստաթղթերը: Ինչեւէ, Ա. Սարգսյանը հավաստիացնում է, որ ԼՂՀ նախագահն այդ տարբերակին երբեւէ չի համաձայնի: Նա հիշեցրեց նաեւ ոչ մի թիզ հող չզիջելու մասին «Երկրապահ կամավորականների միության» ղեկավարների հայտարարությունները: «Ուստի իրավիճակն այնքան է սրվելու, որ մենք նորից ստանալու ենք 98 թվականի փետրվար, եւ դա ես համարում եմ ամենահավանական սցենարը: Կամ պարոն Քոչարյանը պետք է գնա աննախադեպ ռեպրեսիաների, որով կփորձի մեղմել այն հուժկու ալիքը, որը կբարձրանա այդ համաձայնագրերն իրականություն դարձնելու դեպքում»,- պնդում է ՀԴԿ նախագահը: Ըստ նրա, Բրայզայի հայտնի հարցազրույցը վկայում է, որ ԱՄՆ-ը «անցնում է նոր փուլի», ինչն էլ, Ա. Սարգսյանի գնահատմամբ, պայմանավորված է շտապողականությամբ, քանզի ժամանակը քիչ է, իսկ ԱՄՆ-ը տարածաշրջանում հետապնդում է հայտնի խնդիրներ: Արամ Սարգսյանը նկատի ունի Իրանի հարցը, որի համատեքստում ԱՄՆ-ը, Սարգսյանի գնահատմամբ, ցանկանում է տարածաշրջանում ապահովել ՆԱՏՕ-ի զորամիավորումների առկայությունը` ԼՂ հակամարտության գոտում խաղաղարարների տեղակայման միջոցով: «Այս պահին ԱՄՆ-ը ուղղակիորեն պետք է պարտադրի իրականացնել այն, ինչ իրենք կասեն: Կկարողանա՞ն դիմակայել: Ես շատ կասկածում եմ: Իմ կարծիքով` միակ ելքն այն է, որ պարոն Քոչարյանը հրաժարական տա եւ վերջապես թույլ տա, որ մենք այս ամբողջ եղած-չեղածը մի երկու տարով հետաձգենք, որպեսզի ընթացքում կարողանանք շտկել իրավիճակը: Այլ ճանապարհ ես ուղղակի չեմ տեսնում»,- հայտարարում է Ա. Սարգսյանը: Վերջինս նաեւ այն կարծիքին է, որ հակամարտության գոտում խաղաղարարների տեղակայումն անթույլատրելի է` անկախ դրանց կազմից: ՀԴԿ նախագահի կարծիքով` խաղաղարար ուժերը կսրեն իրավիճակը, եւ տարածաշրջանում կխախտեն ուժերի հավասարակշռությունը: Նա նաեւ հարկ համարեց ընդգծել հետեւյալը. «Թող ոչ մեկին չշփոթեցնի, որ ամառային ամիսներին կարող են մեծ իրադարձություններ չլինել: Շատ բնականոն ճանապարհով այդ ամեն ինչը զարգանում է, եւ արդյունքը կերեւա ավելի ուշ»:
Արամ Գ. Սարգսյանը երեկ նաեւ մանրամասներ հրապարակեց նախորդ շաբաթ Հայաստան այցելած ՆԱՏՕ-ի պատվիրակության այցի մասին: Ըստ այդմ, ՆԱՏՕ-ի 17 հոգանոց պատվիրակությունը եղել է Էներգետիկայի եւ Պաշտպանության նախարարություններում եւ այլ վայրերում: Սակայն ՀԴԿ ղեկավարի հրապարակած մանրամասները վերաբերում էին ԱԺ-ում տեղի ունեցած փակ կլոր սեղանին, որին մասնակցել են պաշտպանության ԱԱ եւ ՆԳ ու արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովների ներկայացուցիչներ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Ա. Սարգսյանը, ում խոսքերով էլ` ՆԱՏՕ-ի պատվիրակները պատգամավորներին բավական կոնկրետ եւ բաց տեքստով հարցեր են տվել: «Հինգ հստակ հարցադրում, որ նրանք արեցին` «կարո՞ղ եք մեզ բացատրել, թե ի՞նչ է նշանակում ձեր կոմպլեմենտար քաղաքականությունը»: Երկրորդ` «հաշվի առեք, Եվրամիություն եք ուզում մտնել, Եվրամիության ճանապարհը միայն ՆԱՏՕ-ով է», երրորդ` «դուք ումի՞ց եք վախենում ՆԱՏՕ-ում», չորրորդ` «չի կարելի մի ոտքով լինել ՆԱՏՕ-ում, մյուս ոտքով` մեկ այլ տեղ», եւ հինգերորդ` «դուք ո՞ւմ հետ եք, ՆԱՏՕ-ի՞, թե՞ Ռուսաստանի»: Սա հնչել է Երեւանում, եւ ես սա համարում եմ ուղղակի քաղաքական շանտաժ»,- նշեց ՀԴԿ ղեկավարը: