Առաջարկվում է նոր պատերազմ

30/06/2006 Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի բացահայտած ծրագիրը բուռն արձագանքներ առաջացրեց եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում։ Հայաստանում, իհարկե, ավելի շատ, որովհետեւ Բրայզայի «մեսիջն» ավելի շատ մեզ էր ուղղված։

Որպեսզի հասկանանք, թե ղարաբաղյան խնդրի կարգավորման ինչ ծրագիր են առաջարկում ամերիկացիները, մի պահ պատկերացնենք, թե ներկայացված փաստաթուղթը ստորագրվել է եւ քայլ առ քայլ իրականացվում է։ Ինչպե՞ս կզարգանան իրադարձություններն այդ դեպքում։ Գործնականում տեղի կունենա մոտավորապես հետեւյալը։ Հայկական զորքերը դուրս կբերվեն հինգ շրջաններից (Աղդամ, Ֆիզուլի, Ջեբրայիլ, Ղուբաթլի եւ Զանգելան), այդ տարածքներում կտեղաբաշխվեն միջազգային խաղաղարար ուժեր, եւ ադրբեջանցի փախստականները կվերադառնան։ Այդ ընթացքում Ղարաբաղին կտրվի միջազգայնորեն ճանաչված ժամանակավոր կարգավիճակ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները փոքր-ինչ կնորմալանան, եւ այլն։ Հետո ադրբեջանցի փախստականները կսկսեն վերադառնալ բուն Ղարաբաղ (Շուշի, Մարտակերտի շրջան եւ այլն), եւ քանի որ հանրաքվեի խնդիր կա, կվերադառնա անհամեմատ ավելի շատ մարդ, քան հեռացել է 1992-ին։ Ղարաբաղի իշխանությունները, բնականաբար, կփորձեն կանխել դա, տեղի կունենան զինված բախումներ, եւ պատերազմը կվերսկսվի։ Բայց` արդեն Ադրբեջանի համար խիստ բարենպաստ պայմաններում (նրանք խաղաղ ճանապարհով վերադարձրած կլինեն հինգ շրջանները)։ Ընդ որում, միջազգային խաղաղապահ ուժերն առանձնապես չեն միջամտի, թեեւ կարձանագրեն, որ մեղավորն այնուամենայնիվ ադրբեջանցիներն են, եւ միջազգային հանրության համակրանքը մեր կողմը կլինի։

Այլ կերպ ասած, կստեղծվի ճիշտ եւ ճիշտ նույն իրավիճակը, որը 1992-ին էր։ Այն ժամանակ էլ Ղարաբաղը շրջապատված էր ադրբեջանաբնակ տարածքներով, իսկ միջազգային հանրության համակրանքը Ղարաբաղի կողմն էր։ Այն տարբերությամբ, որ Ադրբեջանն այն ժամանակ բանակ չուներ, իսկ հիմա ունի։

Եթե ամփոփելու լինենք ասվածը, կստացվի, որ ամերիկացիներն այսօր բանակցությունների սեղանին են դրել մի ծրագիր, որն անխուսափելիորեն հանգեցնելու է պատերազմի վերսկսման (եւ իրենք դա շատ լավ հասկանում են)։ Թե ինչու են ամերիկացիներն այդպես վարվում` նույնպես հասկանալի է։ Նրանք ուզում են, որ Հարավային Կովկասում վերջնական խաղաղություն հաստատվի, եւ Բաքու-Ջեյհան նավթամուղն օրական մեկ միլիոն բարելով նվազեցնի Ռուսաստանի միջազգային հեղինակությունը։ Բայց վերջնական խաղաղությունը համառորեն չի հաստատվում, եւ դրա հիմնական պատճառը պատերազմի արդյունքներն են։ Ամերիկացիներն այստեղ երկու ճանապարհ ունեն. կամ կողմերին (տվյալ դեպքում` Ադրբեջանին) ստիպել ընդունել պատերազմի արդյունքները, կամ այդ արդյունքները փոխել (այսինքն` հրահրել նոր պատերազմ եւ ունենալ նոր արդյունքներ)։ Դատելով Բրայզայի հայտարարություններից, վերջին շրջանում ամերիկացիները նախապատվությունը տալիս են երկրորդ տարբերակին։ Ընդ որում, սա անում են բացահայտ։ Լավ իմանալով, որ Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը թիվ մեկ խնդիր է համարում հայերի ոչնչացումը, ամերիկացիները պահանջում են նախքան Ղարաբաղի կարգավիճակի ճշտումը հայկական զորքերը ետ քաշել եւ տարածաշրջանն ապառազմականացնել։

Իսկ ի՞նչ պիտի անեն այս պարագայում Հայաստանի իշխանությունները։ Քոչարյանի նկատմամբ հասարակության եւ քաղաքական ուժերի վերաբերմունքն այս պահին էական չէ, որովհետեւ չափազանց շատ բան է վտանգված, եւ, կոպիտ ասած, մեղավորներ փնտրելու եւ իրար մեղադրելու ժամանակը չէ։ Նրա քաղաքականության «հաղթողականությունը» ծաղրելն ու չարախնդալն անիմաստ է. ծանր վիճակում ոչ թե Քոչարյանն է հայտնվել, այլ բոլորս միասին։ Հետեւաբար, բոլորս միասին պիտի մտածենք, թե ինչպես ենք դուրս գալիս այս վիճակից։

Բայց ամենացավալին հենց այն է, որ Հայաստանն այսօր անելու քայլ չունի։ Ինչ էլ անի` վնաս է լինելու։ Ստորագրել «շրջանակային համաձայնագիրը»` նշանակում է` առանց որեւէ իրական փոխհատուցման վերադարձնել հինգ շրջան եւ նոր պատերազմի մեջ մտնել։ Չստորագրել համաձայնագիրը` նշանակում է` շարունակել մնալ տարածաշրջանում Ռուսաստանի ֆորպոստը, թշնամական հարաբերություններ ունենալ բոլոր հարեւանների հետ եւ, ի վերջո, դառնալ «իզգոյ» երկիր (ինչն, ի դեպ, ամենեւին չի նշանակում, թե կկարողանանք պահել Ղարաբաղը, որովհետեւ մի գեղեցիկ օր Ռուսաստանը կարող է «հարմար գներով» նաեւ մեզանից հրաժարվել, ինչպես հրաժարվել է, ասենք, Սերբիայից)։ Ձգձգել բանակցությունները եւ փորձել այդ ընթացքում նորից դառնալ «ժողովրդավարության կղզյակ»` չի ստացվի։ Նախ, որովհետեւ այս իշխանությունները զուտ ֆիզիկապես ի վիճակի չեն ժողովրդավարություն ապահովել, եւ երկրորդ` միջազգային հանրությանը դա այլեւս չի հետաքրքրում. նրանք արդեն որոշել են, թե մեզանից ով պիտի լինի ժողովրդավարը, եւ ով` ժողովրդավարության հետ պրոբլեմներ ունեցողը։

Այնպես որ, Հայաստանի իշխանություններն ընտրել են միակ հնարավոր գործելակերպը։ Այն է` բացարձակապես ոչինչ չանել եւ սպասել իրադարձությունների հետագա զարգացմանը։ Ի դեպ, ոչ միայն իշխանություններն են ընտրել այս գործելակերպը, այլեւ ընդդիմությունը։ Բայց սա արդեն ուրիշ պատմություն է։