Մեկ ազգ, մեկ մայրաքաղաքային մշակույթ

30/06/2006 Արա ԳԱԼՈՅԱՆ

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային երկրորդ փառատոն։ Համարյա հնչեղ է ու վեհ։ Ոչ թե այն պատճառով, որ պետական բյուջեից 117 մլն դրամ է հատկացված այս միջոցառմանը։ Ոչ էլ այն պատճառով, որ երկրորդն է։ Մասնակիցների թիվը մոտ 2 հազար է` Հայաստանից եւ Սփյուռքից։ Միջոցառման արարողություններն անցկացվում են մայրաքաղաքի բոլոր շքեղ հանդիսասրահներում ու թատրոններում։ Ղազախստանից, Սիրիայից, Ֆրանսիայից ու այլ երկրներից եկած հայկական մշակութային խմբերը, անհատները երգ ու պարի հնարավորություն ունեն Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Սփյուռքահայ կատարողներին սա հարկավ կոգեւորի։ Սակայն միջոցառումները սակավ հետաքրքիր են մայրաքաղաքի հանդիսատեսի համար։ Իսկապես դժվար է պատկերացնել, որ Հայաստանի ամենախստապահանջ` մայրաքաղաքային հանդիսատեսը կոգեւորվի սփյուռքի սիրողական որեւէ խմբի համերգին ներկա գտնվելու առաջարկով։ Առաջին փառատոնը նույնպես մայրաքաղաքում էր անցկացվել։ Հետեւաբար դժվար չէր ենթադրել, որ երկրորդ (ու հաջորդ) փառատոներն ավելի ու ավելի պակաս հետաքրքրության են արժանանալու։ Զուտ այդ պատճառով ենթադրելի էր, որ միջոցառման կազմակերպիչները կփորձեն խուսափել ամեն ինչ մայրաքաղաքում կազմակերպելու գաղափարից։ Հայաստան ժամանող սփյուռքահայի համար միայն մայրաքաղաքը չէ, որ հետաքրքիր է։ Փառատոնի կազմակերպիչներն իհարկե սա գիտեն եւ փորձել են ստեղծագործական պատվիրակությունների էքսկուրսիա-այցելություններ կազմակերպել մարզեր։ Ընդամենը էքսկուրսիա ու վերջ։ Մինչդեռ կարելի էր ամբողջ միջոցառումն անցկացնել որեւէ մարզում։ Ինձ թույլ կտամ ենթադրել, որ այս դեպքում այն իսկապես համազգային բնույթ կունենար ու կանցներ ավելի ջերմ ու ոգեւորող մթնոլորտում։ Ոգեւորված կլինեին եւ Սփյուռքից եկած ստեղծագործական խմբերը, եւ տվյալ մարզի հանդիսատեսը։ Նրանք երեւանյան ստեղծագործական խմբերի համերգները հյուրընկալելու հնարավորություն չունեն։ Կազմակերպիչներն իհարկե կարող են հակադարձել, թե այս կարգի ու մասշտաբի միջոցառման համար ոչ մի մարզ անհրաժեշտ ենթակառուցվածքներ չունի։ Իսկապես, եթե այս կերպ մտածենք, ոչ մի մարզ էլ երբեւէ ենթակառուցվածք չի ունենա։ Բայց եթե հիշենք զուտ բյուջետային 117 մլն դրամը, կհասկանանք, որ մայրաքաղաքային շքեղ հանդիսասրահներ վարձակալելու փոխարեն կարելի է այդ գումարով նորոգել մարզկենտրոնների մշակույթի տները։ Սփյուռքից ժամանող մեր հայրենակիցներն էլ կտեսնեն, որ հայրենիքը Գառնի-Գեղարդ-Ծաղկաձորով չի սահմանափակվում։ Կտեսնեն, որ Գորիսն ու Իջեւանն էլ գեղեցիկ են։ Ճիշտ է, հնարավոր է արձանագրեն, որ Գորիսն ընդամենը 4 ժամ ջուր ունի` 2 ժամ առավոտյան, 2 ժամ երեկոյան։ Բայց դժվար է միանշանակ պնդել, որ այդ փաստի արձանագրումը նրանց պակաս հայրենասեր կդարձնի։ Ի վերջո, նրանք բոլորը չէ, որ որեւէ բրոդվեյից են ժամանել։ Այլապես Երեւանի հանրապետության հրապարակը դարձել է սովորական շինհրապարակ։ Մի քանի օր առաջ շրջանավարտների պատվին էր բեմահարթակ սարքվում ու քանդվում։ Հիմա` «Մեկ ազգ, մեկ մշակույթի» փառատոնի փակման հանդիսավոր արարողության համար։ Դժվար չէ պատկերացնելը, թե այդ միջոցառումը որքան ոգեւորությամբ կանցներ նույն Իջեւանի կենտրոնական հրապարակում։ Իսկ մայրաքաղաքում այն վերածվելու է հերթական ու շարքային միջոցառման։ Միջոցառում, որ շարունակելու է կրել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» տարօրինակ անունը։ Ցանկացած բացատրական բառարանի ազգ տերմինի սահմանման մեջ նշված է, որ ազգն այն հանրույթն է, որ մեկ (միասնական) մշակույթ ունի։ Թե ինչու են միջոցառման կազմակերպիչները կասկածում, որ մենք` հայերս, միասնական (մեկ) մշակույթ ունենք, պարզ չէ։ Նրանք հավանաբար ձգտում են, որ մենք` աշխարհասփյուռ հայերս, ունենանք մեկ` մայրաքաղաքային մշակույթ։ Այս ձգտումն էլ հանգեցնում է նրան, որ սփյուռքի ինքնագործ խմբերը համերգային ծրագրերով հանդես են գալիս Հայաստանի մշակութային ամենաբարձր բեմերում։ Փառատոնի կազմակերպիչներն իհարկե կարդարանան, որ այդ մշակութային օջախները վաղուց արդեն տաճար չեն։ Այնտեղ վաղուց իրենց միջոցառումներն են անցկացնում բուռչոներ ու արամներ։ Բայց ընդունեք, որ սա թույլ արդարացում է։ Նույնիսկ նրանց համար, ովքեր մեկ ազգ տեսնելով` կասկածում են միասնական մշակույթ ունենալու վրա։ Ի վերջո, կարելի է գրել կազմակերպիչների եւս մեկ լուրջ բացթողման մասին։ Առանձնահատուկ շնորհք էր պետք որեւէ միջոցառման համար այսքան անհարմար ու անհաջող ժամանակացույց կազմելու համար։ Փառատոնը սկսվել է հունիսի 23-ին եւ կավարտվի 30-ին։ Ճիշտ ու ճիշտ այն պահին, երբ ընթանում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Ողջ երեկոն հեռուստացույցի առջեւ անցկացնող մարդուն երգուպարը չի հրապուրի։ Անգամ` եթե հենց ինքն է երգելու կամ պարելու։ Ընդունեք, որ ֆուտբոլը ցանկացած ձախողում արդարացնելու չափազանց լուրջ փաստարկ է։