Ասպիրանտուրա ընդունվել՝ դեռ չի նշանակում ասպիրանտ լինել

30/06/2006 Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ

«Ինձ մնում է միայն հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, ուրիշ ի՞նչ անեմ, վախենում եմ` տղաս ինքնասպանություն գործի։ 23 տարեկան տղա է, արդեն 5 գիտական աշխատանք ունի, սակայն մեր երկրին խելոք մարդիկ պետք չեն»,- լացակումած ասում է տիկին Լուսիկը, ով երեկ իր բարեկամների, ընկերների եւ որոշ մտավորականների հետ Նախագահական նստավայրի քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժնի դիմաց էին, եկել էին որպեսզի պաշտպանեն իրենց որդու իրավունքները։

15 օր է արդեն, ինչ էջմիածինցի Բրուտյանների ընտանիքը պայքարում է, որպեսզի իրենց որդուն դուրս չթողնեն ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտում ասպիրատուրական կրթություն ստանալուց։ Սակայն մինչ օրս դռնեդուռ ընկած` չեն կարողանում հասկանալ՝ ի՞նչ պատահեց, որ տղային օրեր առաջ ընդունեցին ասպիրատուրա, հետո, մի քանի օր անց որոշեցին, որ «նրա տեղը պետք է թափուր մնա»։

Գերազանց ավարտելով ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան՝ 1982 թ. ծնված Կարո Բրուտյանը քննություններ է հանձնել Գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտում՝ ասպիրանտուրական կրթություն ստանալու համար։ Քննությունների ժամանակ ստացել է երկու 4 եւ 5 գնահատականներ, իսկ որպես ընդհանուր գնահատական` 4 է նշանակվել։

ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի ՊՈԱԿ-ի գիտական խորհրդի 2006թ. հունիսի 13-ի նիստի թիվ 6 արձանագրության մեջ գրված է. «Հաշվի առնելով, որ Կարո Արմենակի Բրուտյանը լավ է հանձնել ընդունելության քննությունները՝ ա) միջնորդել ՀՀ ԳԱԱ նախագահությանը՝ նրան ասպիրանտուրա ընդունելու համար, բ) գիտական ղեկավար հաստատել իր. գիտ. թեկ. Հ.Մ. Ստեփանյանին»։ Բրուտյանների հավաստմամբ՝ ԳԱԱ-ի համապատասխան ինստիտուտն իրենց որդի Կարո Բրուտյանին շնորհավորել է ասպիրանտուրա ընդունվելու կապակցությամբ։ Երկու օր անց, սակայն, Բրուտյաններին ինչ-որ մեկը զանգահարում է եւ ասում` «ձեր երեխայի տեղը վերցրել են»։ Տիկին Լուսիկի հավաստմամբ՝ զանգահարողը խոսել է ՀՀ նախագահի խորհրդական Վիգեն Սարգսյանի անունից։

«15 օր է, ոտքի ենք կանգնել։ Տիգրան Թորոսյանին ենք դիմել, Հրանուշ Հակոբյանին, Լեւոն Մկրտչյանին։ Ոչ ոք մեզ գրավոր տեսքով չի պատասխանում։ Կրթության նախարար Լեւոն Մկրտչյանն ասել է, որ «ինքը ոչնչով չի կարող օգնել, դա Վիգեն Սարգսյանի գործն է»,- պատմում էր տիկին Լուսիկը։ ԳԱԱ-ում Բրուտյաններին տվել են միայն Կարո Բրուտյանի քննական թերթի եւ քաղվածքի պատճենները, սակայն հրաժարվել են տալ, այսպես ասած, «26-րդ ձեւը»։ «Նրանց վրա լծակներ են գործի դրվել,- ասում է տիկին Լուսիկը,- որովհետեւ ԳԱԱ-ի աշխատակիցները նորմալ մարդիկ են ու մտահոգված էին իմ որդու ճակատագրով»։

Երեկ Կ. Բրուտյանի հարազատները ժամը 13.00-ին պետք է հանդիպեին ՀՀ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանին, ով այդպես էլ չներկայացավ։ Իսկ ժամադրության մասին Բրուտյաններին տեղեկացրել էր ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Վահրամ Բարսեղյանը, ում հետ ընտանիքը նույն հարցով հանդիպել էր մեկ օր առաջ։

Ապարդյուն սպասելով Վ. Սարգսյանի այցին՝ Կ. Բրուտյանի հետ միասին ուղեւորվեցինք նախագահի աշխատակազմի երկրորդ մասնաշենք, որտեղ էլ մեզ տեղեկացրին, որ Վիգեն Սարգսյանի պատասխանը պատրաստ կլինի 10 րոպեից եւ հնարավոր կլինի ստանալ քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժնից (որտեղից արդեն մեկ անգամ՝ ըստ Բրուտյանների, նրանց դուրս էին հրավիրել)։ Պատասխան-նամակը ստանալու նպատակով՝ ես, ստանալով Բրուտյանների համաձայնությունը, զանգահարեցի համապատասխան բաժին (ոստիկանի տված համարով), որտեղ, ի պատասխան իմ հարցին, հնչեց երիտասարդ մի աղջկա՝ քարտուղարուհու պատասխանը՝ «Սպասեք»։ «Ինչքա՞ն սպասենք՝ 30 րոպե, մեկ ժամ, 5 ժամ»: «Բարեհամբույր քարտուղարուհին» պատասխանեց՝ «ինչքան, որ պետք է։ Մենք կարո՞ղ է պարապ ենք»։ Տեղեկացնելով վերջինիս, որ ես լրագրող եմ եւ նույնպես պարապ չեմ, իսկ այստեղ մարդիկ 13.00-ից սպասում են (այդ պահին ժամը 16:00-ի սահմաններն էր), քարտուղարուհին պատասխանեց, որ ինքն այլեւս ոչինչ չգիտի։ Քիչ անց դուրս եկավ մի կին եւ հետաքրքրվելով, թե ով է դրսում գտնվողներից լրագրողը, քաղաքակիրթ կերպով տեղեկացրեց, որ «Պատասխանը պատրաստ կլինի 5:30-ին»։ Խոստացված ժամին նամակը պատրաստ էր. «Ի պատասխան 27.06.06 դիմումին հայտնում ենք, որ Ձեր կողմից բարձրացված հարցերի լուծումը դուրս է ՀՀ նախագահի աշխատակազմի իրավասությունների շրջաններից։ Հարկ եմ համարում հայտնել, որ Ձեր նախորդ նույնաբովանդակ 16.06.06-ի եւ 26.06.06-ի դիմումները 23.06.06, 26.06.06-ին վերահասցեագրվել է ՀՀ ԿԳՆ, որտեղ էլ կարող եք ստանալ պատասխանը»։ Նամակը ստորագրել է վերոնշյալ բաժնի վարիչ Աիդա Ասատրյանը։

Բրուտյաններն այսօր վաղ առավոտից պետք է լինեին ԿԳՆ-ում, սակայն վերջիններս հույս չունեն, որ իրենց հարցի պատասխանը կգտեն այստեղ։ Չէ՞ որ, ըստ Բրուտյանների՝ ԿԳ նախարարն արդեն պատասխանել է՝ «Ոչնչով չեմ կարող օգնել, դա Վիգեն Սարգսյանի գործն է»։

Իսկ հունիսի 30-ին զորակոչի վերջնաժամկետն է

Զինկոմիսարիատից արդեն անհանգստացրել են Բրուտյաններին։ Եթե Կարո Բրուտյանի ասպիրանտուրայի հարցը չլուծվի, նա պետք է գնա բանակ, հակառակ դեպքում` կհամարվի դասալիք։ «Թող չընդունվեր, թող կտրեին քննություններից ու գնար բանակ,- լացակումած ասում է Կարոյի մայրը՝ տիկին Լուսիկը,- սակայն, սա շատ դաժան հարված էր։ Եթե այդպես են վերաբերվում իրենց քաղաքացիներին, ես հրաժարվում եմ լինել ՀՀ քաղաքացի»։

Հ.Գ. Երեկ մեզ այդպես էլ չհաջողվեց կապվել Վիգեն Սարգսյանի հետ, ում անունն այսքան հոլովվում է այս պատմության մեջ։ Մեր թերթի հաջորդ համարներից մեկում կփորձենք լսել նաեւ երկրորդ կողմին՝ խնդրին օբյեկտիվորեն մոտենալու եւ ավելորդ մեղադրանքներ չներկայացնելու համար։