«Հայաստանի ԱԳՆ-ի հունիսի 26-ի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի ոչ կառուցողական դիրքորոշման եւս մեկ վկայություն է»,- ասված է Ադրբեջանի Արտգործնախարարության՝ երեկ տարածած հայտարարության մեջ: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ, մասնավորապես, ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան նշել են քննարկման փուլում գտնվող փուլային խաղաղ կարգավորման առանձին սկզբունքների ընդհանուր ուրվագծերը, որոնք չի կարելի առանձնացնել առաջարկվող փաստաթղթի ընդհանուր համատեքստից: Դա հիմքեր է ստեղծում թյուրըմբռնման կամ հասկացությունները խառնելու, ինչպես նաեւ` շահարկումների համար, որոնք արտացոլվել են Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ»,- նշված է Ադրբեջանի Արտգործնախարարության հայտարարության մեջ, ուր նաեւ ասվում է, թե կարգավիճակի որոշումը հնարավոր չէ «շարունակվող օկուպացիայի եւ էթնիկ զտումների պայմաններում, հետեւաբար ենթադրում է Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրում եւ հակամարտության ողջ գոտու ապառազմականացում, ինչը, անվտանգության միջազգային երաշխիքների առկայության դեպքում, պայմաններ կստեղծի մշտական բնակության վայրեր ադրբեջանցի տեղահանված բնակչության վերադարձի համար: Սա ընդունում է նաեւ Հայաստանի ղեկավարությունը»: Ադրբեջանական կողմը կրկին հաստատել է իր պատրաստակամությունը` Լեռնային Ղարաբաղին տրամադրել ամենաբարձր կարգավիճակ՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության շրջանակներում եւ Ադրբեջանի գործող Սահմանադրության հիման վրա: «Միջազգային նորմերի եւ սկզբունքների վրա հիմնված նման սահմանադրական մոտեցումը միակ հնարավոր ուղին է՝ կայուն կարգավորման հասնելու համար»,- շեշտված է Ադրբեջանի Արտգործնախարարության` երեկ տարածած հայտարարության մեջ: Հետաքրքիր է, որ Մ. Բրայզայի նշած «շրջանակային համաձայնագիրը» հայկական կողմը համարում է ԼՂ խնդրի լուծման փուլային, ադրբեջանական կողմը` փաթեթային տարբերակ: