Ապահովագրությունը Հայաստանի տնտեսության ամենաթույլ զարգացած ոլորտներից է: Այնքան թույլ, որ շարքային քաղաքացին ոչ միայն լիարժեք պատկերացում չունի այդ ոլորտի մասին, այլեւ շատ դեպքերում նույնիսկ չի էլ լսել: Թույլ է, որովհետեւ այս ոլորտի զարգացումն ուղղակիորեն կախված է մնացած բոլոր ոլորտների զարգացումից:
Պատճառն այն է, որ այս համակարգը զարգանում է, կամ այս համակարգում ֆինանսական միջոցները գոյանում են ապահովագրվողների՝ ՀՀ շարքային քաղաքացիների կամ տնտեսվարող սուբյեկտների վճարած գումարներից: Իսկ Հայաստանի բնակչության շատ քիչ մասն այսօր հնարավորություն ունի իր կյանքը, առողջությունը, տունը, մեքենան կամ այլ շարժական ու անշարժ գույքն ապահովագրել հնարավոր պատահարներից: Մեր հայրենակիցներից շատերը հազիվ օրվա ապրուստի ծախսերն են կարողանում հոգալ: Նրանք լրացուցիչ գումարներ չունեն, որ յուրաքանչյուր տարի ինչ-որ տոկոսներ վճարեն իրենց գույքի ապահովագրման համար եւ մտածեն, թե հանկարծ 5 տարի հետո այդ գույքը հրդեհից կամ ինչ-որ մի պատահարից կվնասվի, ու իրենք փոխհատուցումը կստանան: Այսպես են մտածում նաեւ Հայաստանի շատ տնտեսվարողներ: Մի խոսքով, ապահովագրությունը զարգացած ու հարուստ երկրներին հատուկ, բայց անհրաժեշտ ճոխություն է: Անկախ տնտեսության վիճակից` մենք այս համակարգի նկատմամբ անվստահություն ունենք, որը գալիս է դեռեւս խորհրդային ժամանակներից, երբ Պետապին (պետական ապահովագրություն) վճարում էինք մեր գույքի ապահովագրման վճարները, սակայն դժբախտ պատահարից հետո փոխհատուցումը կարողանում էինք ստանալ գումարի կեսն այդ հիմնարկին թողնելուց հետո միայն: Երբ գյուղացիներից ամեն տարի երաշտից կամ կարկուտից ապահովագրվելու համար վճարներ էին հավաքագրվում, բայց պատճառած վնասների փոխհատուցումը չէր լինում: Այս պայմաններում շատ դժվար է մեր երկրի քաղաքացուն համոզել, նաեւ ապացուցել, որ ապահովագրվելը նրա համար օգտակար է:
Իրական պատկերը
Այս թույլ զարգացածության եւ անվստահության մթնոլորտում Հայաստանում հիմա գործում են 21 ապահովագրական ընկերություններ, որոնք բոլորը միասին ունեն մոտ 30.000 պոլիսներ կամ պայմանագրեր: Սա` այն դեպքում, երբ մեր երկրում գործում են 35.000 իրավաբանական անձինք, եւ աշխատունակ է համարվում մոտ 1 միլիոն մարդ:
«Մեզ մոտ ապահովագրվում է հասարակության այն մասը, որի գրպանում փող կա եւ որը զբաղվում է բիզնեսով, բիզնեսի հետ կապված վարկային սպասարկում է իրականացնում,- ասում է «Առաջին ապահովագրական ընկերության» գործառնական տնօրեն Համլետ Ասատրյանը: -Այն խավը, որը ստանում է 500-1500 դոլար աշխատավարձ եւ վարկային միջոցներով բնակարան կամ մեքենա է գնում: Բանկը այդ վարկառուին ստիպում է ապահովագրել իր գույքը: Իսկ 150-300 դոլարի եկամուտ ունեցող ընտանիքները չեն ապահովագրվում, բնական է, նրանք հազիվ առօրյա հացի մասին են մտածում»:
Մասնագետների հավաստմամբ` ապահովագրական համակարգի զարգացմանն անուղղակի կերպով օժանդակում են բանկերը, երբ վարկառուից պահանջում են պարտադիր կերպով ապահովագրել այն գույքը, որը ձեռք է բերվելու իրենց վարկի միջոցով: Եվ վերը նշված պոլիսների զգալի մասը վարկային գումարներով ձեռք բերված գույքի ապահովագրությունն է: Մենք մի փոքր սոցհարցում կազմակերպեցինք Հայաստանում եւ պարզեցինք, որ մեզ մոտ ապահովագրված են հիմնականում արտասահմանյան ընկերությունների, դեսպանությունների ներկայացուցիչների կյանքն ու գույքը կամ էլ խոշոր, թանկարժեք եւ ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները: Օրինակ՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը, «Կոտայք» գարեջրի գործարանը, ատոմակայանը եւ այլ օբյեկտներ: Ոլորտի մասնագետների հավաստմամբ` արտասահմանյան ընկերությունների կամ դեսպանությունների ներկայացուցիչներն իրենց կյանքը, առողջությունը եւ գույքն ապահովագրում են հիմնականում այլ երկրների ապահովագրական ընկերություններում: Հայաստանի ապահովագրական համակարգին՝ որպես նախկին սոցհամակարգի շարունակությանը, նրանք այնքան էլ չեն վստահում, թեպետ մեր ընկերությունների մեծ մասն իրենց ռիսկերը վերապահովագրում են արտասահմանյան հայտնի ընկերություններում: Ի դեպ, վերապահովագրումն այս համակարգին հատուկ եւ ամբողջ աշխարհում ընդունված երեւույթ է:
Ոչ մի ընկերություն, առավելեւս` հայկականը, միայնակ չի կանգնի ապահովագրական խոշոր ռիսկի առաջ: Ընդունված է, որ ընկերություններն իրենց ապահովագրական ռիսկերը բաշխում են կամ վերապահովագրում են այլ ընկերության կամ ընկերությունների մոտ: Այսպես ասած՝ նրանք իրենց պատասխանատվությունը կիսում են մեկ կամ բազմաթիվ ընկերությունների հետ: Բնական է, որ այս դեպքում կիսում են նաեւ շահույթը: Հայաստանի ապահովագրական ընկերություններից շատերը վերապահովագրվում են Անգլիայում՝ LLOYD’S-ի շուկայում, որի ներսում գործում են մոտ 300 ընկերություններ: Բրոքերների միջոցով մեր ընկերությունները կապ են հաստատում LLOYD’S-ի որեւէ մի ընկերության կամ, ինչպես ընդունված է ասել, սինդիկատի հետ եւ վերապահովագրում են իրենց ռիսկերը: Քիչ չեն այն ընկերությունները, որոնք համագործակցում են ռուսական վերապահովագրողների հետ: Բայց մասնագետների հավաստմամբ` դրանք այն ընկերություններն են, որոնք սիրում են խնայողություններ անել: Վերապահովագրման համար ռուսների պահանջած տոկոսներն ավելի ցածր են, դրան համապատասխան` ավելի թույլ է նաեւ նրանց պատասխանատվությունն իրենց պարտականությունների նկատմամբ: Դրա համար էլ անվստահություն կա մեր այն ապահովագրողների նկատմամբ, ովքեր համագործակցում են ռուսաստանյան ընկերությունների հետ: Մերոնք իրենց ռիսկերը վերապահովագրում են նաեւ ամերիկյան, ֆրանսիական եւ գերմանական ընկերությունների մոտ: Բայց այս հանգամանքն ինչքան էլ որ թեթեւացնում է ապահովագրող ընկերության պարտականություններն ու նրան վստահություն է բերում, նույնքան էլ նրանից տանում է ապահովագրական վճարների մեծ մասը։
Մեր հնարավորությունները
Բացի այն, որ մեր ընկերությունները չեն կարող միայնակ ստանձնել մեծ ռիսկերը, նրանց հնարավորությունները թույլ են նաեւ փոքր ռիսկերի համար: «Որովհետեւ մեր ապահովագրական ընկերությունների կանոնադրական կապիտալը շատ քիչ է, բոլորը միասին ֆինանսապես շատ թույլ են, չեն կարող բոլոր ծախսերը վերցնել իրենց վրա,- ասում է «Ռոյալ Ինշուրանս» ընկերության տնօրեն Հրաչյա Կարապետյանը: -Դա նաեւ խոչընդոտում է համակարգի զարգացմանը, որովհետեւ վերապահովագրման ժամանակ մեր համակարգից մեծ գումարներ են դուրս գալիս: 2005թ. մոտավորապես 9 մլն դոլարին համարժեք ապահովագրավճար էր հավաքվել Հայաստանում, որից մոտ 4-5 մլն-ն ավիացիայի ապահովագրության գծով հավաքագրված գումարներն են: Դրա առյուծի բաժինը փոխանցվել է վերապահովագրողներին: Մնում է 4 մլն դոլարը, որը չնչին գումար է»:
Հայաստանի ապահովագրական ընկերությունների կանոնադրական կապիտալն ընդամենը 200.000 դոլար է: Պետությունը նրանց առաջ պարտադիր պայման է դրել, որ մինչեւ 2007թ. այդ գումարը հասցնեն 350.000 դոլարի, իսկ 2008թ.՝ 500.000 դոլարի: Մեր ապահովագիրները սա համարում են զարգացման շատ բարձր տեմպ, ժամանակավրեպ եւ արեւմուտքից ներմուծած չափանիշներ, այն պայմաններում, երբ 1 շնչի հաշվով տարեկան ապահովագրավճարը կազմում է 3-4 դոլար: Այն դեպքում, երբ մեր հարեւան Վրաստանում եւ Ադրբեջանում այդ գումարը կրկնակի մեծ է՝ 7 դոլար, նախկին սոցիալիստական Չեխիայում` 500 դոլար: Էլ չասենք, որ եվրոպական երկրներում 1 շնչին բաժին հասնող ապահովագրական միջին վճարը 3000 դոլար է, իսկ Ամերիկայում արդեն հասել է 4000 դոլարի: Մեր ապահովագիրները հավատացնում են, որ նման ցածր ցուցանիշների դեպքում ներկայացված պահանջներն իրենք չեն կարող բավարարել: Նրանք նաեւ օրինակ են բերում Եվրամիության ներկայացրած պահանջները նոր 10 անդամ երկրներին՝ Լեհաստանին, Սլովենիային, Հունգարիային, որոնք 500.000-3 մլն դոլարի շեմը պետք է անցնեն 5 տարիների ընթացքում: Այն դեպքում, երբ սրանք 1 շնչի համար միջինն ապահովում են 600-700 դոլար տարեկան ապահովագրավճար: Իսկ ԿԲ Ֆինանսական համակարգի քաղաքականության եւ վերլուծությունների վարչության պետ Դավիթ Սարգսյանի կարծիքով` 200.000 դոլարից 500.000 դոլարին անցումն այնքան էլ խիստ պայման չէ:
«Ինչքան պայմանները թույլ լինեն, այնքան զարգացումը կդանդաղի,- համոզված է պարոն Սարգսյանը: -Տարիներ առաջ նման պայմաններ դրեցինք բանկերի առաջ, որոնք դա կատարեցին եւ հիմա հպարտանում են: Ես համոզված եմ, որ մեր ապահովագրողները կգտնեն անհրաժեշտ գումարներ, որ մեծացնեն իրենց կանոնադրական կապիտալը: Չէ՞ որ մենք պետք է հասնենք այն մակարդակին, որ կարողանանք փոքր ռիսկերն ինքներս ապահովել: Գոնե այս մասից վերապահովագրողը գումարներ չտանի»:
Ի՞նչ է անհրաժեշտ համակարգը զարգացնելու համար
Ընկերությունները համոզված են, որ զարգանալու համար լավ կլիներ, որ մեր պետությունն ընդուներ պարտադիր ապահովագրման որեւէ տեսակ: Ասենք` տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ երրորդ կողմի նկատմամբ պարտականության, բժշկական ծառայությունների ապահովագրությունը, ինչն ընդունված է ամբողջ աշխարհում: Իսկ ապահովագրական ընկերությունների գործունեությունը վերահսկող ԿԲ մասնագետները գտնում են, որ առաջին հերթին պետությունը պետք է երկու կողմերի համար էլ խաղի հավասար պայմաններ եւ արդար դաշտ ապահովի: Մի կողմից` պետք է ապահովի, որ սպառողի բոլոր շահերը պաշտպանված լինեն, ապահովագրական ընկերությունը սողանցքներ չգտնի եւ հրաժարվի գումարը վճարելուց: Մյուս կողմից էլ` պետությունը պետք է համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծի ոլորտի զարգացումը խթանելու համար: Պետք է ձեւավորել անկախ գնահատողների, փորձագետների կամ ակտուարների ինստիտուտ: Այս մասնագիտությունը դեռ նոր է մուտք գործում Հայաստան, եւ ոչ միայն համապատասխան կրթությունը բարձր մակարդակի վրա չէ, այլեւ ուսումից հետո փորձ ձեռք բերելու հնարավորությունը չկա: Ի դեպ, մեր երկրում ապահովագրող մասնագետներ պատրաստում են Պետական համալսարանը եւ Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտը: «Ռոյալ Ինշուրանսի» տնօրեն Հրաչյա Կարապետյանը դասավանդում է նաեւ Տնտեսագիտական ինստիտուտում եւ տեղեկացնում է, որ հետաքրքրությունն այդ մասնագիտության նկատմամբ շատ թույլ, բայց ավելանում է:
Մասնագետների հավաստմամբ` պետության ամենակարեւոր աջակցությունը ապահովագիրներին բոլոր ոլորտներում տեղեկատվական-վիճակագրական բազա ստեղծելն է: Միայն Ազգային վիճակագրական ծառայության սեղմ տվյալները բավարար չեն: Տնտեսության ամեն մի ոլորտ պետք է ունենա իր առանձին վիճակագրական բազան, ընդ որում` էլեկտրոնային վիճակում, որպեսզի ակտուարները ցանկացած ժամանակ կարողանան տեղեկատվություն ստանալ: Գաղտնիք չէ, որ մեր տնտեսության ոչ մի ոլորտ այդպիսի բազա չունի: Իսկ ապահովագրական ռիսկերը գնահատվում են այդ վիճակագրության վերլուծության հիման վրա: Այստեղից էլ պարզ է դառնում, որ մեր ապահովագրական համակարգում ռիսկի գնահատման տոկոսադրույքներն անհիմն են կամ մոտավոր: Այս պայմաններում, բնական է, որ վերապահովագրողն էլ շատ մոտավոր պատկերացում ունի մեր վիճակագրության մասին, եւ ռիսկերի նկատմամբ սահմանած նրա տոկոսադրույքները, որ հրամցվում են մեր ապահովագիրներին, ելնում են ընդամենը տարածաշրջանային տվյալների մոտավոր համեմատությունից:
Պետության պարտականություններն այս ոլորտի նկատմամբ, իհարկե, այսքանով չեն սահմանափակվում: Բայց ապահովագիրները հույս չունեն, որ առաջիկա 10 տարում կունենան վիճակագրական այնպիսի էլեկտրոնային բազա, որ ցանկացած պահի կարող են իմանալ, թե, ասենք, Արագածոտնի մարզում քանի՞ տարին մեկ է երաշտ եղել, Արարատյան դաշտավայրում ցրտահարությունն ի՞նչ հաճախականություն ունի, որպեսզի մեր ապագա ակտուարները կարողանան ճիշտ գնահատել գյուղատնտեսական ռիսկերը: Կամ էլ մեր առողջապահության համակարգը չունի ճիշտ վերլուծություն, թե մահացություններն, ըստ հիվանդության տեսակների, ինչպիսի տեղաբաշխում ունեն, որպեսզի հիվանդության ամեն մի տեսակի համար ապահովագրական կոնկրետ վճար սահմանվի: Նույնը` նաեւ մնացած ոլորտների մասին: Էլ չենք ասում, որ այդ ամենն ունենալու համար պետք է ունենանք իսկապես զարգացած տնտեսություն, որպեսզի զարգացում ցույց տալու համար վիճակագրական ծառայությունները թվաբանական նկարչությամբ չզբաղվեն:
Վերջում ավելացնենք, որ ապահովագրական համակարգի վիճակը ցույց է տալիս տնտեսության իրական պատկերը: Ինչքան զարգացած է լինում տնտեսությունը, նույնքան կայացած է լինում այդ համակարգը, կամ` հակառակը: Իսկ թե ի՞նչ վիճակում է մեր տնտեսությունն ու ապահովագրական համակարգը, արդեն ինքներդ կարող եք համեմատել: