Ըստ Կենդանաբանության ինստիտուտի միջատաբան Մ. Մարջանյանի` Հայաստանում կարիճների 3 թունավոր տեսակները` դեղինը, խայտաբղետը եւ հաստապոչ սեւը, միշտ էլ եղել են, սակայն դրանք սկսել են ակտիվանալ ընթացող մեծածավալ շինարարական աշխատանքների պատճառով։ Փաստորեն, գիշատիչները` դուրս գալով իրենց բներից, գտնվում են որոնումների մեջ։ Ըստ մասնագետի` կարիճի խայթոցի դեպքում պետք է տնային պայմաններում մարմնի համապատասխան հատվածը ծածկել յոդով եւ վրան տաք օդի շիթ (ֆեն) պահել։ Բուժհաստատություն դիմելու անհրաժեշտություն չկա, քանի որ բժշկությունը դեռեւս չի հայտնաբերել կարիճի խայթոցի հակաթույնը։ Միջատաբանը նշեց նաեւ, որ վերջին տարիներին Հայաստանի գյուղերից մեկում կարիճի խայթոցից մահացել է 3 տարեկան երեխա, սակայն մահվան պատճառները դեռեւս ուսումնասիրված չեն։
Ինչպես նշեցինք, այս տարի պակաս անհանգստացնող չեն նաեւ օձերը։ «Տեղահանված» սողունները, բնականաբար, նույնպես փնտրում են թաքստոցներ։ Երեւանում եւ շրջակա տարածքում այս օրերին նկատվել են օձերի բոլոր թունավոր տեսակները` գյուրզան, իժը։ Երեւանի Կենդանաբանական այգու տնօրեն Ս. Աբովյանի հավաստմամբ` մեկ օրվա ընթացքում նվազագույնը 5 ահազանգ է ստացվում բնակիչների կողմից։ Քաղաքապետարանի հանձնարարությամբ ստեղծված այգու ծառայության շնորհիվ` մասնագետները որոնում են սողուններին եւ չեզոքացնում վտանգը։ Ս. Աբովյանի խոսքերով` օձերի աշխուժացմանը նպաստում են ինչպես առկա շինարարական աշխատանքները, այնպես էլ շոգ եղանակը։
«Անտիգյուրզին» կոչվող հակաթույնը ներառված չէ կենտրոնացված գնումներով նախատեսված դեղորայքի ցանկում։ Այն ներկրում է «Նիբֆարմ» ընկերությունը Ուզբեկստանից։ Յուրաքանչյուր տարի Հայաստան է ներկրվում դեղորայքի 300 դոզա։ Առողջապահության նախարարության տվյալներով` նախարարությունը շրջաբերական նամակներով զգուշացնում է հանրապետության բուժհաստատությունների վերակենդանացման բաժանմունքներին` պահեստավորել որոշակի քանակությամբ հակաթույն։ Այսինքն` բուժհաստատությունները սեփական միջոցներով պետք է ձեռք բերեն «Անտիգյուրզին» դեղամիջոցը։ Սակայն մեր աղբյուրների հավաստմամբ` վխտացող օձերի առկայության դեպքում իսկ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի տոքսիկոլոգիայի բաժանմունքը ներկա դրությամբ ապահովված չէ հակաթույնով։