«Ա1+»-ի փոխանցմամբ, դեռեւս հունվար ամսին արված Տիգրան Թորոսյանի առաջարկը՝ վերանայել ԵԽ ԽՎ Լեռնային Ղարաբաղի հարցով հանձնաժողովի կազմը, երեկվա ԵԽ ԽՎ նիստում հաստատվել է: Ըստ այդմ՝ հանձնաժողովը կունենա 10 անդամ: «Միավորված ձախերից» հանձնաժողովի անդամ է ընտրվել Լեո Պլատվոետը, որը միաժամանակ զեկույց է պատրաստում Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում անհայտ կորած անձանց վերաբերյալ: «Ես կարծում եմ, որ այս կառուցվածքն անհամեմատ ավելի հավասարակշռված է եւ ավելի արդյունավետ, քան նախորդը, որտեղ ընտրված էին որոշ մարդիկ, ովքեր երբեւէ չեն զբաղվել ԼՂ հարցով եւ հեռու են այդ խնդիրները հասկանալուց»,- ասել է Տ. Թորոսյանը: ԵԽ ԽՎ ենթահանձնաժողովի անդամների այցը Հայաստան նախատեսվում է հոկտեմբեր ամսին: Քաղաքական հարցերով հանձնաժողովն այցելելու է Ադրբեջան նոյեմբերին, իսկ այս հանձնաժողովների անդամների ճնշող մեծամասնությունը, ըստ Տ. Թորոսյանի, եւ Մոնիտորինգի, եւ քաղաքական հարցերի հանձնաժողովի անդամներ են: Նույն ժամանակահատվածում Հայաստան եւ Ադրբեջան պետք է այցելեն նաեւ երկու երկրների պարտականությունների կատարման ընթացքն ուսումնասիրող զեկուցողները: «Այսօրվա քննարկումը, որ տեղի ունեցավ լորդ Ռասել Ջոնսթոնի եւ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սեիդովի հետ, հանգեցրեց այն եզրակացության, որ արժե ջանքեր գործադրել, որ պատվիրակությունը Երեւան, Բաքու, Ստեփանակերտ այցելի հոկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում»,- նշել է Տ. Թորոսյանը: Ըստ «Ա1+»-ի, Տ. Թորոսյանը երեկ հանդիպել է նաեւ ԵԽ ԽՎ գլխավոր քարտուղարի հետ, եւ այդ ընթացքում անդրադարձել են նաեւ ադրբեջանական կողմի բարձրացրած աղմուկին, թե ազատագրված տարածքները միտումնավոր այրում են: Ադրբեջանցիները ԵԽ ԽՎ պատվիրակներին, նաեւ` ԵԽ ԽՎ նախագահին լուսանկարներ են բաժանում, որոնք ըստ Տ. Թորոսյանի, ամենայն հավանականությամբ արվել են Ադրբեջանում, քանի որ դրանց վրա կան «ադրբեջանական մակագրություններ»: Ըստ Տ. Թորոսյանի, սա «ադրբեջանցիների խայտառակ պահվածքի շարունակությունն է` ստեր տարածել Հայաստանի եւ ԼՂ-ի վերաբերյալ»: Տ. Թորոսյանը հավաստիացրել է, որ Թերի Դեւիսն ընդունել է, որ շատ լուրջ խնդիրներ կան եւ խոստացել է «լուծումներ գտնել»: