«Հենց դուրս եմ գալիս ռինգ, ձեռքերս քոր են գալիս»,- ասում է աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը

30/06/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Ռինգում գտնվող Վախթանգը, որին հայ մարզասերները տեսել են իրենց հեռուստաէկրաններին, աննկարագրելիորեն տարբերվում է այն Վախթանգից, որը գտնվում է ռինգից դուրս։ Ռինգի վրա ագրեսիվ, երբեմն նաեւ դաժան կերպարը ռինգից դուրս վեր է ածվում համեստ մի անձնավորության։ Թեեւ, ինչպես ինքը խոստովանեց՝ որքան էլ զարմանալի հնչի, ռինգի հակառակորդներին վերաբերվում է որպես թշնամի, որովհետեւ. «եթե ես իրենց չխփեմ, իրենք ինձ կխփեն։ Իսկ այդ դեպքում ես շատ կբարկանամ»։

Վախթանգը ռինգ է դուրս գալիս Արա Գեւորգյանի երաժշտության ներքո եւ Հայաստանի ու Ավստրալիայի դրոշներով։ Ինքն էլ է խոստովանում, որ Հայաստանի դրոշով ռինգ դուրս գալու պատճառով չեն կնքվում շատ պայմանագրեր, որոնք կարող էին գումարներ բերել, սակայն այդ մասին չի էլ մտածում։

Մեր որոշ հայրենակիցներ մի թեթեւ վրդովվում են, երբ հայազգի բռնցքամարտիկները փոխում են իրենց անունները, կամ հանում ազգանվան վերջին «յան» վերջավորությունը։ Վախթանգն իր ազգանունը չի փոխել, սակայն նրան այժմ արտասահմանում ճանաչում են Վիկ անունով. «Ես իմ անունը չեմ փոխել, պարզապես արտասահմանցիների համար Վախթանգ անունն արտասանելը դժվար է, երբեմն էլ` ծիծաղելի»,- ասում է չեմպիոնը։

Ինչպես նշեց հանդիպմանը մասնակցող Կենսաթոշակային հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանը, Վախթանգի համար շատ հաճելի է, երբ նրա կենսագրության մեջ հատուկ նշվում է ծննդավայրը՝ Կիրովական (ներկայիս Վանաձոր), «Երրորդ մաս»։ Հարազատ մնալով իր ծննդավայրին՝ նա լոռեցիներին հատուկ անկեղծությամբ ասում է. «Ես հա՛մ կիրովականցի եմ, հա՛մ ապարանցի, հա՛մ էլ սպիտակցի»։

Պրոֆեսիոնալ ռինգում Վախթանգը հայտնվել է 2000-ին։ Այդ ժամանակից ի վեր անցկացրել է 26 մենամարտ, բոլորում էլ հաղթանակ է տարել, այդ թվում 21-ը՝ նոկաուտով։ Նա արդեն 30 տարեկան է, սակայն ռինգից հեռանալու մասին դեռ չի մտածում՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի համար դա բավական երիտասարդ տարիք է։ Իսկ բռնցքամարտով սկսել է զբաղվել 7 տարեկանից՝ չեմպիոն դառնալու հաստատ մտադրությամբ. «Փոքր ժամանակվանից էլ զգում էի, որ ուժեղ եմ։ Բացի այդ էլ` կռվարար էի»,- ասում է նա։

Մարզական աշխարհում Վախթանգը հայտնի է «Կատաղի ցուլ» մականունով, սակայն կա եւս մեկ մականուն, որի մասին նա երեկ տեղեկացրեց՝ «սնայպեր» (նշանառու)։ Դա պայմանավորված է նրանով, որ աջ ձեռքով պտուտաձեւ շարժումներ է անում, ասես նշան բռնելով, իսկ հետո ձախով հուժկու հարված հասցնում։ Իսկ այդ հարվածներից նոկաուտի մեջ են հայտնվել այնպիսի մարզիկներ, որոնք նախկինում երբեք չեն ճաշակել պարտության դառնությունը։ Միայն մի բանում է ափսոսում Վախթանգը՝ պրոֆեսիոնալ ռինգում իրեն չի հանդիպել թուրք կամ ադրբեջանցի մարտիկ, որին ինքը մեծ հաճույքով կծեծեր։

Այդպիսի հաճույք Վախթանգն ունեցել է միայն սիրողական բռնցքամարտում, սակայն շատ կարճ է տեւել. առաջին իսկ ռաունդում նոկաուտի է ենթարկել մրցակցին։

Սիրողական բռնցքամարտում Վ. Դարչինյանին չի հաջողվել նվաճել օլիմպիական ոսկին։ Ըստ նրա, պատճառն այն է, որ ժամանակը կարճ է, չես հասցնում ամբողջովին դրսեւորվել։ Պրոֆեսիոնալ ռինգն այդ առումով մեծ հնարավորություններ է տալիս, եւ հիմնականում 6-րդ ռաունդից հետո Վախթանգի մրցակիցները հայտնվում են ռինգի հատակին։

Ծանրաբեռնվածությունն այստեղ, իհարկե, ավելի մեծ է, սակայն Վախթանգը դրա դեմ միջոց գտել է. «Ամեն մարտից առաջ ստիպված եմ լինում մի 8-9 կիլոգրամ քաշ գցել։ Ու հենց դուրս եմ գալիս ռինգ, մրցակցիս տեսնում եմ, ձեռքերս քոր են գալիս. ասում եմ` քո պատճառով այսքան քաշ գցեցի, դե հիմա նայի…»։

Նշենք, որ աշխարհի բացարձակ չեմպիոն հռչակվելու համար նրան հարկավոր է նվաճել նաեւ WBO եւ WBC վարկածների չեմպիոնական գոտիները։ WBC-ի գոտու ներկայիս տիրոջը՝ մեքսիկացի Խորխե Արսեին, Վախթանգը ձեռնոց է նետել, սակայն վերջինս համառորեն խուսափում է նրա հետ մենամարտից։ Իսկ WBO-ի չեմպիոն արգենտինացի Օմար Նարվայեսի հետ մեր բռնցքամարտիկը ռինգ դուրս կգա սեպտեմբերի սկզբին։ Նարվայեսը մինչ այժմ նույնպես պարտություն չունի, սակայն մեր չեմպիոնը վստահ է, որ նրան նոկաուտի կենթարկի եւ հաջորդ անգամ Հայաստան կգա 3 գոտիներով։

Ի դեպ, Հայաստան գալու մասին… Վախթանգն այժմ Ավստրալիայի քաղաքացի է եւ գտնում է, որ անգամ կարիերան ավարտելուց հետո անհրաժեշտ է միշտ կապը պահել այդ երկրի հետ, քանի որ նրանց օգնությամբ կարելի է նպաստել Հայաստանի բռնցքամարտի զարգացմանը։ «Երեւի տարվա կեսն այստեղ կանցկացնեմ, կեսը՝ Ավստրալիայում»,- ասում է Վախթանգը։

Ու թեեւ Ավստրալիայի կենցաղը հայկականից տարբերվում է, սակայն մեր սովորություններն այնտեղ էլ չեն մոռացվում։ Օրինակ, Վախթանգի ընկերներից մեկը՝ Յուրիկ Սարգսյանը (նախկին ծանրորդ), նրան հաճախակի հրավիրում է գառի խորոված ուտելու։ «Զանգում, ասում է՝ արի, գառ եմ մորթելու։ Չնայած էնտեղ դա չի թույլատրվում, կարող են բանտ նստեցնել»։ Թեեւ էլ ի՞նչ հայ, որ այդպիսի մանր հարցում ոստիկանների հետ չկարողանա լեզու գտնել։ «Ոստիկանները մի անգամ իմացել են, որ Յուրիկը գառ է մորթել, գնացել են նրանց տուն, նա էլ ոստիկաններին այնքան է խմացրել, որ գնալիս ատրճանակները մոռացել են»,- անթաքույց հպարտությամբ պատմում է Վախթանգը։

Հանդիպման վերջում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը Վախթանգին պարգեւատրեց համալսարանի ոսկեզօծ մեդալով, ժամացույցով, ինչպես նաեւ` նվիրեց մի քանի գրքեր։ Գիրք կարդալն, իհարկե, վատ բան չէ, սակայն հույս ունենք, որ Վախթանգը դրանք կկարդա մարզական կարիերան ավարտելուց հետո։ Մինչ այդ թող զբաղվի այն գործով, որն իր մոտ հիանալի է ստացվում՝ նոկաուտի ենթարկի մրցակիցներին։