Ռեկորդների օր

30/06/2006

Այսպես են որակել բրազիլական ԶԼՄ-ները հունիսի 27-ը։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի Գանայի հետ խաղում բրազիլացիները սահմանել են մի քանի ռեկորդներ։ Առաջինն, իհարկե, պատկանում է Ռոնալդոյին։ Հանդիպման 5-րդ րոպեին նա գրավեց Գանայի դարպասը եւ շրջանցելով Գերդ Մյուլլերի ռեկորդը՝ 15 գոլով դարձավ աշխարհի առաջնությունների բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու։ Ի դեպ, նա դեռ կարող է ավելի բարձրացնել նշաձողը՝ եթե Ֆրանսիայի հետ խաղում դառնա գոլի հեղինակ։

Իր սեփական ռեկորդը գերազանցեց նաեւ Բրազիլիայի հավաքականը՝ տանելով 11-րդ անընդմեջ հաղթանակը աշխարհի առաջնություններում։ Թիմի ավագ Կաֆուն ռեկորդ սահմանեց բրազիլացիների մեջ՝ հավաքականի կազմում անցկացված հանդիպումների թվով։ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի շրջանակներում նա իր հավաքականի կազմում խաղադաշտ դուրս եկավ 19-րդ անգամ։ Իսկ երբ հաշվի ենք առնում նրա մասնակցությամբ այն հանդիպումները, որոնք ավարտվել են հաղթանակով, ապա սա 16-րդն էր, որը բացարձակ ռեկորդ է։ Մինչ այս խաղը Կաֆուն իր առաջատարությունը բաժանում էր Վոլֆգանգ Օվերաթթի եւ Լոթար Մաթեուսի հետ։ Իսկ Ադրիանոյի գոլը հոբելյանական էր։ Դա աշխարհի առաջնություններում բրազիլացիների խփած 200-րդ գոլն էր։

Հիշեցնենք, որ Բրազիլիան խաղադաշտ դուրս կգա հուլիսի 1-ին, մեր ժամանակով ուղիղ կեսգիշերին։ Կիսաեզրափակիչ դուրս գալու համար աշխարհի չեմպիոնները կպայքարեն ֆրանսիացիների դեմ։ Նույն օրը՝ ժամը 20։00-ին ուժերը կչափեն Անգլիան եւ Պորտուգալիան։ Վաղը ժամը 20։00-ին կարող եք հետեւել Արգենտինա-Գերմանիա հանդիպմանը, իսկ 24։00-ին կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկեն Իտալիան եւ Ուկրաինան։