«Արմավիա» ընկերության Ա-320 օդանավի կործանմանը հաջորդող 1 ամսից ավելի ժամանակը դեռեւս չի թեթեւացրել զոհվածների հարազատների ցավը, քանի որ նրանք առայժմ միայն լղոզված եւ հակասական տեղեկություններ են ստանում: Կորստից նյարդային եւ դյուրագրգիռ դարձած զոհվածների հարազատներն այլեւս իրենք իրենց չեն մխիթարում, թե կիմանան ճշմարտությունը, որովհետեւ կարծում են, որ այս միջադեպի իրական պատճառի գաղտնիությունը հովանավորվում է իշխանական կառույցների կողմից:
Ա-320 օդանավի բորտ ուղեկցորդ Արմեն Հարությունյանի ծնողները կարողանում են իրենց զայրույթը զսպել միայն իրենց առողջության հաշվին: «Երբեք էլ չենք իմանա ճշմարտությունը, կամ, լավագույն դեպքում, կիմանանք մի 20 տարի անց»,- ասում են նրանք, ովքեր երկուսն էլ որդու մահից հետո հիվանդացել են: Վերջիններս միանշանակ հայտարարում են, որ օդանավը ոչ թե խորտակվել, այլ օդում պայթել է: «Ինքնաթիռի ընկնելու մասին խոսք չկա: Ես նշույլ անգամ չեմ հավատում, որ օդանավն ընկել է, այն օդում պայթել է»,- վստահեցնում են բորտ ուղեկցորդ Արմենի ծնողները: Թեեւ զոհվածների հարազատներն առանձնապես չեն բարձրաձայնում որոշ հանգամանքների մասին, այդուհանդերձ, Արմենի ծնողները հայտարարում են, որ օդանավում անախորժություններ են եղել: Նրանք վստահ են, որ օդանավում հարբած եւ զինված մարդիկ են եղել, ովքեր վիճաբանություն են առաջացրել: Նման ենթադրությունները նրանք հիմնավորում են նաեւ այն հանգամանքով, որ Արմենն օդանավում 3-րդ սրահում է եղել, ուղեբեռների խցիկում, իսկ գտնված աղջիկներն 1-ին սրահում են եղել: Ըստ նրանց, Արմենը գտնվել է օդանավի պոչի մասում: «Ինչո՞ւ աղջիկներին գտան, իսկ մյուսներին՝ ոչ: Նշանակում է, որ մի բան եղել է, որ բոլորն առջեւում են եղել»: Արմենը մշտապես տիկին Աշխենին վստահեցրել է, որ այս օդանավն ընկնելու հնարավորություն չունի, որովհետեւ տեխնիկապես գերհզոր է: «Ասում էր, մա՛մ, առնվազն պետք է 2 օդաչուները հիմար լինեն, անջատեն շարժիչը, որ ինքնաթիռն ընկնի: Ես նրա օդում գտնվելու ժամանակ շատ ավելի ապահով էի, քան մեքենա վարելիս, որովհետեւ նա բացառում էր օդանավի ընկնելը»:
Արմենի տարերքը թռիչքն էր
Նրբագեղ, բարեհամբույր տիկին Աշխենն ասում է, որ Արմենն իրենով շատ էր հպարտանում: Պարբերաբար հայացքը թաքցնում է՝ ամաչելով անխնամ տեսքից, ու անհանգստանում է՝ ասելով, որ, եթե որդին ողջ լիներ՝ իրեն նկատողություն կաներ արտաքինին չհետեւելու համար: Արմենի մահից հետո նա սթրեսից շաքարախտով է հիվանդացել, սակայն ոչինչ չի կարողանում անել առողջությունը վերականգնելու համար, որովհետեւ ամեն գիշեր երազում որդուն է տեսնում: «Տղայիս կյանքի նպատակն օդաչու դառնալն էր, երազում էր միշտ: Ես ու ամուսինս դեմ էինք, որովհետեւ համարում էինք շատ վտանգավոր մասնագիտություն: Մենք հորդորեցինք, որ կենսաքիմիական բաժին ընդունվի: Ընդունվեց, դարձավ բժիշկ, գերազանց ավարտեց: Բայց մեր մոտեցումն իրեն ամենեւին չխանգարեց, այնուամենայնիվ, լինելով բժիշկ, ընտրեց իր ուզած մասնագիտությունը»,- պատմում է Արմենի մայրն՝ ասելով, որ նա ինքնուրույն կերպով օդանավակայանում աշխատանքի է ընդունվել: Նախկինում «Սիբիրավիա» ընկերության ղեկավարը` զարմանք հայտնելով, Արմենին ասել է, թե՝ «Չեմ հասկանում, տղա ջան, քո բժշկի խաղաղ մասնագիտությունից ինչո՞ւ ես հրաժարվում: Թեեւ օդում էլ բժիշկներ պետք են, բայց ինչո՞ւ ես ձգտում այստեղ աշխատել»: Թեեւ Արմենն օդաչու չի դարձել, այդուհանդերձ, որոշել է մշտապես լինել օդում եւ օդաչուների կողքին: Տիկին Աշխենը պատմում է, որ թռիչքը նրա տարերքն էր, եւ անգամ գիշերները նա չէր քնում, որպեսզի նախապատրաստվեր թռիչքին: «Բայց գիտե՞ք ինչն էր հետաքրքիր, որ այս դեպքից առաջ ամեն բան գլխիվայր շրջվեց: Հավանաբար փորձանքի սկիզբն էր, որի մասին մենք գլխի չէինք ընկնում: Նախորդ օրը շատ վատ երազ էր տեսել: Նեղված պատմեց, ասացի, որ նեղություն կլինի, ոչինչ, կանցնի: Շատ անհանգիստ էր»,- պատմում է մայրն, ով այդ դեպքի օրվա հետ կապված ամեն մանրուք վերլուծում է եւ փորձում ինչ-որ բան գտնել, որը գուցե կօգներ տղայի մահը կանխել: Դեպքից առաջ 1 ամիս արձակուրդում գտնվող Արմենը շատ է շտապել կրկին գնալ աշխատանքի եւ ծնողներին վստահեցրել է, որ թռիչքն իրեն օդի ու ջրի պես անհրաժեշտ է: Մայիսի 3-ի թռիչքն արձակուրդից հետո նրա 3-րդ թռիչքն էր:
Զենքով ու հարբած անցնում են
Դեպքի օրվանից սկսած տիկին Աշխենը մշտապես հավատում էր, որ Արմենին կգտնեն՝ համարելով, որ նա ամեն տեսակի դժվարություններից կկարողանա դուրս գալ: «Մտածում էի, որ այդ իրավիճակում նա փրկարարական բաճկոնը հագած կլինի: Վստահ էի, որ ջուրն ընկած ինքնաթիռից նա լողալով դուրս կգա, որովհետեւ լավ լողալ գիտեր: Մտածում էինք, որ չի կորի: Հետո, երբ քառասունքին մեկնեցինք Սոչի՝ հույսներս ամբողջությամբ կորցրինք: Սոչի գնալն ավելի մեծ հարված էր ինձ համար, քան մինչ այդ անցկացրած անորոշ իրավիճակը»,- հավատացնում է տիկին Աշխենն, ով 1 ժամ 30 րոպե հետո միայն նավով հասել է տղայի ջրում խորտակված հատվածը: Տեսնելով այդ անափ տարածությունը, ջրի խորությունն ու ծովի սեւությունը` նա միանգամից հուսախաբ է եղել: «Ճշմարտությունը չի բացահայտվի, որովհետեւ մեր երկրում կարգուկանոն, վարվելակերպ գոյություն չունի: Քառասունքին մեկնում ենք Սոչի: Օդանավակայանում ամուսնուս կանգնեցրել են, ասում են՝ կոշիկներդ հանի, գրպաններդ դատարկի, կարգն է այդպես: Ախր մենք էլ դյուրագրգիռ ենք դարձել, հաշվի չեն առնում, թե ինչի համար ու ուր ենք գնում: Բայց մարդիկ զենքերով, հարբած անցնում, գնում, նստում են ինքնաթիռ՝ լռում են, իսկ սգի մեջ գտնվող մարդկանց հետ այդպես վարվել կարելի՞ է: Թող կանխեին, որ հարբած ու զենքով մարդիկ չանցնեին, որ այս դեպքը չլիներ, թե չէ` մենք ի՞նչ: Շատ վիրավորական էր»,- պատմում է տիկին Աշխենը, ով ապշել է Սոչիի հայ համայնքի պատշաճ վերաբերմունքի համար, քանի որ նույնը Հայաստանի մասին ասել չի կարող: «Եթե Հայաստանում էլ մի քանի նման հայրենասեր, ազգասեր մարդիկ լինեն, ապա մենք լավ վիճակում կլինենք»: Արմենի ծնողները խնդրել են մեր թերթի միջոցով իրենց շնորհակալությունը հայտնել Կրասնոդարի երկրամասի հայ համայնքի ղեկավար Հակոբ Կոճկոնյանին, Համլետ Բաղդասարյանին, Միխայիլ Գյուլբենկյանին, Ստեփան Կագոսյանին, Օհան Չեպնյանին եւ Օգսեն Մոմջյանին: «Ճիշտ է, կազմակերպչական հարցերը մխիթարություն չեն, բայց այդ մարդիկ այնքան հոգատար էին, այնքան ճիշտ վարվեցին մեզ հետ, աջակցեցին, որ ուղղակի խնդրում ենք` մեր շնորհակալությունը փոխանցեք: Մենք հեռուստաընկերություններին խնդրեցինք, բայց երեւի ձեռք չէր տալիս այնտեղի հայերի մասին գովեստի խոսքերով ռեպորտաժ տալ, մերժեցին»,- վստահեցնում է տիկին Աշխենը, ով այս դեպքից հետո համարում է, որ բոլոր ուղեկցորդ-ուղեկցորդուհիները հերոսներ են, որ կարողացան այս վախի ու սգի հետ նորից թռչել:
Ի դեպ, Արմենի ծնողների հավաստմամբ՝ Սոչին «Արմավիա» ընկերության համար իր դռները փակել է, եւ վերջին թռիչքն ամսի 18-ին էր: