Հեռավոր 1820թ. շուշիաբնակ Դավիթ Լազարյանի ընտանիքում ծնվեց արու զավակ, որին կոչեցին Հովհաննես: Նախնական կրթությունն ապագա գնդապետը ստացել է տեղի ծխական դպրոցում, սակայն սխրագործությունների եւ ռազմական գործունեության մասին երազող պատանու համար առեւտրով զբաղվելը զուր ժամանակի կորուստ էր թվում: Տասնինը տարեկանում Հովհաննես Լազարյանը ծառայության է անցնում Շիրվանու հետեւակային գնդում` որպես շարքային զինվոր, եւ հենց այդ պահից էլ սկսվում է նրա մարտական կենսագրությունը:
Անվերջանալի պատերազմներ էին, այդ պատճառով էլ Շիրվանու գունդը մարտերի մշտական մասնակիցն էր: Երիտասարդ զինվորն անմիջապես հայտնվեց պատերազմի թեժ կետում: Ռազմատենչ լեռնականների դեմ կատարած մի քանի արշավները դարձան զինվորի ռազմական մկրտությունը: Չնայած երիտասարդ տարիքին, նա կարողացավ աչքի ընկնել մարտերում եւ մեծ հեղինակություն ձեռք բերել վետերանների շրջանում: Լինելով ֆիզիկապես ուժեղ եւ դիմացկուն` նա ծնվել էր լեռներում կռվելու համար: «Աչքի ընկնող քաջության» համար նրան շնորհվեց Գեորգիեւյան խաչ, որն, ինչպես գիտենք, շնորհվում է հենց իրենց` զինվորների ընտրությամբ: Շուտով գրագետ եւ խելացի զինվորին մարտերում աչքի ընկնելու համար շնորհվեց ենթասպայի կոչում: Ռազմական սխրագործությունների համար կոչումներ եւ պարգեւներ ստանալու ավանդույթը Լազարեւի համար կդառնա կյանքի անբաժան մաս: Նախանձելի եւ գովելի կայունություն:
Եվ նորից անվերջանալի արշավներ, որոնց ընթացքում նա ձեռք բերեց այն փորձը, որը հնարավոր չէ գտնել եւ ոչ մի գրքում, եւ կոփեց իր բնավորությունն ու կամքը: Չունենալով կապեր` նա գրեթե ամեն տարի ստանում էր նորանոր կոչումներ: Նախանձողները չէին կարողանում հասկանալ, թե ով է կանգնած այդ համեստ հայի ետեւում: «Ես ոչ մի գաղտնիք էլ չունեմ,- նմանօրինակ հարցերին պատասխանում էր Լազարեւը։ -Իմ ետեւում զինվորներն են, իսկ զառիթափին, առջեւում` թշնամին: Հենց այնտեղ էլ ընկած են այդ կոչումներն ու պարգեւները: Պետք է միայն վերցնել դրանք»: Քաջությունը Լազարեւին բնորոշ գիծն էր: Նա երբեք չէր մնում իր զինվորների ետեւում, ինքն էր միշտ նրանց առաջ տանում: Այս անվախ երիտասարդի մասին լեգենդներ էին շրջում: Նա մեծ հեղինակություն էր վայելում ոչ միայն յուրայինների, այլեւ օտարազգիների շրջանում: Բացի այդ, նա հաջողակ մարդու համբավ ուներ: Ինքը` Լազարեւը, պատասխանում էր Սուվորովի խոսքերով. «Մեկ անգամ հաջողություն, երկրորդ անգամ, բայց, Տեր ողորմյա, երբեմն էլ պետք է խելք բանեցնել»:
1847թ. Սալտիի պաշարման ժամանակ Լազարեւը վիրավորվում է ձախ ձեռքից, իսկ հաջորդ տարի` պարանոցից: Այս ծանր վերքից հետո նա չի հեռանում բանակից եւ շատ շուտով վնասում է գլուխն ու ուսը:
1850թ. 30 տարեկան հասակում փոխգնդապետ Լազարեւը նշանակվում է Մեխթուլինյան խանության ղեկավար: Ծանոթ լինելով տեղի սովորույթներին եւ կյանքին, ունենալով դիվանագետի տաղանդ, նա հիանալի էր կատարում իր աշխատանքը: Դրանից հետո նրան է հանձնվում Դարգինի շրջանի ղեկավարությունը, իսկ 1859թ. նա նշանակվում է Միջին Դաղստանի ժամանակավոր ամրությունների եւ զորքերի հրամանատար: Այդ ժամանակ Լազարեւն արդեն գնդապետ էր:
Ահա թե ինչ է գրել Լազարեւի մասին նրա կենսագիրներից մեկը. «Թե կովկասյան բանակի, եւ թե լեռնականների շրջանում նա խիզախ եւ ազնիվ մարդու համբավ ուներ: Նույնիսկ Գունիրում պաշարված Շամիլը խնդրում էր, որպեսզի բանակցությունների համար իր մոտ ուղարկեն Լազարեւին, քանի որ վերջինիս խոսքերին կարելի էր հավատ ընծայել: Լազարեւն ուղեւորվում է Գունիր միայնակ, առանց ուղեկցորդների եւ իմամի հետ զրույցից հետո վերջինիս բերում է իշխան Բարյատինսկու մոտ»:
1860թ. գեներալ-մայոր Լազարեւը նշանակվում է Միջին Դաղստանի ռազմական ղեկավար: 1861թ. լեռնականների բարձրացրած ապստամբության ժամանակ նա լոկ իր բարոյական ազդեցությամբ կարողանում է հանգցնել ապստամբությունը եւ ստիպել որպեսզի ապստամբների առաջնորդ Կարակուլ-Մագոմը մեղայականով իր մոտ ներկայանա: Երկու տարի անց Լազարեւը կրկին առանց արյունահեղության ճնշում է նոր ապստամբությունը: 1865-ից ի վեր նա նշանակվում է 21-րդ հետեւակային դիվիզիայի ղեկավար:
Այդ ժամանակ Ղարաբաղում իրավիճակը բավականին կայունացել էր, եւ իշխանության վերին շերտերում Լազարեւի հանդեպ վերաբերմունքը կտրուկ փոխվեց, շատերի համար նա դարձավ «ոչ հարմար»: Այդ պատճառով էլ 1868թ. ի վեր նրան նշանակեցին Կովկասյան զորքերում, առանց որեւէ որոշակի պաշտոնի: Շուրջ տասը տարի, ըստ էության, նա մնում է անգործ, պարզապես ժամանակ առ ժամանակ որեւէ հանձնարարություն կատարելով: Թե ինչո՞ւ դա տեղի ունեցավ` դժվար է ասել: Հնարավոր է, դա կապված էր այն հանգամանքի հետ, որ Լազարեւն անհրաժեշտ կապեր չուներ, կամ էլ խանգարեց նախանձը, հնարավոր է նաեւ, որ գեներալը չի կարողացել դրսեւորել անհրաժեշտ ճկունություն եւ ճարպկություն:
1877թ. սկսվում է ռուս-թուրքական պատերազմը, որի թատերաբեմն են դառնում Բալկաններն ու Անդրկովկասը: Լազարեւն անմիջապես նամակ է գրում կովկասյան բանակի գլխավոր հրամանատարին. «Ես չեմ խնդրում որեւէ հատուկ նշանակում: Ինձ, որպես ծեր զինվորի, բավական կլինի կանգնեցնել որեւէ զորասյան գլխին, որպեսզի նրանց հետ հարձակման անցնեմ թշնամու դեմ եւ այդպիսով կատարեմ թագավորին տրված երդումը»:
Վերջապես Լազարեւը գեներալ Դեւիլի փոխարեն նշանակվում է Բայրակտարի առանձին դասակի հրամանատար: Լազարեւը պետք է գրավեր Վեզինքեւի եւ Բորլոխի շրջանները, այդպիսով փակեր Մուխթար փաշայի մուտքը դեպի Կարս: Լազարեւից էր կախված գործողությունների ողջ հաջողությունը: Նա փայլուն կերպով կատարեց իր առաջադրանքը` կործանիչ հարված հասցնելով Մուխթար փաշայի զորքերին, այնպես որ, թուրքերի առաջխաղացման մասին անգամ խոսք գնալ չէր կարող:
Դրանից հետո ռուսական զորքերը պետք է գրավեին Կարսը: Կարսը յուրահատուկ ամրոց էր, որի գրավումը կնշանակեր` հաղթել պատերազմը:
Ամրոցի գրավումը շատ դժվարին ու արյունալից էր: Մի պահ Լազարեւի հաջողությունն իրոք կասկածելի էր, եւ նրան հայտնեցին, որ կարող է զորքերը ետ տանել, եթե կասկածում է հաղթանակի հասնելու մեջ: Գեներալն այսպես պատասխանեց. «Հաղորդեք ձեզ ուղարկողին, որ ես կգրավեմ Կարսը: Չգրավեմ այն այս գիշեր` կգրավեմ ցերեկը, ցերեկը չգրավեմ` կռվելու եմ մյուս գիշերը»:
Պաշարումը հաջողությամբ պսակվեց, եւ Լազարեւը ստացավ Գեորգիի 2-րդ աստիճանի շքանշան եւ գեներալ-համհարզի ուսադիրներ: Կարսը դարձավ Լազարեւի աստեղային ժամը, հենց այս ժամանակ էլ բացահայտվեց խոշոր ռազմական ղեկավարի նրա տաղանդը:
1878թ. սկզբին Լազարեւին հանձնարարված էր Վան եւ Մուշ քաղաքներում գործողություններ ծավալել, որտեղ պաշարված Բաթումին ազատագրելու համար հավաքվել էին բազում քուրդեր: Գեներալն անմիջապես հարձակման անցավ եւ ցրելով դուրս քշեց քրդերին: Իսկ երբ գեներալ Լորիս-Մելիքովը ստիպված էր լքել ռազմական արենան, նրա հետեւորդ նշանակեցին հենց Լազարեւին: Այս պաշտոնը գեներալը զբաղեցրեց մինչեւ պատերազմի ավարտը: Սակայն Լազարեւը ստիպված չեղավ հանգստանալ, նրան էր սպասում Կենտրոնական Ասիան: Ծեր զինվորը մասնակցելու էր իր վերջին արշավին:
1879թ. գեներալը նշանակվում է հատուկ հետախուզական դասակի հրամանատար, որը պետք է ճնշեր Ախալ-Թեքե օազիսի թուրքմեններին: Գեներալների մի մասն անմիջապես հրաժարվեց նման նշանակումից: Չհրաժարվեց միայն Լազարեւը: «Ես կռվող գեներալ եմ, այդ պատճառով էլ չեմ կարող չմասնակցել նոր պատերազմին: Իմ կողքին կլինեն զինվորները, իսկ միասին մենք անպարտելի կլինենք»,- ասում էր նրանց, ովքեր փորձում էին իրեն ետ պահել: Դժվարություններ ծագեցին հենց սկզբից: Զինամթերքի եւ պարենամթերքի միաժամանակ տեղափոխումն անհնարին էր: Հուլիսի վերջին զորքերը կենտրոնացած էին Չեքիշլարում: Հենց այդտեղ էլ ժամանեց Լազարեւը: Այդ մեծ հոգսերը սրացրին նրա հիվանդությունը: Հուլիսի 31-ին զորքերն առաջ գնացին արդեն առանց գլխավոր հրամանատարի: Գեներալի հիվանդությունն այնպես ազդեց զինվորների վրա, որ հրամանատարության մոտ տագնապ առաջացավ: Այդ մասին տեղեկանալով` Լազարեւը, չնայած իր ծանր վիճակին, ի ուրախություն բոլորի` ուղեւորվում է զորքերի ետեւից: Այստեղ գեներալի վիճակն ավելի է վատանում: Բժիշկը պնդում էր, որ հիվանդը պետք է որոշ ժամանակ հանգիստ մնա, սակայն Լազարեւն ասում էր. «Մենք պետք է առանց ժամանակ կորցնելու առաջ գնանք: Ես չեմ կարող խանգարել իմ դասակի առաջխաղացմանը»:
Մեկ օր անց նրա վիճակը վատացավ, եւ 1879թ. օգոստոսի 14-ին Լազարեւը վախճանվեց: Գեներալի աճյունը տեղափոխվեց Թիֆլիս: Լազարեւի պատվին Կարսի ամրոցներից մեկը կրում է նրա անունը: Հայազգի այդ քաջ մարդու եւ ռուսական բանակի քաջ գեներալի մասին հիշողությունները երկար մնացին կովկասյան զորքերում: Մենք էլ կհիշենք նրան` խիստ, արդարամիտ ու քաջ Հովհաննես Լազարյանին: