«Եվ մեր պահանջներն են շատանում եւ ուրիշների պահանջները` մեր նկատմամբ»,- ասաց կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, ով տեղեկացրեց, որ արդեն գրեթե ամեն ինչ պատրաստ է փառատոնի մեկնարկին, նույնիսկ հատուկ փառատոնային պիտակներով ծիրանի օղի է պատրաստվել: Իսկ հուլիսի 10-ին մեկնարկող «Ոսկե ծիրանի» բացման արարողությունը շատ կարճ է լինելու: Բացման պաշտոնական հատվածը, որի ժամանակ քաղաքապետը, նախարարը եւ այլ պաշտոնատար անձինք «Մոսկվա» կինոթատրոնում ճառեր ու «բարի գալուստ» կասեն, տեւելու է կես ժամից ոչ ավելի: Իսկ հիմնական արարողությունը հանդիսատեսը կարող է դիտել Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղադրված մեծ էկրանին: Փառատոնի հյուրերին եւ մասնակիցներին տեսնել, զրուցել եւ լուսանկարել կարելի կլինի հենց կինոթատրոնի դիմաց` գորգի վրա:
«Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը նշեց, որ իրենք «Ա» կարգի փառատոն դառնալու հավակնություններ չունեն. «Դրա համար մեր բյուջեն առնվազն պետք է 3 մլն դոլար կազմի: Մենք պետք է ոչ միայն մեծ բյուջե, այլեւ` զարգացած կինոշուկա ունենանք եւ փառատոնի շրջանակներում զարգացնենք ֆիլմերի վաճառքն ու դիստրիբյուցիան: Ընդհանրապես, ամենաբարձր «Ա» կարգի փառատոներն աշխարհում ընդամենը հինգն են` Կաննի, Վենետիկի, Բեռլինի, Մոնրեալի եւ Կառլովի Վարիի փառատոները»: Ընդ որում` հենց Կառլովի Վարիում հունիսի 30-ին մեկնարկող փառատոնին մասնակցելու է Հ.Խաչատրյանի «Պոետի վերադարձը» ֆիլմը, որը մերօրյա Հայաստանի մասին է` անցյալ դարի բանաստեղծ Ջիվանու աչքերով: Հեղինակն իր վավերագրախաղարկային ֆիլմը (ինչպես եւ իր բոլոր ֆիլմերը) «հայի տեսակի որոնում» է համարում, որը ոչ թե շոու է, այլ` հասցեագրված է «ավելի լուռ եւ համեստ հանդիսատեսին»:
Հ.Խաչատրյանը համոզված է, որ այսօր, երբ բավականին «վտիտ կինեմատոգրաֆ ունենք», կինոգործիչները պետք է դադարեն միայն սեփական ֆիլմերով հիանալ եւ ուշադրություն դարձնեն այն լավին, որը ստեղծվում է մրցակից-հեղինակների ջանքերով: Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը, ով Տիգրան Խզմալյանի հետ միացել է փառատոնի կազմկոմիտեի աշխատանքներին, «Ոսկե ծիրանը» «մութ թագավորության մեջ ծագած ճառագայթի է նմանեցնում». «Այդ փառատոնին օգնել է պետք, այլ ոչ թե անհատականությունների վերածել ու ասել` սրան սիրում եմ, իսկ սրան` ոչ: Նման վերաբերմունքը կործանում է մեզ: Էլ որտե՞ղ մեր հանդիսատեսը կարող է այդ որակի ֆիլմեր դիտել»: Իսկ դիտելու, ծանոթանալու եւ կինովարպետների հետ շփվելու առիթներ «Ոսկե ծիրանն» անպայման տալու է: