Երեւանի դատախազությունն արդեն բացահայտել է հունիսի 22-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի «Բանկի կռուգ» կոչվող հատվածում կատարված դաժան սպանությունները: Հիշեցնենք, որ բազմաթիվ քաղաքացիների աչքերի առաջ հրազենային կրակոցների արդյունքում սպանվել էին Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ, հանգուցյալ Վահան Զատիկյանի որդին` 26-ամյա Սեդրակ Զատիկյանը եւ պատահական մի անցորդ: Ս. Զատիկյանի հետ հաշվեհարդար է տեսել ԱԺ պատգամավոր, «Ոգու փորձություն» հ/կ նախագահ Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) եղբոր` Սիմոն Հակոբյանի որդին Ստեփան Հակոբյանը: Մեր աղբյուրների հավաստմամբ, հանգուցյալ Վ. Զատիկյանը, ով նաեւ Հ. Հակոբյանի քավորն է եղել, ժամանակին «թիկունք» է եղել Հակոբյանների ընտանիքին, սակայն վերջին շրջանում Ս. Հակոբյանի եւ Վ. Զատիկյանի որդիները թշնամիներ են եղել: ՀՀ Գլխավոր դատախազությունից տեղեկացանք, որ հունիսի 24-ին ապօրինի զենք, զինամթերք կրելու կասկածանքով ձերբակալվել է Ստեփան Հակոբյանը, ով վերոնշյալ գործով անցնում է որպես կասկածյալ: