Հիշեցնենք, որ հունիսի 22-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի «Բանկի կռուգ» կոչվող հատվածում տեղի ունեցած հրազենային «ռազբորկայի» հետեւանքով զոհվել էր համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդին` Սեդրակ Զատիկյանը: Դեպքից հետո ականատեսները պատմում էին, որ Ս. Զատիկյանի` «10ՏՏ045» պետհամարանիշի «Մերսեդես-Բրաբուս» ջիփին Տիչինա փողոցից հետապնդել են մգեցված ապակիներով մի քանի ջիփեր, որոնք եղել են առանց պետհամարանիշերի: «Բանկի խաչմերուկում» սկսել են ավտոմատներից կրակահերթեր տեղալ: Հրազենային մի քանի վնասվածք ստացած Զատիկյանը վիրավոր վիճակում փորձել է խույս տալ մարդասպաններից: Բայց ճանապարհին` հարձակման վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա` «Մետաքսի կոմբինատի» դիմացի մասում, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, բախվել է հանդիպակաց ընթացող բեռնատարին եւ տեղում մահացել: Այլ տեղեկությունների համաձայն՝ Ս. Զատիկյանին սպանողը նրան ոչ թե հետապնդել է մեքենայով, այլ զոհին սպասել է «Բանկի կռուգում»: Երբ Զատիկյանի մեքենան անցել է մոտից, վերջինս ջութակի տուփի նմանվող արկղից հանած ավտոմատով կրակահերթ է արձակել վարորդի ուղղությամբ: Հրազենային մի քանի վնասվածք ստացած Զատիկյանը վիրավոր վիճակում փորձել է խույս տալ: Սակայն այդ տղան վազել է մեքենայի հետեւից ու շարունակել կրակել նրա ուղղությամբ: Հետաքրքիր է, որ սպանությունից հետո շատ էր խոսվում այն մասին, որ Զատիկյանին կրակողը եղել է փոքրամարմին, նիհար երիտասարդ: Դեպքից հետո շրջանառվում էին մի քանի վարկածներ: Մասնավորապես շատ էր խոսվում, որ սպանության հեղինակը ԱԺ մեկ այլ պատգամավորի՝ Սամվել Ալեքսանյանի շրջապատի մարդիկ են, քանի որ Ս. Զատիկյանի եւ նրանց միջեւ դեպքից մի քանի օր առաջ լուրջ միջադեպ էր տեղի ունեցել՝ կապված Մալաթիայի շուկայում ազդեցությունների ոլորտի բաժանման հետ: Սակայն այդ վարկածը իրավապահները հերքել էին: Եվ կանգ առան այն վարկածի վրա, որ Զատիկյանին սպանողը Հակոբ Հակոբյանի շրջապատի անձինք են: Ի դեպ, նախօրեին «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում Հ. Հակոբյանն ասել էր. «Ուզում է եղբայրս լինի, ուզում է որդիս լինի՝ պիտի պատժվի»: Ասում են, որ անձամբ Հ. Հակոբյանն է իր եղբորորդուն ներկայացրել իրավապահ մարմիններին: Մեր աղբյուրների հավաստմամբ, դեպքից որոշ ժամանակ անց Վ. Զատիկյանի փոքր որդին՝ Անդրանիկ Զատիկյանը եղբորը սպանողների տան վրա կրակել է, սակայն տանը ոչ ոք չի եղել: Բարեբախտաբար պատահական անցորդներ էլ չեն տուժել: