Ներկայումս շատ է խոսվում բանկային համակարգի զարգացման, տնտեսության մեջ ավելի մեծ դերակատարություն ունենալու անհրաժեշտության մասին։ Խորհրդային տարիների ավանդները կորցնելուց, դրանից հետո տարբեր ֆինանսական բուրգերի («Մերկուրի էնթերփրայզ», «Ջեյ Էմ Զեթ» եւ այլն) եւ մասնավոր բանկերի սնանկացումից տուժած քաղաքացիներին ժամանակ էր պետք այս համակարգի նկատմամբ կրկին վստահություն ձեռք բերելու համար։ Թվում է՝ այդ հավատը կամաց-կամաց վերականգնվում է, մարդիկ սկսում են նորից իրենց գումարներն ի պահ տալ այս կառույցներին, սակայն տեղի են ունենում այնպիսի բաներ, որոնք ոչ միայն արգելակում են այս գործընթացը, այլ կարող են նոր ճգնաժամի ենթարկել ոտքի կանգնող ոլորտը։ Մեր տեղեկություններով` մի քաղաքացի ոսկու գրավի դիմաց ցանկացել է 800 հազար ԱՄՆ դոլար վարկ ստանալ հեղինակավոր բանկերից մեկում, սակայն գրավը պարզապես «անհետացել» է, իսկ գումարն այդ քաղաքացուն մինչ այժմ չեն տվել։ Այժմ քննություն է ընթանում իրավապահ մարմինների կողմից: Նույնատիպ մի պատմություն եղել էր մեկ այլ ճանաչված բանկի հետ սրանից որոշ ժամանակ առաջ. քաղաքացին 100 հազար դոլարի ավանդ է ներդնում, հետո չի կարողանում ապացուցել, որ ինքն այդ բանկին փող է տվել։ Կես տարի է պահանջվում դա ապացուցելու համար: Հաշվի առնելով, որ գործարար հեղինակությունը բանկի համար կարեւոր գործոն է, առայժմ զերծ ենք մնում անուններ հրապարակելուց։ Սակայն քանի որ բանկերն աստիճանաբար ներգրավվում են տնտեսական հարաբերությունների ամենատարբեր ոլորտներին (անշարժ գույքի գործարքներ, աճուրդներ եւ այլն), եւ այսպիսի դեպքերն անմիջական ազդեցություն են ունենում ողջ տնտեսության վրա, առաջիկայում մենք անպայման կանդրադառնանք այս խնդրին, իհարկե, որոշ մանրամասներ ճշտելուց հետո։