«Բոլոր երեք հանրապետությունների իշխանությունները պետք է հասկանան, որ փոխադարձ շահերն ավելի կարեւոր են, քան ներկայիս հակասությունները: Մի երկրի անվտանգությունը չի կարող կառուցվել ի հաշիվ մյուսի անվտանգության: Հարեւանների անվտանգությունը պետք է լինի մեր անվտանգության երաշխիքը»:
– Ինչպե՞ս կգնահատեք Հարավային Կովկասի անվտանգության վրա տարածաշրջանի հակամարտությունների ունեցած ազդեցությունը:
– Հարավային Կովկասի հանգուցային հակամարտությունը ղարաբաղյանն է: Ի տարբերություն վրաց-աբխազական եւ վրաց-օսական հակամարտությունների, Ղարաբաղյան հակամարտությունում ներգրավված են հարավկովկասյան հանրապետություններից երկուսը: Ի տարբերություն Վրաստանում առկա հակամարտությունների, որոնք չեն խոչընդոտում տարածաշրջանային ինտեգրացիային, Ղարաբաղյան հակամարտությունը լուրջ արգելք է հանդիսանում միջազգային ամբողջական նախագծերի ու ներդրումների իրականացմանը: Ղարաբաղյան հակամարտությունը արգելափակում է հարավկովկասյան հաղորդակցության ուղիների զգալի մասը: Ի տարբերություն Աբխազիայի եւ Օսիայի հակամարտությունների, որոնց գլխավոր մասնակիցներն են համապատասխանաբար՝ Վրաստանը, Աբխազիան, Ռուսաստանը եւ Վրաստանը, Օսիան, Ռուսաստանը, Ղարաբաղյան հակամարտությունում ներգրավված են Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանը, Հայաստանը, Թուրքիան, իսկ Իրանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան հետապնդում են խիստ որոշակի շահեր:
Հարավային Կովկասը կարող է զարգանալ եւ ծաղկել միայն որպես միասնական տարածաշրջան եւ միասնական շուկա: Եվ ես չեմ կարծում, թե Կովկասում Ռուսաստանի ներկա քաղաքականությունը դրական ազդեցություն ունի: Ռուսաստանի քաղաքականության արդյունքում եւ Հայաստանի իշխանության ջանքերով՝ այսօր Հարավային Կովկասում առկա են բաժանարար գծեր: Վրաստանը եւ Ադրբեջանը ջանում են ապահովել իրենց ազգային անվտանգությունը՝ եվրաատլանտյան կառույցներին եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհով: Իսկ Հայսատանի իշխանությունները երկրի անվտանգությունը պայմանավորում են Հայաստանում ռուսական ռազմական բազաների առկայությամբ եւ ռուսական քաղաքական հովանավորությամբ: 21-րդ դարում որեւէ երկրի անվտանգության հիմքը չեն կարող լինել զինված ուժերը, հատկապես՝ օտար զինված ուժերը: Ավելին, ես կասկածում եմ, որ Ռուսաստանն ուզում է օգտագործել Հայաստանին՝ Վրաստանի հետ իր խնդիրներում: Այսօր մեծ վտանգ կա, որ նման քաղաքականություն վարելու դեպքում Հայաստանը տարածաշրջանում կարող է դառնալ ապակայունացնող լուրջ գործոն:
– Ինչո՞ւ մինչեւ հիմա ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ եւ սկզբունքորեն կարո՞ղ է այն լուծվել:
– Գլխավոր պատճառն այն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ստեղծված իրավիճակի փոփոխմամբ շահագրգռված չեն. Ղարաբաղյան հակամարտությունը նրանց իշխանության հիմքն է, այդ պատճառով էլ որեւէ փոփոխություն սպառնալիք են համարում իրենց իշխանությանը, երկուսն էլ պատրաստ չեն հակամարտության լուծմանը նպաստող գործողություններ ձեռնարկելու: Աստանայում Պուտինի կազմակերպած հանդիպման ժամանակ առաջարկ է եղել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով անցկացնել հանրաքվե: Իմ կարծիքով, դա չի օգնի հակամարտության կարգավորմանը եւ Ալիեւին ու Քոչարյանին միայն անվերջանալի բանակցությունների ու ժամանակ շահելու հնարավորություն կտա:
Կողմերի դիրքորոշումները փակուղային են: Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, թե քանի դեռ չի լուծվել Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի հարցը, բանակցություններ չեն լինի: Նա պահանջում է կարգավիճակ՝ տարածքների դիմաց: Նախագահ Ալիեւն իր հերթին ասում է, թե բանակցությունները կսկսվեն այն բանից հետո, երբ կվերադարձվեն Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում հայերի գրաված հողերը: Երկու դիրքորոշումն էլ անիրական են: Իմ կարծիքով, հակամարտության լուծման միակ միջոցը փուլային կարգավորումն է` նախապես չքննարկել Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որոշ զիջումների դիմաց Ադրբեջանին վերադարձնել որոշ տարածքներ, եւ այլն: Ընդհանուր առմամբ, ամենաիրական լուծումը կարող է լինել փուլ առ փուլ, տարածքների մի մասի վերադարձը՝ անվտանգության միջազգային լիարժեք երաշխիքների եւ ապաշրջափակման դիմաց: Այս դեպքում Ադրբեջանը հետ կստանա որոշ տարածքներ, փախստականները կկարողանան վերադառնալ: Հայաստանը կձերբազատվի շրջափակումից եւ կկարողանա մասնակցել տարածաշրջանի ինտեգրացիոն գործընթացներին: Լեռնային Ղարաբաղը կստանա անտանգության միջազգային կայուն երաշխիքներ, ես նկատի ունեմ` քաղաքական, իրավական, ռազմատեխնիկական: Նույնիսկ Քոչարյանի մերձավոր շրջապատից շատ մարդիկ մասնավոր զրույցների ընթացքում ընդունում են, որ հակամարտության խաղաղ լուծման միակ ուղին փուլային կարգավորումն է: Միաժամանակ նրանք խոստովանում են, որ սկզբունքորեն չեն ուզում իրական կարգավորում եւ այդ պատճառով արգելակում են:
Հայաստանի եւ Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակները միմյանց շատ նման են: Կառավարությունները կազմակերպում են հակաադրբեջանական քարոզչություն Հայաստանում եւ հակահայկական` Ադրբեջանում: Այդ քարոզչությունն աստիճանաբար դառնում է պաշտոնական դիրքորոշում եւ երկու կառավարությունների քաղաքականություն:
Երեք տարի առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պատրաստ են լուծել հակամարտությունը, սակայն դրան պատրաստ չեն երկու երկրների հասարակությունները: Ես համաձայն չեմ: Հակառակը` երկու ժողովուրդներն ավելի պատրաստ են, քան նախագահները: Ցավոք, ես այն տպավորությունն ունեմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները հիմա ավելի են հեռու խաղաղ կարգավորումից, քան 12 տարի առաջ, երբ ռազմական գործողություններ կային: Բացի այդ, ղարաբաղյան հակամարտությունը երկու երկրում էլ խոչընդոտում է ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին, ինչն իր հերթին ավելի է բարդացնում հակամարտության լուծումը:
– Ի՞նչ դիրքորոշում ունեն այս հարցում Միացյալ Նահանգները:
– Մինչեւ ԱՄՆ դիրքորոշման մասին խոսելը, եկեք դիտարկենք Ռուսաստանի դիրքորոշումը: Արդի Ռուսաստանն անկանխատեսելի է, եւ դա շատ վտանգավոր է: Ինձ շատ են անհանգստացնում Ռուսաստանի նոր ռեֆորմները, քանի որ հարվածի տակ են դրվում ժողովրդավարությունն ու ռուսական ֆեդերալիզմը: Կարծում եմ, դա կհանգեցնի միայն վատ հետեւանքների:
Ռուսաստանը Կովկասը չի ուզում տեսնել որպես միասնական քաղաքական տարածաշրջան, այլ ուզում է նրա մասնատումը: Ռուսաստանի կովկասյան քաղաքականությունը հիմնված է չորս սյուների վրա` կովկասյան հակամարտություններ, Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների կասկածելի լեգիտիմություն, ռուսական ռազմական բազաներ եւ հայ-թուրքական սահմանի բլոկադա: Եթե այդ սահմանը բացվի, վստահ եմ, Հարավային Կովկասում կառաջանան նոր մակարդակի ու որակի հարաբերություններ: Եվ դա դրական ազդեցություն կունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը ամբողջ տարածաշրջանի համար կարեւոր կայունացնող գործոն կդառնան: Այդ իմաստով՝ ԱՄՆ-ի խնդիրը պետք է լինի հայ-թուրքական հարաբերությունների զարգացման խրախուսումը:
Ինձ թվում է, որ Թուրքիայի ներկա կառավարությունն ավելի, քան իր նախորդներն, ունակ են այդ ուղղությամբ իրական քայլեր ձեռնարկելու: Հայաստանն ու Թուրքիան մերձեցնելու նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հաջող ջանքերը դադարեցին ղարաբաղյան հարցի էսկալացիայի եւ 1998-ին տեղի ունեցած իշխանափոխության պատճառով: Այսօր թուրք շատ քաղաքագետներ եւ դիվանագետներ մասնավոր զրույցներում համաձայնում են, որ Հայաստանի հետ սահմանի բացումը ձեռնտու է Թուրքիային: Թուրքիայի արեւելյան շրջաններում տնտեսական վիճակն ավելի վատ է, քան Հայաստանում, եւ այդպիսով՝ առեւտրական հարաբերությունների ընդլայնումը կարող է դրական ազդեցություն ունենալ այդ շրջանների վրա:
Հարավային Կովկասի տարածաշրջանային զարգացմամբ հետաքրքրված է Եվրոպական Միությունը: Վերջին տարիներին ԵՄ-ն բավական ակտիվ էր: Եթե մի քանի տարի առաջ ԵՄ ղեկավարները հայտարարում էին, թե տարածաշրջանում չեն սկսվի մեծ նախագծեր, քանի դեռ կարգավորված չեն հակամարտությունները, ապա հիմա հավաստիացնում են, որ նախագծերը գործի կդրվեն խաղաղ գործընթացում դրական տեղաշարժ արձանագրելուց անմիջապես հետո: Ի տարբերություն Ռուսաստանի, ԵՄ-ն ուզում է Կովկասը միասնական տեսնել: Ցավոք, եվրոպական կառույցները դեռ դանդաղում են, իսկ Հարավային Կովկասում եւ նրա շուրջն ամեն ինչ արագ փոխվում է: Հուսով եմ, որ ԵՄ-ի գործողություններն ավելի արդյունավետ կդառնան: Հատկապես, եթե Թուրքիան շարունակի ձգտել դեպի Եվրամիություն: Դա օգտակար կլինի ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար: Անդրկովկասը ԵՄ-ի հետ ընդհանուր սահման կունենա, իսկ Թուրքիան կդառնա ավելի կանխատեսելի:
Ես վստահ եմ, որ Ղարաբաղյան հակամարտության ներկա վիճակը չի կարող հավերժ տեւել: Եթե կողմերը կարգավորման չհասնեն, իրավիճակը կարող է զարգանալ երկու սցենարով: Առաջին դեպքում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի վրա կմեծանա արտաքին ճնշումը` ուղղորդելով դեպի «Դեյտոնյան համաձայնագրի» կնքում, ինչն, իմ կարծիքով, այսօր իրական չէ: Երկրորդ դեպքում կսկսվի հակամարտության էսկալացիայի նոր ալիք, ինչից հատկապես պետք է զգուշանալ:
– Ի՞նչ վերաբերմունք ունի Հայաստանի ներկա կառավարությունը Թուրքիայի հետ սահմանի բացման հարցի վերաբերյալ:
– Ցավոք, Հայաստանի ներկա իշխանությունները շահագրգռված չեն այդ հարցի առաջընթացով: Նախ` վերը բերված պատճառներով՝ ներկա կառավարությանը ձեռնտու չէ Ղարաբաղյան հակամարտության լուծումը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման արդյունքում: Երկրորդը` Հայաստանի տնտեսությունն օլիգարխիկ է, եւ սահմանի բացումը կարող է վտանգել օլիգարխների շահերը, որոնք գործում են Հայաստանի իշխանության բարձր հովանավորությամբ: Ավելին` դա կարող է սասանել Քոչարյանի քաղաքական իշխանությունը: Երրորդը շատ պարզ պատճառ է` Մոսկվան այդ բանը չի ուզում: Դրա համար էլ, ամեն անգամ, երբ արծարծվում է հայ-թուրքական հարաբերությունների հարցը, Հայաստանի ներկա կառավարությունը հայտարարում է, թե ոչ մի հարաբերության մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ես համոզված եմ, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը չպետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր նպատակը:
– Ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները:
– Վերջին մի քանի տարվա միտումները ցույց են տալիս, որ հայ-իրանական տնտեսական հարաբերությունները հետընթաց են ապրում: Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում մենք շատ ջանք թափեցինք, որպեսզի ԱՄՆ-ին բացատրենք, որ Իրանը մեր հարեւանն է, եւ անհրաժեշտ է, որ մենք տնտեսական կապեր ունենանք: Միաժամանակ մենք նշում էինք, որ Իրանը մեզ համար քաղաքական գործընկեր չէ: Իրանի սահմանով անցնող տնտեսական միջանցքը մեզ համար հատկապես կարեւոր էր շրջափակման տարիներին: Այդ ժամանակ ԱՄՆ-ը համաձայն էր մեր դիրքորոշմանը:
Այսօր հայ-իրանական հարաբերությունների հիմնական ուղվածությունը ոչ թե տնտեսականն է, այլ` քաղաքականը: Ավելին` եթե նկատի ունենանք, որ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ կան որոշակի խնդիրներ, ապա հայ-իրանական հարաբերությունների ներկայիս միտումները ապագայում կարող են բարդություններ ստեղծել Հայաստանի համար: Տնտեսական հարաբերությունները բոլորի համար հասկանալի են, բայց երբ ի հայտ են գալիս քաղաքական ասպեկտներ, այդ ժամանակ ջրի երես կարող են դուրս գալ այնպիսի գործոններ, ինչպիսիք են թուրք-իրանական, ռուս-իրանական, ամերիկա-իրանական շփումներն ու այլ խճողված հարցեր, որոնք բազմաթիվ էական խնդիրներ են պարունակում:
– Իրակա՞ն եք համարում անվտանգության ձեռքբերումը Հարավային Կովկասում:
– Միակ ճանապարհը, ինչի շնորհիվ Կովկասը կարող է դառնալ կայուն տարածաշրջան, նրա վերածումն է միասնական աշխարհաքաղաքական տարածքի: Բոլոր երեք հանրապետությունների իշխանությունները պետք է հասկանան, որ ընդհանուր շահերն ավելի կարեւոր են, քան ներկայիս հակասությունները: Մի երկրի անվտանգությունը չի կարող կառուցվել ի հաշիվ մյուսի անվտանգության երկրի վտանգվածության վրա: Հարեւանների անվտանգությունը պետք է լինի մեր անվտանգության երաշխիքը: Միայն այս դեպքում մենք կապահովենք կայունություն եւ տարածաշրջանային աչդյունավետ զարգացում: Սա այլընտրանք չունի, բայց դա իրականացնելու համար անհրաժեշտ է հասնել անշրջելի ժողովրդավարության եւ Հարավային Կովկասում ունենալ լեգիտիմ իշխանություններ: Անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է նաեւ Հարավային Կովկասում հաղթահարել ռուսական վետոն:
10 նոյեմբերի, 2004թ. Washington ProFile
Թարգմանությունը (կրճատումներով)՝ ՏԻԳՐԱՆ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆԻ