Այստեղ, պարզվում է, մարդիկ են ապրում

28/06/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Տէցի կռուգ» կոչվող թաղամասը վատ, հանցագործություններով լի համբավ ունի: «Տէցի կռուգի» խորքերում դժվար է հանդիպել մարդկային կերպարանքների: Քաղաքի այս հատվածում միայն սովետական տարիներից մնացած, սակայն թալանված գործարանների արտաքին կաղապարներն են երեւում: Արցախի 4-րդ նրբանցք հասցեում կիսափուլ շենք է երեւում:

Անծանոթ այցելու տեսնելով՝ փլված այդ շենքի պատուհաններից մարդիկ են դուրս թափվում: Թերեւս անգամ աղետի գոտում այսպիսի շենքեր չկան: Այս թաղամաս մուտք գործելու համար նույնիսկ համարձակություն է պետք, կարող ես կորչել, եւ ոչ ոք չի իմանա գտնվելուդ վայրի մասին: Մարդիկ այստեղ մշտական բնակության վայր չունեն, քոչվորի կյանք են ապրում, կյանքի դժվարություններից ամեն օր հալածվում են: Վատ համբավ ունեցող այս թաղամասում ապրող մարդիկ վախենում են իրենց երեխաների ապագայի համար. որ հանցագործներ կդառնան: Շենքի բակում տեղադրված աղբամանների մոտ հաճախ երեխաների հերթ է գոյանում, որովհետեւ քաղցի պատճառով նրանք աղբամաններն են քչփորում, որ ուտելու մի բան գտնեն: Իսկ երբ աղբի միջի ուտելիքների մնացորդների պաշարը սպառվում է, ալյումին են փնտրում, որպեսզի վաճառեն ու մի կտոր հաց գնեն: Այստեղի կենսակերպն անտանելի է եւ դժվար նկարագրելի: Երեխաները կրթություն ստանալու հնարավորություն չունեն, որովհետեւ դպրոց, մանկապարտեզ չկա: Ծնողների համար էլ աշխատանք չկա: Այլ կերպ ասած՝ քաղաքի այս հատված այցելելիս տպավորություն է ստեղծվում, թե բնակիչների մի մասը 21-րդ դարում չեն ապրում:

Աղբամանները փորփրող ոտաբոբիկ, արեւից սեւացած երեխաների ծնողները վստահեցնում են, որ իրենց երեխաների ապագան գաղութներում է, որովհետեւ կյանքը նրանց կրթում է հանցավոր աշխարհի կանոններով: Այս կարծիքը մեզ հետ զրույցում արտահայտեցին այդտեղ ապրող Արցախյան պատերազմի որոշ ազատամարտիկներ: Նրանցից մեկը քայլում էր հենափայտի օգնությամբ՝ կաղալով, մյուսը՝ պրոթեզից ձեռքով էր…: Երեխաներից շատերի ծնողները Ղարաբաղյան պատերազմի մասնակից են, ովքեր եկել, պատսպարվել են «ՏԷցի» նախկին 5-րդ Գեղարվեստի ուսումնարանի, մթությամբ ու գորշությամբ պատված շինության մեջ:

Լքված, դատապարտված դափնին

Կարապետ Կարագուլյանի 48-ամյակը բոլորել է, 2-րդ կարգի հաշմանդամ է: Նա եւս Ղարաբաղյան պատերազմի կամավորականներից է եղել: Պատերազմի տարիներին խոնավությունից տուբերկուլյոզ է տարել: «Վերադառնալով տուն, դուրս եկա տանից, որովհետեւ շատվոր էինք, ուրիշ տուն չունեինք` հայրականից բացի: Ծնողներիս, 3 եղբայրներիս, իրենց ընտանիքներին եւ երեխաներին վարակելու վտանգ կար: Մեկուսացա: Եկա էս կողմերը, տեսա` անմարդաբնակ կղզի ա, մտա էս շենք ու, 15 տարի ա, ինչ ստեղ եմ ապրում»,- ասում է Կարապետն, ով դիսպանսերային հիվանդ է: Տարվա մեջ պարտադիր կերպով 2 անգամ հիվանդանոց է գնում բուժվելու: Հարեւանն իր ազատամարտիկ ընկերոջն անվանում է լքված, դատապարտված դափնի: Շահումյան թաղամասի նախկին բնակիչ Կարապետին Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանը խոստացել էր բնակարանով ապահովել: «1996 թվականից ինձ գրանցեցին առաջնահերթ եւ արտահերթ, սակայն նրա մահից հետո բնակարանը սառույցին գրվեց, իսկ ինձ տիրություն անող չեղավ»,- ասում է Կարապետը, ով ներկայումս սարսափելի ծանր պայմաններում 2 երեխա է մեծացնում: 5000 դրամ թոշակի եւ հարեւանների օգնության հույսին է: Քանիցս դիմել է «Երկրապահ կամավորական միություն», սակայն այնքան են «տարել-բերել», որ հիասթափվել, հույսը կտրել է: Ասում է՝ «Ավելի լավ է, հարեւաններիս ասեմ` ինձ հացի փող տվեք, քան թե կազմակերպությունների ու պետության առաջ վիզ ծռեմ»:

Իշխանություններին խնդրում եմ անմարդաբնակ այս կղզուն ուշադրություն դարձնել»:

«Ես զղջում եմ, որ գնացել եմ Ղարաբաղում կռվելու, էնքան եմ զղջում…»,- ասում է պատերազմի վետերան Սոս Պետրոսյանն, ով զայրանում է, որ ինքը գնացել կռվել, արյուն է թափել, իսկ Երեւանում հանգիստ «ֆռֆռացողները» հիմա եկել իրեն վռնդում են շինությունից՝ ասելով, թե ապօրինի է տեղավորվել այդ շենքում: «Հայրենիքը պաշտպանեցինք, որ Հայրենիքում մենք տեղ չունենա՞նք: Ջուրն ի՞նչ է, գնում՝ եսիմ որտեղից եմ ջուր բերում, որ կինս լվացք անի»: Թեեւ հայտարարում է, որ զղջում է պատերազմին մասնակցելու համար, սակայն նաեւ վստահեցնում է, որ, եթե, Աստված մի արասցե, կռիվ լինի՝ առաջինն իր նմաններն են գնալու: «Մենք գիտենք կռվելու ձեւերն ու կռիվը: Էդ ում փորը որ ուռած ա հիմա, շատ են կերել, կարող ա պատերազմի ժամանակ իրանց ականջները կտրենք ու մեր մոտ պահենք, որ գանք ստեղ, ասենք՝ նայե՛ք, էդ աթոռը չի մենակ, ժողովրդի մասին մի քիչ մտածեք»,- ասում է Սոսը: Այս մարդկանց երեխաները դպրոց էլ չեն գնում: Պոլիկլինիկա էլ չկա, որ գոնե հարկ եղած դեպքում բուժօգնություն ստանան: Նրա խոսքերով՝ այդ տարածքում ապրող երեխաներն ապագայում հանցագործներ են դառնալու, որոնց գաղութներում պահելու է այն պետությունը, որը հանցագործ է դարձրել: Ասում է՝ երբ երեխաներին տանում են իրենց բնակավայրից հեռու գտնվող մանկապարտեզներ՝ փաստաթղթեր են պահանջում, սակայն ուսումնարանի շենքում բնակվողներից որեւէ մեկը փաստաթուղթ չունի: 2 երեխա ունի Սոս, սակայն ինքն էլ չի աշխատում: «Եթե տենց էր՝ հեն ա, կգնայի, կռվի դաշտում թալան կանեի: Հիմա փող էլ կունենայի, պաշտոն էլ կունենայի, երեխեքս էլ ապահով կլինեին»,- ասում է նա՝ ավելացնելով, որ անգամ գեներալ Մանվելի մոտ պատերազմի շարքային վետերանները մուտք չունեն, քանի որ, զավեշտալի է, սակայն, անգամ այդ գեներալների վարորդների մոտ հասնելն է դժվար դարձել: «Պետությունը, Պաշտպանության նախարարությունն ինձ փաստաթուղթ է տվել, «Ազատամարտի վետերանների միության» անդամ, թե՞ ստից կարգավիճակներ են բաժանում: Ո՞րն ա սրա արտոնությունը: Էս շենքը փլված, վթարային շենք ա, պատերի գաջն ընկավ մորս գլխին, մեռնելուց պրծավ: Փող չեմ ուզում, գոնե մի 2 մեշոկ գաջ տային, ասեին՝ սարքի պատերը ու մնա ստեղ, քեզ հանող չի լինի: Մեկից փախել ենք, մեկի պատճառով վիրավորվել ենք, բայց ռազմի դաշտից փրկվել-եկել ենք, որ ստեղ շենքի փլատակների տա՞կ մնանք: Գոնե էնտեղ մեռնեինք՝ կասեին` կռվի դաշտում մեռան, ոչ թե ստեղ՝ անտերության մեջ: Մենք իշխանություններին խնդրում ենք, որ էս անմարդաբնակ վայրին ուշադրություն դարձնեն, իմանան, որ ստեղ մարդիկ են ապրում, ոչ թե մենակ ջարդուխուրդ եղած գործարաններ են: Էս երեխեքի համար մենք արյուն ենք թափել, բայց սրանք վաղը ի՞նչ են դառնալու… հանցագործներ, որովհետեւ դպրոց, մանկապարտեզ, գիր ու գրականություն չկա»: Ազատամարտիկներն ասում են, որ իրենց աչքի առաջ հայ երեխաները, որոնց ապագայի եւ հայրենիքի համար արյուն են թափել, այսօր, խաղաղ պայմաններում` ոտաբոբիկ, պատառոտված հագուստներով աղբամաններն են քրքրում ու սովամահ են լինում:

Շենքի մյուս բնակիչ Անուշավան Մելիքսեթյանը Բաքվի փախստականներից է, ում փաստաթղթի մեջ գրված է՝ «Զինվորական ծառայության համար ոչ պիտանի»: Սակայն, չնայած այս փաստաթղթին, նրան զորակոչել են: Անուշավանն իր աջ ձեռքն ամբողջությամբ կորցրել է, պրոթեզ է դրված: 15.000 դրամ թոշակ է ստանում, որով կնոջն ու տղային է պահում:

«Նիսյայով» ապրողները

«Տէցի կռուգի» սկզբնամասը պատկանում է Էրեբունի թաղապետարանին, իսկ խաչմերուկից դեպի խորք՝ Շենգավիթ համայնքինն է: Մեր նկարագրած թաղամասը պատկանում է Շենգավիթ համայնքին, որի ղեկավար Մարտին Սարգսյանը միայն մի քանի տարի առաջ՝ ընտրությունների ժամանակ է հանդիպել բնակչության հետ: Թաղապետարանում էլ նրա երեսը չեն տեսնում: «Մեզ աջակցելու համար լիքը խոստումներ տվեց, սպասելիքների մեջ էինք, բայց դե՛, որ ընտրություններն անցնում են՝ էլ ժողովրդին ո՞վ ա բանի տեղ դնում»,- ասում են բնակիչները՝ վստահեցնելով, որ ամիսներով Կոմունալ ծառայության աղբատար մեքենաները չեն երեւում, ինչի պատճառով աղբն արդեն ծածկում է փողոցները: Ուսումնարանի շենքում հանգրվանած մոտ 30 ընտանիքների անդամները պատմում են, որ թաղապետարանը յուրաքանչյուր աղբարկղը դատարկելու համար 2000 դրամ է պահանջում՝ շատ լավ իմանալով, որ այդ բնակիչների երեխաներն աղբամանների մնացորդներով են սնվում: «Զիբիլանոցում գտած երկու պրովոդի համար իրար եսիմ ինչ են անում, որ տանեն-հանձնեն, հաց ուտեն: Ոմանք անճարությունից երեխեքին մանկատուն են տանում, որ փրկեն, թե չէ՝ սովից կմեռնեն էդ երեխեքը»,- պատմում են նրանք: Ուսումնարանի շինության վրա տանիք չկա, շենքում ջուր, կոյուղի չկա, ավելին՝ անգամ ամբողջ Արցախի 4-րդ նրբանցքում որեւէ խանութ կամ կրպակ չկա: Սեղանիկի պես ընդամենը կրպականման մի վաճառակետ կա, որի աշխատողն արդեն պարտքերի ցուցակի դավթար է կազմել, քանի որ գնորդներն անվճարունակ, «նիսյայով» ապրողներ են: