«Վրաստանում ինքնավարություններ կան, եւ նոր ինքնավարություններ չեն լինելու»,- ի պատասխան Ջավախքի հայկական կազմակերպությունների ինքնավարության վերաբերյալ հայտարարությունների, հայտարարել է Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին: Ջավախքի հայկական կազմակերպությունները կարծիք են հայտնել, թե Ջավախքին պետք է ինքնավարություն շնորհվի, իսկ հայերենին տրվի պետական լեզվի կարգավիճակ: Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն ասել է, որ «նման հայտարարություններն անհեթեթ են ու վտանգավոր եւ չեն բխում Վրաստանի ու Հայաստանի շահերից»: Հուլիսի 7-ին աշխատանքային այցով Վրաստան է մեկնելու Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը՝ մասնակցելու Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին, որը, երկկողմ պայմանավորվածության համաձայն, տեղի կունենա Աջարիայում: