Ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը մտադիր է համատեղ ձեռնարկություններ ստեղծել Իրանի պետական ընկերությունների հետ: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, «Գազպրոմ»-ի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ այդ ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը երեկ Մոսկվայում հանդիպել է Իրանի նավթի փոխնախարար Մոհամադ Հադի Նեջադ-Հոսեյնյանի հետ եւ քննարկել գազն ու նավթն արդյունահանելու, տեղափոխելու եւ վաճառելու նպատակով համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը: Ռուսաստանը սերտ տնտեսական կապեր ունի Իրանի հետ եւ ատոմակայան է կառուցում Բուշեր նավահանգստում: Մի քանի ամիս առաջ «Գազպրոմ»-ը հայտարարեց, թե գնել է Իրան-Հայաստան գազատարը, սակայն Հայաստանի իշխանությունները պնդում են, թե գազատարը չի մասնավորեցվել: