Խուճուճ պատմություն

28/06/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Այդ ընկերություններն առայժմ երկուսն են՝ «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունը» (ԱՈԱՁ) եւ «Գլոբալ Գոլդ Մայնինգը» (ԳԳՄ): Նախ` Վ.Այվազյանը` որպես վերահսկող մարմնի ղեկավար հանդես եկավ հայտարարությամբ, թե այս ընկերությունները խախտել են իրենց իրավունքներն ու պարտականությունները: Իսկ ընկերություններն էլ դժգոհեցին, թե նախարարությունը տարաբնույթ նամակներով ու պահանջներով անընդհատ խոչընդոտներ է ստեղծում իրենց աշխատանքի համար:

Բնապահպանության նախարարության վերջին նամակը, որը մասնավորապես ուղղված էր «Գլոբալ գոլդին», այսպիսի վերջաբան ունի. «Հաշվի առնելով, որ Ձեր ընկերությունը չի իրականացրել նախագծով նախատեսված աշխատանքները, չի ներկայացրել ուսումնասիրության վերաբերյալ տեղեկատվություններ եւ առ այսօր չի կնքել լիցենզային պայմանագիր, ՀՀ բնապահպանության նախարարությունը ուժը կորցրած է ճանաչում 08.07.2004թ. «ԱՀԱ» ՍՊԸ-ին տրված թիվ 1 ուսումնասիրության հատուկ լիցենզիան»: Նամակն ուղարկվել է 2006թ. հունիսի 2-ին: Սա վերաբերում է Մարջանի հանքավայրի երկրաբանահետախուզական ուսումնասիրման իրավունքին: Հիշեցնենք, որ «Գլոբալ Գոլդ» ամերիկյան ընկերությունը Հայաստանում ունեցել է ուսումնասիրման 3 տարածք՝ Արագածոտնի մարզում «Թուխմանուկ», Կոտայքի մարզում «Հանքավան» եւ Գեղարքունիքի մարզում «Գետիկ» հանքերը: Բնապահպանության նախարարության Ընդերքի շահագործման վարչության պետ Հրանտ Ավետիսյանը տեղեկացրեց, որ Հանքավանի ուսումնասիրման լիցենզիան ավարտվել է անցած տարեվերջին, իսկ ահա Մարջանի ուսումնասիրման լիցենզիան, պարոն Ավետիսյանի ասելով, նախարարությունը կասեցրել է վերոհիշյալ նամակով եւ պարտականությունները չկատարելու պատճառով: Այս վերջին փաստի հետ բոլորովին համաձայն չէ «Գլոբալ Գոլդ» ընկերության տնօրեն Աշոտ Պողոսյանը:

«Եթե կազմակերպությունը՝ լիցենզառուն, կատարում է օրենքի կամ իր պարտավորությունների խախտում, նրան նախ պետք է գրավոր զգուշացնել եւ պետք է առնվազն 90 օր ժամանակ տալ, որպեսզի խախտումները վերացվեն,- ասում է պարոն Պողոսյանը: -Եթե այդ ընթացքում չեն վերացնում, լիցենզիայից զրկելու համար նախարարությունն արդեն կարող է դիմել դատարան: Լիցենզիայից զրկված է համարվում միայն դատարանի որոշումից հետո: Մենք նամակ ենք ստացել, իբր մեր լիցենզիան արդեն վերացված է: Մենք դրանից առաջ ոչ մի զգուշացում չենք ստացել, մեզ ժամկետ չի տրվել, չի եղել նաեւ դատարանի որոշում: Ես ուզում եմ ուղղակի հստակեցնել, որ նման գրությունն իրավական ուժ չունի: Ինչ վերաբերում է խախտումներին, ապա օրենքի եւ նախագծի ոչ մի խախտում չի կատարվել: Հրանտը ճիշտ նշեց, որ մինչեւ 2007թ. մենք պետք է ավարտենք ուսումնասիրման աշխատանքները, մենք դա անելու ենք եւ վերջացնելու ենք: Այսօր 2007 թվականի վերջը չէ»:

Միջանկյալ հավելենք, որ Մարջանի ու Հանքավանի ուսումնասիրման իրավունքը նախ` պատկանել է «ՍՀԱ» ՍՊԸ-ին, որի բաժնետոմսերի 80 տոկոսը 2003թ. ձեռք է բերել ԳԳՄ-ն: Բայց մինչեւ հիմա ընկերությունը ՍՀԱ-ի անունով է կապ հաստատում Բնապահպանության նախարարության հետ: ՍՀԱ-ից բաժնեմասերի հետ ԳԳՄ-ին են փոխանցվել նաեւ իրավունքներն ու պարտականությունները: Հիմա նախարարությունը պարտականությունները չկատարելու համար ԳԳՄ-ին, նույն է թե` ՍՀԱ-ին, զրկել է լիցենզիայից: Հիշեցնենք, որ սա առայժմ վերաբերում է Մարջանի հանքավայրին: Իսկ ընկերության տնօրեն Ա.Պողոսյանը հակադարձում է, թե իրենք նախարարությանը տեղեկացրել են, որ փոխելու են աշխատանքի մեթոդը, պայթեցումների փոխարեն օգտագործելու են ավելի ժամանակակից՝ հորատանցման եղանակը: Այդ պատճառով էլ մինչեւ հիմա նախատեսված առուներ, խրամներ կամ բովանցքներ չեն արել: Բայց արել են նմուշարկումներ, դա հաստատեց նաեւ նախարարության ներկայացուցիչը: Ա.Պողոսյանի ասելով, իրենք, այնուամենայնիվ, հետազոտման որոշ աշխատանքներ իրականացրել են, որոնք ավելի շատ լաբորատոր կամ թվային բնույթ ունեն, իսկ դաշտային աշխատանքները պատրաստվում են առաջիկայում իրականացնել: Նախարարության նամակի մեջ նշված է նաեւ, որ մինչեւ հիմա «չի ներկայացրել ուսումնասիրության վերաբերյալ տեղեկատվություններ եւ առ այսօր չի կնքել լիցենզային պայմանագիր»: Ա.Պողոսյանը նշում է, որ դեկտեմբերի վերջին նախարարություն են ներկայացրել հաշվետվություն, իսկ պայմանագիրը ստորագրել եւ ուղարկել են առանձին: Սակայն նախարարությունն իր կողմից ոչինչ չի ձեռնարկել, գոնե չի ստորագրել պայմանագիրը: Իսկ Հ.Ավետիսյանն էլ նշում է, որ հաշվետվություն` որպես այդպիսին, չի եղել: Հանքերի ուսումնասիրմամբ զբաղվող մի քանի ընկերություններ ներկայացրել են հաստափոր ուսումնասիրություններ հանքերին վերաբերող բոլոր տվյալներով:

«ԳԳՄ-ի հաշվետվությունն այս մի երկու էջն է, որտեղ գրեթե ոչինչ չի երեւում կատարած աշխատանքների մասով, իսկ պայմանագիրը շարադրել եւ ուղարկել են իրենց ուզելով,- ասում է Հ.Ավետիսյանը: -Մենք բազմիցս առաջարկել ենք միասին քննարկել պայմանագիրը եւ ընդհանուր մի բան կազմել, սակայն իրենց կողմից արձագանք չենք ստացել»: «Մենք նախարարությունից խնդրել ենք պայմանագրի իրենց առաջարկած ձեւը, ստորագրել ենք, ուղարկել ենք նախարարություն, որպեսզի իրենք էլ ստորագրեն, սակայն մինչեւ հիմա պատասխան չենք ստացել»,- ասում է Ա.Պողոսյանը:

Բավականին խճճված իրավիճակ է ստեղծվում: Բոլոր դեպքերում հանքավայր այցելության պահին հստակ երեւում էր, որ այնտեղ գրեթե ոչինչ չի արվել, հանքը դեռ կուսական վիճակում է: Հ.Ավետիսյանի ասելով՝ ինչ արվել է, արվել է 90-ական թվականներին պետական միջոցներով: Նշենք նաեւ, որ հանքավայրը գտնվում է Սիսիանի շրջանի սահմանամերձ այն մասում, որը Նախիջեւանից ընդամենը 3-4 կմ է այս կողմ: Այդ շրջանը՝ հանքավայրն էլ` հետը, ականապատված են: Մինչեւ հորատման կամ այլ աշխատանքներին անցնելը, ուսումնասիրություն իրականացնողը նախ պետք է տարածքը ականազերծի. դա էլ դեռ չի արվել: Այս երեք տարիների ընթացքում այդ տարածքում դաշտային աշխատանքներ չիրականացնելը տպավորություն է ստեղծում, թե ընկերությունը մտադիր էլ չէ: Ուղղակի այս պատմությունն առիթ եղավ, որ հիշենք «Գլոբալ Գոլդի» անցյալը: Դեռեւս 1995թ. Սոդքի եւ Մեղրաձորի հանքավայրերում ոսկու արդյունահանման համար այս ընկերությունը «Հայոսկի» ՊՁ-ի հետ 50/50 հարաբերակցությամբ ստեղծում են համատեղ «ԱՈԱՁ» ձեռնարկությունը: Հետո՝ 1998թ. ԳԳՄ-ն իր 50 տոկոսի 80 տոկոսը փոխանցում է կանադական «First Dynasty Mines Armenia» ընկերությանը, որն էլ իր հերթին ամբողջ բաժնեմասը վերջերս փոխանցեց «Վեդանտա Ռեսուրսիսին»: ԳԳՄ բաժնետոմսերի հետ, բնականաբար, այս ընկերությանն է փոխանցվել նաեւ ոսկու արդյունահանման իրավունքը: Մենք ընկերությունից չկարողացանք տեղեկանալ, թե ինչքան է եղել իրենց ներդրումը համատեղ ձեռնարկությունում կամ իրենց 50 տոկոսը փոխանցելու դեպքում փոխարենն ինչ են ստացել:

Այս պատմության մեջ հետաքրքիր է ՍՀԱ-ի տնօրեն Յուրա Լալազարյանի մասնակցությունը. նա տեղեկացրեց, որ Մարջանում ընդամենը 50.000 դրամով է ուսումնասիրման իրավունք ձեռք բերել, բայց իր բաժնետոմսերի 80 տոկոսը ԳԳՄ-ին վաճառել է 15.000 եւ 160.000 դոլարով: Հիմա ներդրումներ կատարելու ժամանակ ԳԳՄ-ն կարծես թե ուզում է սա էլ վերավաճառել, հավանաբար, հավելյալ գումարներ էլ կաշխատի: Կարծես պատմությունը կրկնվում է. երբ հասնում է ռեալ ներդրումների պահը, ԳԳՄ-ն իր բաժնեմասը կիսում է մեկ այլ ընկերության հետ: Մեկ էլ տպավորություն է ստեղծվում, թե մեր կառավարությունն է նրան այս վիճակին բերել: Անհասկանալի են կանադական ընկերության, ԳԳՄ-ի եւ մեր կառավարության հարաբերությունները: Կողմերի հայտարարություններն այնքան հակասական են, որ ակամա մտածում ես, թե բոլորն էլ ինչ-որ բան թաքցնում են եւ ինչ-որ բան են ուզում իրար հասկացնել: Եվ արված հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ տարաձայնություններ կան ստվերային համաձայնության հետ կապված:

Հ.Գ. Բնապահպանության նախարարության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ Մարջանի հանքավայրի երկրաբանական հետախուզման համար մեկ այլ ընկերություն է հայտ ներկայացրել: Հայտը քննարկվում է, եւ չի բացառվում, որ բավարարվի: Իսկ Ա.Պողոսյանն էլ ասաց, որ իրենք իրենց աշխատանքները շարունակելու են եւ նման բաների վրա զերո ռեսուրս են ծախսելու: