Մոնթե Մելքոնյան (ՀՀ Ազգային հերոս), Աշոտ Ղուլյան՝ (Շուշիի հերոս), Վարդան Ստեփանյան (Շուշիի հերոս), Պետրոս Ղեւոնդյան (Շուշիի հերոս), Արթուր Դարբինյան (Շուշիի հերոս), Թաթուլ Կրպեյան (ՀՀ Ազգային հերոս): Թվով 6 զոհված ազատամարտիկների հուշատախտակները գտնվում են անխնամ վիճակում, ավելին՝ ցանկապատված այդ տարածքը գարշահոտում է, եւ անփույթ, դեղնած բուսականությունը գրեթե ծածկել է հերոսներին նվիրված հուշատախտակները: Փորձեցինք ճշտել, թե ինչո՞ւ Թոխմախի գերեզմանատան «շքեղ» գերեզմանների կողքին գտնվող այդ տարածքը չի խնամվում, առավել եւս, եթե այն Ազգային հերոսներին նվիրված հուշատախտակ է: Քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկման վարչության պետ Կարեն Գեւորգյանն, ով կարգավորում է գերեզմանատների հետ կապված խնդիրները, մեզ հետ զրույցում նշեց, որ այդ հարցով պետք է դիմել Թաղման բյուրո, քանի որ նրանք համապատասխան հաստիքացուցակ ունեն, որոնք զբաղվում են գերեզմանատների պահպանությամբ: Թաղման բյուրոյի փոխտնօրեն Գաբիկ Գաբիկյանն էլ տեղեկացրեց, որ հուշատախտակների ցանկապատված տարածքի խնամքն իրենց իրավասության մեջ չի մտնում, որովհետեւ այն վարձակալել է ոմն Ազգային հերոս Միշիկ: Թեեւ Գ. Գաբիկյանը լավ չէր տիրապետում Միշիկի գործունեությանը, այդուհանդերձ նշեց, որ Միշիկին պատկանել է ինչ-որ «Ղարաբաղ-89» կոոպերատիվ, որն արտադրական գործունեություն է իրականացրել: Թե ի՞նչ կապ ունի ազատամարտիկների հուշատախտակների տարածքը վերոնշյալ կոոպերատիվի հետ՝ պարզ չէ: Գ. Գաբիկյանի ասելով՝ տարածքը վարձակալությամբ տրամադրվել է Միշիկին, ինչը նշանակում է, որ հուշատախտակի խնամքի մենաշնորհը հենց Միշիկինն է: Ի դեպ, Էրեբունի թաղապետարանի ընդհանուր բաժնի պետ Հարություն Սարգսյանն էլ իր հերթին նշեց, որ այդ հարցը կանոնակարգում է քաղաքապետարանը: Մենք նաեւ դիմեցինք Երկրապահ կամավորական միություն` ճշտելու, թե տեղյա՞կ են արդյոք Ազգային հերոսների հուշատախտակների անխնամ վիճակի մասին: ԵԿՄ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հակոբ Հակոբյանն ընդհանրապես տեղյակ չէր, որ Թոխմախի գերեզմանատանն Ազգային հերոսների հիշատակին նվիրված տարածք կա: Հակոբ Հակոբյանը տարակուսանք հայտնելով հորդորեց, որ անպայման տեղեկություն կհայթայթի եւ մեզ կփոխանցի, սակայն այդպես էլ ոչինչ չիմացավ:
Սա եւս մեկ օրինակ է, որը ցույց է տալիս, թե ինչպես ենք մենք վերաբերվում Ղարաբաղյան պատերազմի մեր հերոսների հիշատակին: Այն դեպքում, երբ պատերազմի վերստին սկսվելու վտանգը դեռ չի անցել, մենք անգամ չենք կարողանում նրանց հիշատակը հարգել: Կամ թող ոչինչ չտեղադրեն, կամ գոնե հետեւեն նման հուշատախտակներին: Զոհվածների ընտանիքների նկատմամբ անտարբերությունը, պատերազմի հաշմանդամ շարքային զինվորների ընտանիքների անօգնական վիճակը եւ հուշատախտակների նկատմամբ նման անփույթ վերաբերմունքը տեսնելուց հետո այլեւս ո՞վ կցանկանա հայրենիքի համար կռվել, զոհվել: Ո՞վ կցանկանա հերոսանալ, տեսնելով, որ իրենից հետո այս պատկերն է լինելու, իր ընտանիքին ու զավակներին գրեթե չեն հիշելու եւ իրեն էլ այսպես են հիշելու: