Կբուժվեն Սակիում

28/06/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ղարաբաղում, արդեն յոթերորդ տարին է, ինչ կազմակերպվում է Արցախյան պատերազմի առաջին եւ երկրորդ կարգի հաշմանդամ ազատամարտիկների գեղարվեստական ինքնագործունեության եւ մարզական մրցույթ-փառատոնը, որին մասնակցում են հանրապետության տարբեր շրջանների եւ մայրաքաղաքի հաշմանդամ-ազատամարտիկներ: Սա մի միջոցառում է, որտեղ հաշմանդամները հաճույքով են մասնակցում, քանի որ, ինչպես իրենք են նշում, այստեղ հավաքվում են հին մարտական ընկերները, շփվում իրար հետ, հիշում անցյալի օրերը, կիսում ուրախությունն ու ցավերը: Այս միջոցառման նախաձեռնողները ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի, սոցիալական ապահովության նախարարություններն են եւ Պաշտպանության բանակը: Օրերս ավարտվեց այս տարվա մրցույթ-փառատոնը, որին մասնակցում էին 108 հաշմանդամ ազատամարտիկներ: Մասնակիցները հանդես են եկել նկարչություն, փայտի փորագրում, քանդակագործություն, մակետավորում, ձեռքի աշխատանք եւ այլ ժանրերում, ինչպես նաեւ` շաշկի, շախմատ, նարդի, սեղանի թենիս, հրաձգություն, կշռաքարերի բարձրացում եւ ծանրամարտ մարզաձեւերում: Տարբեր ժանրերում եւ մարզաձեւերում հաղթողները, ինչպես նաեւ` բոլոր մասնակիցները կազմակերպիչների եւ հովանավորների կողմից պարգեւատրվել են արժեքավոր նվերներով: Հաշմանդամ ազատամարտիկներին յուրօրինակ աջակցության ծրագիր է նաեւ ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության կողմից կազմակերպվող Արցախյան պատերազմի 1-ին խմբի ողնաշարային հիվանդությամբ տառապող հաշմանդամների անվճար բուժումը: Ամեն տարի ղարաբաղցի մի քանի հաշմանդամներ բուժման են մեկնում Ուկրաինայի Սակի առողջարանային քաղաք: Օրինակ, 2004թ. առողջարանային քաղաքում բուժում են ստացել 4, իսկ 2005թ.՝ 8 հաշմանդամներ: ԼՂՀ սոցապահովության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, այս տարի, նախնական տվյալներով, Սակիում ապաքինման լրիվ կուրս կանցնեն թվով 15 հաշմանդամ ազատամարտիկներ: Նրանց առողջության վերականգնման համար կավելանան ԼՂՀ պետբյուջեից հատկացվող ֆինանսական միջոցները: