Նախատոնական խոհեր՝ տեղական բդի եւ էլիտար ձվի պատճառով

04/05/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Դեկտեմբերի 20-ից հետո ոչ միայն շուտ չէ, այլեւ բավականին ուշ է մտածել ամանորյա պատշաճ սեղան ունենալու մասին. այսպես կարծում են մեր հայրենակիցներից շատերը: Նրանց կարծիքով, տարեցտարի ամեն ինչ գնալով թանկանում է: Նրանք երբեմն նախորդ տարվա ամանորյա շուկայի գները չեն հիշում, սակայն վստահ են, որ ամեն ինչ ավելի թանկացել է ու դեռ թանկանալու է: Դրա համար էլ Ամանորից նույնիսկ մեկ ամիս շուտ սկսում են չփչացող ապրանքների առեւտուրը: Ամանորյա հերթական դեպրեսիան արդեն սկսվել է: Վաճառողներն արդեն կարծես բնազդաբար են բարձրացնում ապրանքների գները, որովհետեւ, միեւնույն է, գնորդը հոգեբանորեն պատրաստ է այդ թանկացմանը: Դեկտեմբերի 22-ին մայրաքաղաքի համեմատաբար «էժանանոց» մի քանի վաճառակետերում արդեն սկսվել էր խոզի բդի ակտիվ վաճառք: «Սուրմալուում», «Փեթակում» ու Գումի շուկայում խոզի բդերի ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ այս տարի խոզի բդի երկրպագուներն իրենց ամանորյա սեղանները կզարդարեն հիմնականում բրազիլական ու իսպանական բդերով, որոնց կիլոգրամը տարբեր շուկաներում տատանվում է՝ 1950-2300 դրամի սահմաններում: Տեղական խոզի բուդը որքան՝ ցանկալի, նույնքան՝ անհասանելի կլինի շատերի համար, որովհետեւ ոչ միայն ավելի թանկ է՝ 2500 դրամ, այլեւ՝ բավարար քանակություն չկա: Մեր հասարակ հայրենակիցները թերեւս հրաժարվեն խոզի բդի գաղափարից, որովհետեւ «իմպռտնի անհամ բդերը» կշռում են ամենապակասը 6 կգ, «մինչեւ սարքես-գլուխ բերես՝ դվայնոյ կնստի»: Շուկաներում, ի դեպ, արդեն գործում են նաեւ խոզի բդի պատրաստման նոր ծառայություններ՝ «Ապրանքը ձեզանից, սարքելը մեզանից, 5000 դրամով՝ քանի կիլո ուզեք»: Խոզի բդի մի քանի վաճառակետում հավաստիացրին, որ բդերի վաճառքն արդեն 20 օր է, ընթանում է, եւ գների տատանում չի եղել: Մինչդեռ նույնը չի կարելի ասել Ամանորին մեզ ոչ պակաս անհրաժեշտ ձվի գների մասին: 10 օր առաջ արդեն
ձվի գները 5 դրամով թանկացել են: Թռչնաֆաբրիկաները պնդում են, որ իրենք ապրանքի գները չեն փոխել, վաճառողներն էլ ասում են՝ «մեզ թանկ են տալիս, մենք մեր գլխու չենք բարձրացրել»: Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի բաժնետեր Խաչիկ Մանուկյանի հավաստմամբ, ձվի գները բարձրացնում են խանութներն ու մանրածախ  առեւտրի կետերը. «Ես կարող եմ մեր հաշվապահական թղթերով ցույց տալ, որ մեզ մոտ ձվի թանկացում տեղի չի ունեցել»: Ձվի գների թանկացման այդ խնդիրը պրն Մանուկյանը համարում է հարկային մարմինների թերացումը. «Այդ պրոցեսը միայն հարկային դաշտով կարելի է վերահսկել: Ամիսներ առաջ մենք հարկային մարմինների հետ քննարկել ենք այդ խնդիրը, որպեսզի նրանք ավելի ուշադիր լինեն վաճառակետերի հանդեպ: Եթե վերջիններս զգան այդ ուշադրությունը, կխուսափեն անօրինականություններից»: Այցելածս շուկաներում փնտրեցի ու չգտա «Էլիտար» ձու: Շուկաներում դրա պահանջարկը չկար էլ: Պրն Մանուկյանն ասում է, որ «էլիտար» ձվերը վաճառվում են «էլիտար» խանութներում, ու մեր հասարակ հայրենակիցները սովորաբար հասարակ ձու են առնում, որովհետեւ «էլիտար» անունն արդեն ենթադրում է, որ այն ավելի թանկ է, ամենասովորական՝ 45 դրամանոց ձվից 15 դրամով թանկ, որովհետեւ «Էլիտար ձու ածող հավերը պահանջում են առանձնահատուկ խնամք, այդ ձվերն ավելի սննդարար են, մեկը սելենով է հարուստ, մյուսը՝ յոդով»: Իսկ մի գնորդ տիկին բացատրեց, որ էլիտար ձվերն ունենում են երկու դեղնուց, տորթի մասնագետներն էլ հո՛ գիտեն, որ «էլիտար» տորթեր կան, որ միայն դեղնուց են պահանջում: «Էլիտար» ձուն ունենում է նաեւ «ուպակովկա», որ հասարակ ձուն չի ունենում. մի խոսքով՝ հազար ու մի էլիտար մանրուք, որոնց համար մեր հասարակ հայրենակիցը 15 դրամ չի տա, ինչը չի նշանակում, որ «էլիտար» ձու չպիտի արտադրվի. դա արդեն քաղաքակրթության նոր աստիճան է: Մի քանի խանութներում բացատրեցին, որ ոչ թե «էլիտար», այլ «սուպեր» կամ «գիգանտ» կոչվող  ձվերն են 2 դեղնուցով: Մեր լուսանկարչի հետ գնեցինք եւ ջարդեցինք դրանք. 6 ձվից միայն մեկն ուներ 2 դեղնուց: