Արգենտինացիները շատերին «քաշեցին»

28/06/2006

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը զուգահեռ մեծացել է նաեւ խաղադրույքներ կատարողների թիվը։ Այս դեպքերում մարդիկ շատ ծանր են տանում խաղի ընթացքը եւ պարտվելու դեպքում փորձում ինչ-որ պատճառներ գտնել, ինչպես 1/8 եզրափակիչի Արգենտինա – Մեքսիկա հանդիպման դեպքում։ Բուքմեյքերներն Արգենտինայի հաղթանակը գնահատել էին 1.35 գործակցով։ Խաղից հետո շատերից կարելի էր լսել այս խոսքերը՝ խաղը ծախել են։ Ընթերցողը միգուցե կզարմանա՝ ինչո՞ւ են դժգոհում, չէ՞ որ Արգենտինան հաղթեց, նրա վրա խաղադրույք կատարած մարդիկ էլ շահեցին։ Սակայն այստեղ կա մի նրբություն. 1.35 գործակիցը վերաբերում է հիմնական ժամանակին, որն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ «Արգենտինայի վրա մարդիկ մեծ գումարներ են դրել, բուքմեյքերներն էլ թիմերի հետ պայմանավորվել են՝ հիմնական ժամանակը ոչ-ոքի խաղալ»,- ասում է այդ խաղի վրա խաղադրույք կատարած մեր զրուցակիցը։ Թեեւ այդ ենթադրությունն ապացուցելը գործնականում անհնար է, սակայն ֆուտբոլասերներն ունեն նաեւ իրենց հիմնավորումները՝ նախ, Արգենտինան այս խաղում նման չէր ինքն իրեն, գրոհներն անատամ էին, իսկ Մեսսիին եւ Տեւեսին մարզիչը դուրս բերեց միայն վերջին րոպեներին։ Իսկ Մեսսիի խփած մաքուր գոլը մրցավարը չհաշվեց, սակայն արգենտինացիները շատ հանգիստ վերաբերվեցին մրցավարի այդ որոշմանը։ Չենք կարող ասել՝ այս ամենը ճի՞շտ է, թե՞ ընդամենը ենթադրություններ։ Մի բան, սակայն, փաստ է. խաղադրույքների տարածման պատճառով մի տեսակ թուլացել է վստահությունն այս մարզաձեւի նկատմամբ եւ նախկին անկեղծ ոգեւորությանը պարզապես փոխարինել են սառը հաշվարկները։