Գերմանացի գարեջրագործների համար 2006թ. Աշխարհի առաջնությունը դարձել է իսկական ոսկեբեր երակ։ «Մեր գնահատականներով, աշխարհի առաջնության խաղերի ընթացքում մենք կվաճառենք 30-40%-ով ավելի շատ գարեջուր, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ»,- ասում է Քյոլնի գարեջրագործների ասոցիացիայի նախագահ Վոլֆ-Դիտեր Կելշը։
Սովորաբար գարեջրի վաճառքը հասնում է իր պիկին ամենամյա Կառնավալների ժամանակ, սակայն ֆուտբոլի երկրպագուները Կառնավալների մասնակիցներին ետեւում են թողել։ Գարեջուր արտադրող ընկերություններից մեկի ղեկավարը գարեջրի նկատմամբ ձեւավորված անհագ ծարավը բացատրել է լավ եղանակով եւ Գերմանիայի հավաքականի հաջող ելույթներով։
Գերմանական գարեջուրը մեծ պահանջարկ է վայելում նաեւ անգլիացի երկրպագուների շրջանում։ ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում տեղի գարեջրատներից մեկի տնօրեն Էնտոնի Կրոունն ասել է, որ Անգլիա – Շվեդիա հանդիպման ժամանակ իրենց հաստատությունում ռեկորդային քանակի գարեջուր է վաճառվել։