Երեւանի փողոցներով շրջում է տարօրինակ հեծանվորդ

04/05/2005 Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ

Հասարակությունը սովորաբար «խենթ» կամ «տարօրինակ մարդ» է անվանում նրանց, ովքեր որոշում են չապրել ինչպես բոլորը եւ իրենց երազների կյանքը փնտրելու համար պատրաստ են դիմել նույնիսկ ամենածայրահեղ քայլերի:
Ռեւ Բրաունին կարելի է համարել հենց այդպիսին: Նրան երեւանյան փողոցներից մեկում հանդիպել էին մեր լուսանկարիչները: Վերջիններիս ուշադրությունը գրավել էր ոչ միայն  օտարազգի տղամարդու թեթեւ հագուստն ու «սանդալներ»-ը, այլեւ՝ բեռնված հեծանիվը, որով նա, ինչպես հետո պարզվեց, արդեն մեկ տարուց ավելի է, շրջագայում է աշխարհով: «Մեկ բաժակ սուրճ»-ի հրավերով թափառականին բերեցին մեր գրասենյակ: «Ազգությամբ, ցավոք, անգլիացի եմ, մի քիչ իռլանդական արյուն էլ ունեմ,- մեզ հետ զրույցում պատմեց Ռեւը:- Ինչո՞ւ ցավոք, որովհետեւ Անգլիան մասնակից եղավ Իրաքի դեմ պատերազմին»: 2003թվի նոյեմբերի 5-ից Ռեւը դուրս է եկել ճանապարհորդության, թեպետ ինքն իրեն ճանապրհորդ չի անվանում, այլ՝ անտուն մարդ, որն իր տունն է փնտրում աշխարհում: Իր հեծանիվով արդեն անցել է 14 երկրներով, որոնց թվում՝ Ֆրանսիա, Բելգիա, Գերմանիա, Բուլղարիա, Չեխիա, Սլովակիա, Լեհաստան, Վրաստան, Թուրքիա, Ադրբեջան եւ այլն: 2004-ի հոկտեմբերի 21-ից Հայաստանում է, եղել է Կապանում, Մեղրիում, Գորիսում, Գյումրիում, հիմա թափառում է Երեւանով: Գիշերում է եկեղեցիներում (քրիստոնյա է),եւ եթե մարդիկ բարի են գտնվում ու կացարան են տալիս նրան, չի հրաժարվում: «Այդպիսի մարդիկ, իհարկե, քիչ են, որ պատրաստ են ինձ նմանին պահել իրենց տանը,- պատմում է նա:- Թուրքիայում մի քուրդ ինձ ապաստան տվեց, Ադրբեջանում էլ մեկն ապաստան տվեց, բայց անտանելի պայմաններ էին, Վրաստանում՝ 5 ընտանիք, իսկ Հայաստանում դեռ 2 ընտանիք է ինձ տարել իր տուն: Դուք ինձ հարցնում եք ազգությունների տարբերության մասին, այդպիսի բան չկա, կան լավ եւ վատ մարդիկ»: Ո՞րն է լինելու Ռեւի հաջորդ երկիրը, դեռեւս պարզ չէ: «Աստված գիտի (ի դեպ, մեր հարցերից շատերին էր նա այսպես պատասխանում-Ա.Մ.), ո՛չ ես, ո՛չ էլ դուք ոչինչ չգիտենք: Ինձ ճանապարհն է տանում, թե ո՞ւր՝ չգիտեմ, նույն ճանապարհով էլ հայտնվեցի ձեզ մոտ: Չգիտեմ նաեւ, թե ինչքան ժամանակ կմնամ Հայաստանում»,- ասում է նա: Լինելով Հայաստանում՝ հասցրել է սովորել մի քանի հայերեն բառ ու բառակապակցություն՝ «ջուր, լավաշ, Մեսրոպ Մաշտոց, այո, ոչ» եւ «Կարո՞ղ եմ մի գիշեր Ձեզ մոտ մնալ»: 43 տարեկան այս անգլիացին ասում է, որ չունի ընտանիք, եւ աշխարհում չկա մեկը, որին կարող է անվանել իր բարեկամը.«Ո՞վ կամուսնանա ինձ հետ, ես չունեմ ոչ տուն, ոչ մի բան»,- ասում է նա: Ամենատարօրինակը թերեւս այն է, որ Ռեւն իր հեծանիվով անցել է 14 երկրի սահման ու դրանցից եւ ոչ մեկում խնդիր չի ունեցել մաքսային աշխատողների հետ.«Անձնագիրս եմ ցույց տվել եւ անցել»,- ասում է նա, ինչն, անկեղծ ասած, այնքան էլ հավատ չի ներշնչում, հատկապես, երբ խոսքը վրաց-հայկական սահմանի մասին է: «Իսկ գուցե լրտես եք» հարցին ի պատասխան՝ նա ասաց. «Ես կասկածելի ոչինչ չեմ տանում ինձ հետ՝ հագուստ, հեծանիվի սարքեր՝ նորոգելու համար, վրան, անգլո-ֆինլանդական բառարան՝ շատ եմ սիրում այդ լեզուն, նկարներս, կիթառ, սրինգ, կիսատ մանդոլին, հավաքում եմ կրակայրիչներ, եւ Աստվածաշունչն է միշտ ինձ հետ»: Կերակուր հայթայթում է՝ որտեղից պատահի.«բարի մարդիկ կան դեռ այս աշխարհում: Մեր՝«Կաթոլիկ աշխարհը շուտով տոնելու է Քրիստոսի ծնունդը, դու, լինելով այդքան հավատարիմ քո կրոնին, որտե՞ղ ես նշելու այն» հարցին նա պատասխանեց. «Հաստատ՝ եկեղեցում, բայց թե ո՞ր երկրի՝ չգիտեմ: Աստված գիտի»: Իրականում զրույցի ընթացքում պարզվեց, որ Ռեւի այսքան երկար ճանապարհորդությունն ինչ-որ նպատակ ունի, այն է՝ հասնել Ավստրալիա, քանզի այստեղից նա աշխատանքի հրավեր է ստացել: «Ես չունեմ ոչ մի մասնագիտություն, գիտեմ 7-10 լեզուներ, գրում եմ երաժշտություն, նվագում եմ կիթառ, սրինգ, ունեմ մի կիսատ մանդոլին, այն սարքելուց հետո կարող եմ նաեւ դրանով նվագել: Ավստրալիայում էլ որպես նկարիչ եմ աշխատելու, ես նաեւ դիմանկարներ եմ անում»: Մեզ զարմացրեց հատկապես այն, որ Ռեւն այս ցրտին միայն մի սվիտերով է եւ սանդալներով ու երբ փորձեցինք ճշտել, թե չի՞ վախենում սառցահարվել ու այդպես էլ չհասնել իր երազանքների երկիր Ավստրալիա, նա պատասխանեց.«Ես հուսով եմ, որ Ավստրալիան, իրոք, կլինի իմ երազանքների երկիրը: Ինչ վերաբերում է այնտեղ չհասնելուն կամ ցրտահարվելուն, ապա ասեմ, որ ամեն ինչ ծնվում  եւ մահանում է: Ես չեմ վախենում մահանալուց, ես քրիստոնյա եմ: Ես Աստվածավախ եմ եւ գիտեմ, որ անպայման մահանալուց հետո գնալու եմ դրախտ»: