Հայի բախտ

26/06/2006

Երբ «ԱրմենՏելի»` հունական «OTE» ընկերությանը պատկանող 90% բաժնետոմսերի հայտատուների ցանկում հայտնվեցին 2 հայեր` «Սիլ Գրուպն»` ի դեմս Սուքիասյանների ընտանիքի, եւ ՀՀ նախկին վարչապետ, լոնդոնյան գործարար Արմեն Սարգսյանը, հասկանալի էր, որ նրանք քիչ հավանական գնորդներ էին: Անկախ Հայաստանի փորձը ցույց է տվել, որ ՀՀ ռազմավարական եւ ոչ մի ընկերություն հայի չի վաճառվել: «ԱրմենՏելն» էլ բացառություն չէր: «OTE»-ն արդեն հրապարակել է այն 4 ընկերությունների ցուցակը, որոնց հնարավորություն կտրվի մասնակցել «ԱրմենՏելի» բաժնետոմսերի վաճառքի մրցույթի երկրորդ փուլին: Ինչպես արդեն նշել էր «168 Ժամը», այդ ընկերություններից երկուսը ռուսական «Vimpelcom»-ը («Բիլայն») եւ «Mobile Telesystems»-ն (MTS) են: «ԱրմենՏելի» մյուս պոտենցիալ գնորդներն են` Պարսից ծոցում գործող հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների խումբը` «ETISALAT- Emirates Telecommunications Corporation /Istithmar ETV-Emergent Telecom Ventures» եւ «VTEL Holdings/Knightsbridge Associates»: Վերջինիս վերաբերյալ «OTE»-ի ներկայացուցիչ Դիմիտրիս Ցելեպսը «Ազատություն» ռադիոկայանին հստակ տեղեկատվություն չի տրամադրել` նույնիսկ չասելով դրա գրանցման վայրը: Հետաքրքիր եւ խորհրդավոր է, որ այս ընկերության մասին գլոբալիզացված ինտերնետ համակարգը ոչ մի բառ չի հուշում: Ի՞նչ նպատակ ունեն հույները եւ այս անգամ ի՞նչ անակնկալ են պատրաստել Հայաստանի համար: Մի բան հստակ է. նրանք փորձելու են որքան հնարավոր է շատ փող «կորզել» այս աղմկահարույց ընկերության դիմաց: