Խնայողություններս ո՞ւմ նվիրեմ

26/06/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

ԱԺ-ում Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանին «անարգանքի սյունին գամելուց հետո» «լողացող» դոլարը մի պահ ընդհատեց սուզվելը, գլուխը մի թեթեւ ջրից դուրս հանեց, համոզվեց, որ Տ. Սարգսյանը լա՜վ էլ տակից դուրս է գալիս, եւ հանգիստ սրտով շարունակեց իր ստորջրյա ճանապարհորդությունը` դեպի օվկիանոսի առեղծվածային խորքերը։

Իսկ ԿԲ ղեկավարը ոչ միայն իրեն ուղղված մեղադրանքների տակից է դուրս գալիս, այլեւ ձեռքի հետ զբաղվում գովազդով` տնտեսությունն աճել է…։ Եվ հիշեցում-կոչով է հանդես գալիս. «Եթե մեզ լսեիք եւ խնայողությունները պահեիք դրամով, ապա վերջին 2-3 տարում կշահեիք 30%-ով»։

Հիմա փորձենք պատասխանել` ո՞վ է խնայողություններ անում եւ ի՞նչ նպատակով։ Պատասխան։ Խնայողություն անում է այն մարդը, որի եկամուտները գերազանցում են ծախսերը, ընդ որում` զգալի չափով։ Այսինքն, դրանք համեմատաբար ունեւոր խավի մարդիկ են։ Հայաստանում միջին աշխատավարձը շուրջ 52 հազար դրամ է։ Դա բավարար չէ անգամ նորմալ գոյատեւելու համար։ Պետք է ունենալ կողմնակի եկամուտ` ասենք, բանկում ներդնելու համար։ Իսկ կողմնակի եկամուտների զգալի մասը մարդիկ նախընտրում են ստանալ ոչ դրամով։ Հետեւաբար` խնայողություններն էլ կատարվում են դոլարով կամ եվրոյով։

Եթե հանենք «տոկոսով փող տալու» տարբերակը (այն ավելի շուտ ոչ գործարար ներդրում է)` մնում են հետեւյալ նպատակները. գումար` «նեղ օրվա» համար, ինչ-որ թանկարժեք բան գնելու կամ ճանապարհորդության մեկնելու համար։ Իսկ դրանց համար պետք չի դոլարը վերածել դրամի։

Ավելի պարզ խոսենք։ Ենթադրենք, մեր օլիգարխներից մեկն ունի 10 մլն դոլարի խնայողություն կամ ընթացիկ հաշիվ սեփական կարիքների համար։ Դե հիմա մտածենք` այդ գումարը նա ինչի՞ վրա կարող է ծախսել. նոր «Համմեր» մեքենա, վիլլա արտասահմանում, տեխնիկայի վերջին նվաճումներ, 10-օրյա հանգիստ Հավայան կղզիներում… Այս դեպքերից ո՞ր մեկի ժամանակ է նրան պետք լինելու «մեծն» դրամը. «Համմերի» գի՞նն է դրամով վճարելու, Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող էկզոտիկ սրճարանում կոկտեյլի դիմաց մեկնելու է 5 կամ 10 հազարանոց դրա՞մ, թե՞ Լաս Վեգասների կազինոներում շրջելու է հայկական դրամներով բեռնավորված սայլակով։ Մեր դրամն արտասահմանում կարող է հետաքրքրել միայն դրամների հավաքածուների սիրահարներին, այն էլ` ոչ շատ։ Կարելի է երկար բացատրել, որ կա մի երկիր, որը կոչվում է Հայաստան, եւ որտեղ «դրամ» կոչվող դրամը «կզացնում է» դոլարին։ Սակայն դա ոչ ոքի չի ոգեւորի, եթե, իհարկե, նա Արժույթի միջազգային հիմնադրամի աշխատակից չէ։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա լուրջ խնայողություններ անում են միայն հարուստները, ովքեր իրենց հարստությունը ձեւավորում են արտարժույթով եւ գերադասում են պահել այն երկրներում, որտեղ Հայաստանի մասին չեն էլ լսել։

Չէ, միգուցե լսած լինեն, ասենք, հայկական ծիրանի մասին։ Հիմա կհարցնեք` ի՞նչ կապ ունի այստեղ ծիրանը։ Ավելի լավ է` այդ հարցն ուղղեք ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Գրիգոր Ղոնջեյանին։ 3 օր առաջ, «Շանթ» հեռուստաընկերության եթերում պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է լինում, որ «չեյնջի» աշխատողն առավոտյան 430 դրամով է դոլար գնում, իսկ 2 ժամ հետո հանկարծ որոշում է, որ պետք է դարձնի 420 դրամ, պրն Ղոնջեյանը պատասխանեց` ծիրանն էլ է առավոտյան` մի գին, ցերեկը` մեկ այլ գին։

ԱԺ պատգամավորի եւ տնտեսագետի մակարդակով այս միրգը հավասարեցվում է համաշխարհային փողի ֆունկցիան ստանձնած դոլարին։ Հասկանալի է, պրն Ղոնջեյանը դրանով ուզում էր պատկերավոր ասել, որ դոլարի գինը որոշվում է նույնքան շուկայական եւ ազատ սկզբունքներով, ինչպես ծիրանը։

Սակայն հետաքրքիրն այն է, որ դրսում այս միրգն ավելի շատ են ճանաչում, քան «հզոր» դրամը։ Իսկ միգուցե ԿԲ-ն դրամի փոխարեն շրջանառության միջոց սահմանի ծիրա՞նը, ծիրանի աճեցման մենաշնորհը վերցնի իր ձեռքը եւ հսկողություն սահմանի ծիրանի վաճառակետերի վրա՞։ Շա՞տ համարձակ միտք է։ Ի՞նչ անենք։ Հո՞ ծիրան ուտելուց կմտածենք, որ ԿԲ-ն գոնե մի օգտակար բան արել է։ Հավաքարարի հաստիքին էլ կավելանա այգեպանինը, աշխատատեղը փոխել ցանկացող պատգամավորների համար էլ նոր հեռանկարներ կբացվեն։ Մնում է միայն որոշել, թե «սպիրալը» ինչպես տեղավորել ծիրանի մեջ, սակայն դա էլ արդեն տեխնիկայի հարց է։