Մեր թերթի նախորդ համարում ներկայացրել էինք հայաստանյան քաղաքական դաշտում որոշակի դերակատարում ունեցող մի շարք կուսակցությունների ծրագրային հիմնադրույթների՝ արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածները: Եվ եթե այդ բաժնում դրանցից մի քանիսի մոտ կային որոշակի տարբերություններ, ապա այդ կուսակցությունների ծրագրային հիմնադրույթների՝ տնտեսությանը, սոցիալական ոլորտին, կրթությանն ու գիտությանը, առողջապահությանն ու այլ ոլորտներին վերաբերող մասերն իրարից է՛լ ավելի քիչ են տարբերվում:
Տարբեր կուսակցությունների ծրագրերում տարբեր կերպ ձեւակերպված են վերոնշյալ ոլորտներին վերաբերող միեւնույն մտքերը, իսկ շատ դեպքերում էլ դրանք պարզապես մոդայիկ դարձած արտահայտություններ կամ բարի ցանկություններ են, երբեմն էլ՝ ոչինչ չասող «խուճուճ» նախադասություններ: Ասվածն ապացուցելու համար ներկայացնենք այդ կուսակցությունների ծրագրային հիմնադրույթների համապատասխան հատվածները:
«Անհրաժեշտ է համակողմանի միջոցներ ձեռնարկել երկրի արդյունաբերության քայքայման ընթացքը կանխելու, կառուցվածքային ճգնաժամը հաղթահարելու համար»,- գրված է Ստեփան Դեմիրճյանի գլխավորած «Հայաստանի ժողովրդական կուսակցության» (ՀԺԿ) ծրագրում: ՀԺԿ-ն մերժում է պետական ունեցվածքի ապապետականացման դոգմատիկ քաղաքականությունը եւ գտնում է, որ ապապետականացումը պետք է ենթարկել տնտեսության արդյունավետության, հասարակության բարեկեցության բարձրացման չափանիշներին: «Ագրարային քաղաքականության բնագավառում ՀԺԿ-ն հանդես է գալիս ագրարային բարեփոխումների կարգավորման եւ արդյունավետության ապահովման, գյուղատնտեսության մեջ առկա նոր տեխնոլոգիաների եւ առաջավոր փորձի պետական մակարդակով տարածման օգտին»,- նշված է ՀԺԿ ծրագրում: Իսկ իր տնտեսական քաղաքականության հիմնական խնդիրներից մեկը ՀԺԿ-ն համարում է ֆինանսական եւ բանկային համակարգի բարելավումը: ՀԺԿ-ն գտնում է նաեւ, որ անհրաժեշտ է էականորեն իջեցնել ավելացված արժեքի հարկը, թեթեւացնել հարկերի բեռը, պարզեցնել հարկային համակարգը:
«Հարկերի վճռական եւ համապարփակ իջեցումն» իր ծրագրում նշել է նաեւ Արտաշես Գեղամյանի «Ազգային Միաբանությունը» (ԱՄ): Այս կուսակցությունն ագրարային քաղաքականության մեջ գերակայությունը համարում է ՀՀ պարենային անվտանգության ապահովումը: «Հիմնական խնդիրն է՝ դադարեցնել անկումը, հասնել կայունացման եւ դրա հիման վրա՝ ագրոարդյունաբերական համալիրի դինամիկ զարգացման»,- գրված է ԱՄ ծրագրում, որտեղ ընդգծված է, թե ԱՄ-ն իր «բովանդակ գործունեությամբ ձգտում է, որպեսզի սոցիալական շուկայական տնտեսությունը քաղաքականապես կարգաբերված ամբողջության մեջ միավորի շուկայական կարգերն ու սոցիալական սպասարկումների համակարգը»: ԱՄ ծրագրում նշված է, որ այդ կուսակցությունն իր տնտեսական բարեփոխումները նպատակաուղղում է երկրի շահերի, ազգային անվտանգության ապահովմանը, գտնելով, որ դրանք չպետք է զոհաբերվեն սեփականության այս կամ այն ձեւերին: Այն պաշտպանում է շուկայական այնպիսի տնտեսությունը, որի «հիմնորոշ բաղադրիչներն են՝ ազատ մրցակցությունն ու անձնական, սոցիալապես պարտավորեցնող սեփականությունը, տնտեսության կենտրոնացված եւ ապակենտրոնացված վարման ու կարգավորման սկզբունքների զուգակցումը»: Իսկ ահա ՀՀՇ-ի ծրագրում էլ գրված է, որ ՀՀ տնտեսական համակարգի հիմքը պետք է լինի ազատականությունը, ինչը ենթադրում է մասնավոր սեփականության անձեռնմխելիությունը եւ լիակատար իրավական պաշտպանվածությունը: «Անհրաժեշտ է ապահովել տնտեսության ազատականացման անդարձելիությունը, բոլոր բնագավառներում վերացնել մենաշնորհները եւ խրախուսել ազնիվ մրցակցությունը, վերակենդանացնել արդյունաբերության եւ գյուղատնտեսության մրցունակ ճյուղերը՝ վերազինելով դրանք գիտատեխնիկական առաջատար տեխնոլոգիաներով»,- նշված է ՀՀՇ ծրագրում: Սամվել Բաբայանի ղեկավարած «Դաշինք» կուսակցության ծրագրում էլ նշված է, որ անհրաժեշտ է, առանց վերանայելու մասնավորեցման արդյունքները, մշակել տնտեսական միջոցառումների՝ մասնավորեցված արտադրական հզորությունների վերագործարկմանն ուղղված համալիր ծրագիր: «Գյուղատնտեսության բնագավառում հարկային մեղմ քաղաքականության կիրառմամբ կբարձրացվի արտադրության արդյունավետությունը, ինչն էլ կնպաստի երկրի պարենային անվտանգության ապահովմանը»,- ընդգծված է «Դաշինքի» ծրագրում, որտեղ շեշտվում է նաեւ, որ կուսակցությունը վճռական է տրամադրված Հայաստանն իրապես սոցիալական պետություն դարձնելու հարցում: Իսկ համաձայն «Հանրապետություն» կուսակցության ծրագրի, այս կուսակցության գործունեությունն ուղղված է տնտեսության զարգացման խոչընդոտների վերացմանը եւ ազատ մրցակցության ապահովմանը: «Հանրապետություն» կուսակցությունը գտնում է, որ երկրի տնտեսության զարգացման համար էական նշանակություն ունի ապապետականացման հայեցակարգի մշակումը: Պետական, մասնավորեցված եւ նորաստեղծ ձեռնարկությունների զարգացումն` ըստ «Հանրապետության», պետք է դառնա տնտեսական քաղաքականության հիմնական նպատակը: Այս կուսակցությունը կարեւորում է «Աղքատության դեմ պայքարի համազգային ծրագրի» մշակումն ու իրականացումը: «Գյուղատնտեսության բնագավառում բարեփոխումների հիմքում պետք է դրվի հողի լիարժեք եւ արդյունավետ օգտագործման գաղափարը»: Հետաքրքիր է, որ այս վերջին նախադասությունը տառացիորեն նույն կերպ գրված է նաեւ Ալբերտ Բազեյանի գլխավորած «Ազգային վերածնունդ» կուսակցության ծրագրում: Փաստենք, որ այս երկու կուսակցությունների ծրագրերում նման համընկնումներ էլի կան: Բացի այդ, «Ազգային վերածնունդն» էլ է համարում, որ պետության առաջնահերթ խնդիրներից մեկն աղքատության հաղթահարումն է եւ սոցիալական բեւեռվածության մեղմումը: Այս կուսակցությունն էլ է առաջարկում վերանայել երկրում ձեւավորված հարկային համակարգը, կրճատել հարկատեսակների քանակը, պարզեցնել հարկային դաշտը եւ այլն: «Հայոց պետության տնտեսական քաղաքականությունը պետք է հիմնված լինի համաշխարհային փորձի վրա՝ հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները»,- սա էլ նշված է վարչապետի գլխավորած Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ծրագրում: Այստեղ գրված է նաեւ, որ պետության կարեւորագույն խնդիրն է՝ յուրաքանչյուր ընտանիքի եւ անհատի, հետեւաբար եւ ազգի, արժանավայել կեցությունը: Համաձայն ՀՀԿ-ի ծրագրի, պետությունը պետք է երաշխավորի իր քաղաքացիների անվտանգությունը, պաշտպանի նրանց արժանապատվությունը, ապահովի անհատի իրավունքների եւ ազատությունների լիարժեք իրացումը: Իսկ «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), ինչպես եւ, ասենք, «Ազգային վերածնունդը» եւ այլ կուսակցություններ, առաջարկում է խթանել արտահանումը: ՕԵԿ-ն էլ է առաջարկում թեթեւացնել ընդհանուր հարկային բեռը, պարզեցնել մաքսային եւ հարկային մարմինների գործունեության մեխանիզմները, բարեփոխել հարկային վարչարարության քաղաքականությունը եւ այլն: Իսկ դաշնակցականներն էլ գտնում են, որ սոցիալական օժանդակության ծրագրերի առումով նպատակահարմար է սոցիալական արտոնությունները տրամադրել գերազանցապես դրամական վճարումների տեսքով: Ըստ ՀՅԴ-ի, արդյունաբերական քաղաքականության հիմնական խնդիրը պետք է լինի երկրի գիտական եւ արտադրական-տեխնոլոգիական ներուժի պահպանումն ու զարգացումը, համապատասխան որակավորում ունեցող կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը, նորամուծությունների օժանդակության պետական կառուցվածքի ձեւավորումը: ՀՅԴ-ում էլ են գտնում, որ անհրաժեշտ է պարզեցնել հարկային համակարգը եւ հարկատեսակների խմբավորման միջոցով զգալիորեն կրճատել հարկերի քանակությունը:
Կրթության, գիտության, առողջապահության եւ այլ հարցերի վերաբերյալ վերը նշված կուսակցությունների ծրագրային հիմնադրույթները եւս միմյանցից շատ քիչ են տարբերվում: Նույն պատկերն է նաեւ մյուս կուսակցությունների դեպքում: Իսկ թե ինչո՞ւ են ստեղծվել վեց տասնյակից ավելի կուսակցություններ, եթե նրանցից շատերը նոր բան չեն առաջարկում` դժվար չէ ենթադրել: Պարզապես քաղաքականությամբ զբաղվելն ու նոր, «գեղեցիկ» անունով սեփական կուսակցությունն ունենալն այսօր Հայաստանում շատ ակտուալ է. դրանով մարդիկ քաղաքական «տանիք» են ստեղծում իրենց համար, ու փորձում են «կարիերա» անելով փող աշխատել: Իսկ թե ինչպիսին կլինի իրենց կուսակցության ծրագիրը, իրենց դա, մեղմ ասած, չի էլ հետաքրքրում: Մանավանդ, որ ոչ իրենք են այն կարդում, ոչ էլ դրա մասին իրենց հիշեցնող է լինում:
Վերջում նշենք, որ այսօր դեռեւս շարունակում են ստեղծվել նոր կուսակցություններ, եւ մենք չենք կասկածում, որ ասպարեզ եկող «թափ-թազա» կուսակցությունների ծրագրերը նույնությամբ կրկնելու են նախորդներին: