Նախօրեին Երեւանում օրը ցերեկով տեղի է ունեցել հերթական սպանությունը: Մալաթիա-Սեբաստիա համայնքի «Բանկի կռուգ» կոչվող հատվածում` դատախազության շենքից մի քանի մետր հեռավորության վրա, շատերի աչքի առաջ հրազենից արձակված կրակոցների արդյունքում սպանվել են երկու քաղաքացիներ` Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ, ազգային հերոս Վահան Զատիկյանի որդին`1980 թվականին ծնված Սեդրակ Զատիկյանն ու պատահական մի անցորդ` 1969թ. ծնված Կարինե Սարգսյանը: Ըստ որոշ տեղեկությունների` եւս մեկ մարդ էլ ստացված մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ականատեսների վկայությամբ, Սեդրակ Զատիկյանի` «10ՏՏ045» պետհամարանիշի «Մերսեդես-Բրաբուս» ջիփին Տիչինա փողոցից հետապնդել են մգեցված ապակիներով մի քանի ջիփեր, որոնք եղել են առանց պետհամարանիշերի: «Բանկի խաչմերուկում» սկսել են ավտոմատներից կրակահերթեր տեղալ: Հրազենային մի քանի վնասվածք ստացած Զատիկյանը վիրավոր վիճակում փորձել է խույս տալ մարդասպաններից: Բայց ճանապարհին` հարձակման վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա` «Մետաքսի կոմբինատի» դիմացի մասում, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, բախվել է հանդիպակաց ընթացող բեռնատարին եւ տեղում մահացել: Ինչ վերաբերում է սպանված կնոջը. ապա Կարինե Սարգսյանին գնդակը դիպել է խաչմերուկում գտնվող «Արամե» խանութից դուրս գալիս: Ի դեպ, մեր տվյալներով` Կ. Սարգսյանը երեք երեխաների մայր էր:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1 եւ 6 կետերի (սպանություն), ինչպես նաեւ` 235 հոդվածի առաջին մասի հատկանիշներով (ապօրինի զենք-զինամթերքի կրում եւ օգտագործում):
Դեպքի վայրում հայտնաբերվել եւ առգրավվել է 24 պարկուճ, որոնք, ըստ դատախազության տարածած մամլո հաղորդագրության, արձակված են եղել միեւնույն զենքից:
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծվել է քննչական խումբ, որը ղեկավարում է Երեւանի դատախազ Հրաչ Բադալյանը: Նախաքննությունը վարում է Երեւանի դատախազությունը: Քննչական օպերատիվ խմբում ներգրավվել են նաեւ ՀՀ ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները: Սպանություն կատարելու կասկածանքով առայժմ որեւէ մեկը ձերբակալված չէ: Թեեւ արդեն մի քանի վարկած է շրջանառվում: Եվ ինչպես փոխանցեցին Գլխավոր դատախազությունից, իրենք ուսումնասիրում են բոլոր հնարավոր վարկածները: Նախաքննության շահերից ելնելով, որեւէ այլ տեղեկություն իրավապահ մարմինները չեն հայտնում:
Նշենք, որ սպանության վերաբերյալ մամուլում եւ քաղաքական կուլիսներում հիմնականում երեք հոգու՝ ԱԺ պատգամավոր, «Ոգու փորձություն» հ/կ նախագահ Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ), ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) եւ ՀՀ պաշտպանության փոխնախարար, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի մերձավորների անուններն են շրջանառվում: Սակայն առայժմ սրանք միայն շշուկներ են եւ որեւէ հիմնավորում չունեն:
Նկատենք, որ շուրջ մեկ տարի առաջ Սեդրակ Զատիկյանը հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում: «2004թ. ապրիլի 1-ին, ժամը 16-ին «Մալաթիա» բուժկենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ ձախ ձեռքի եւ ոտքի հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 1982թ. ծնված Նարեկ Խաչատրյանը եւ գլխի կոտրվածքով` 1980թ. ծնված Վարդան Հակոբյանը: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներով պարզել է, որ ժամը 15.30-ի սահմաններում Մալաթիա փողոցի թիվ 24 տան դիմաց խուլիգանական դրդումներով տեղի ունեցած վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքները հասցրել են Սեդրակ Վահանի Զատիկյանը` ծնված 1980թ. եւ եղբայրը` Անդրանիկ Վահանի Զատիկյանը (ծնված 1982թ.)՝ իրենց մոտ գտնվող ինքնաձիգից եւ «Մակարով» տիպի ատրճանակից կրակահերթ արձակելով եւ ծեծի ենթարկելով նրանց: Հարուցվել է քրեական գործ: Հանգամանքները ճշտվում են: Ձեռնարկվում են միջոցառումներ Զատիկյան եղբայրներին եւ վիճաբանության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը վարում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությունը»,- գրված է ոստիկանության ամփոփագրի մեջ: Բայց, ինչպես միշտ, այն ժամանակ էլ դեպքի մասնակիցները մնացել էին անպատիժ: Իսկ հաղորդագրության մեջ նշված Վարդան Հակոբյանը ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդին է: Բացի այդ, շատերի խոսքերով, լարված հարաբերություններ են եղել նաեւ Սեդրակ Զատիկյանի եւ Սամվել Ալեքսանյանի շրջապատի միջեւ: Սակայն, ինչպես նշեցինք, այս վարկածը երեկ հերքվել է: Մի բան ակնհայտ է՝ մինչ այս դեպքն ընդհարումներ են եղել, եւ նախօրեին կատարվածն այդ ընդհարումների շարունակությունն էր: Վատն այն է, որ այս «զինված ռազբորկան» դեռ կարող է շարունակվել:
Ինչեւէ, պետք է արձանագրենք, որ Երեւանում օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ սպանություններն արդեն սովորական բնույթ են կրում: Եվ շատերը համոզված են, որ նմանատիպ արյունալի ռազբորկաներն իրենց շարունակությունը կունենան, որովհետեւ Հայաստանում բացարձակ անպատժելիության ու ամենաթողության մթնոլորտ է տիրում: Մեր երկրում բեսպրեդելը հասել է այն աստիճանի, որ հանցագործ խմբավորումները քաղաքում ազատորեն շրջում են ոտքից գլուխ սպառազինված: Եվ կարող են կրակել ում վրա ուզում են, երբ ուզում են, ինչպես ուզում են, որովհետեւ գիտեն, որ իրենք անպատժելի են, կամ էլ` ծայրահեղ դեպքում, այդ պատիժն ընդամենը սիմվոլիկ բնույթ է կրում: