Ինչո՞ւ «ՊԱՆԱԿ»՝ հայկական օդանավի վրա

04/05/2005 Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ

«Պանակ» (PANAC) այսպիսի լոգո է դրված եղել հայկական AN12 օդանավի վրա, որով 6 հայ օդաչուներ իրենց չարաբաստիկ չվերթն էին կատարել Հասարակածային Գվինեա: Տարօրինակ է, որ «Անտոնով-12» սովետական օդանավը, որը պատկանում է «Դվին» կոնցեռնի դուստր ձեռնարկությանը՝ «Տիգա-Էյր»-ին, Հասարակածային Գվինեայում հայտնվել է «PANAC» լոգոյով:  «Տիգա Էյրի» տնօրեն Բորիս Ավագյանը հաստատեց սա. «Այո, նման լոգո է եղել օդանավի վրա: «Պանակը» գվինեական ավիաընկերություն է: Եվ ոչ թե «Տիգա Էյրն» է որոշել, որ այդ լոգոն լինի օդանավի վրա, այլ՝ գերմանական CAL ընկերությունը, որ մեզ հետ պայմանագիր է կնքել եւ վարձակալել է այդ օդանավը»: Թե ինչու էր հայկական կամ գերմանական ավիաընկերության լոգոյի փոխարեն ընտրված գվինեականինը, Բ. Ավագյանը չկարողացավ պատասխանել, ասելով՝ «Դա գերմանական կողմի որոշումն է եղել»: «Արմինֆոն», հղում անելով Ազատություն ռադիոկայանին, ասում է, որ գերմանական այս ընկերությունը նաեւ պայմանագիր է ունեցել PANAC-ի հետ:
Մի բան եւս բավական տարօրինակ է թվում այս պատմության մեջ: Նախկինում քիչ չեն եղել դեպքերը, երբ միջազգային ավիաընկերությունները խնդիրներ են ունեցել աֆրիկական օդակայաններում, եղել են նաեւ ձերբակալություններ ու այլ տհաճ պատմություններ: Այս ամենը հաշվի առնելով՝ տարօրինակ է թվում այն հանգամանքը, որ հայկական կողմն ուշադրություն չի դարձնում այս ամենին եւ համարձակորեն ուղարկում է իր օդաչուներին աֆրիկական պետություններ՝ այսպիսի վտանգավոր աշխատանքներ կատարելու: