Մոտ մեկ շաբաթ առաջ տված ասուլիսում Վարդան Այվազյանը բավականին խիստ էր արտահայտվել «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկության» (ԱՈԱՁ) եւ «Գլոբալ Գոլդ» ընկերության գործունեության մասին: Նախարար Այվազյանը ԱՈԱՁ-ին մեղադրել էր 1 տոննա ոսկի թաքցնելու, բնաօգտագործման վճարումները չկատարելու, արտահոսքերում նորմայից բարձր ցիանի պարունակության եւ այլ բացթողումների մեջ: Խիստ էր նաեւ «Գլոբալ Գոլդի» հասցեին արտահայտած դիրքորոշումը. նախարարի ասելով՝ ընկերությունը Գետիկ գետի ավազանում ուրանի եւ ոսկու պաշարների ապօրինի հետախուզում է իրականացնում: Այս երկու ընկերությունների կողմից պատասխանները չուշացան: Անմիջապես հաջորդ օրը ԱՈԱՁ-ի ղեկավարները հակահարված տվեցին նախարարին՝ ասելով, թե 1 տոննա ոսկի կորզելու արդյունքում հարյուրավոր միլիոն տոննաների հող է առաջանում: Ոսկին թաքցնել հնարավոր է, իսկ այդքան հողը հնարավոր չէ պահել: Բացի այդ, ընկերության ներկայացուցիչները ավելացրին, որ իրենք դատարանում վիճարկել եւ չեղյալ են համարել թաքցրած ոսկու հետ կապված ակտերը: Իսկ երեկ ահա պատասխան տալու հերթը «Գլոբալ Գոլդինն» էր: Ընկերության տնօրեն Աշոտ Պողոսյանը՝ հանդիպելով տնտեսական լրագրողների ակումբի անդամների հետ, ասաց, որ ընկերությունը Հայաստանում հատուկ ուրանի ուսումնասիրություն չի իրականացնում, այլ ընդամենը հանքավայրի ընդհանուր հետազոտություն է անում՝ պարզելու համար, թե հանքաքարում որքա՞ն է կազմում ոսկու եւ ուրանի պարունակությունը, եւ արժե՞ արդյոք արդյունահանման աշխատանքներ իրականացնել: Իսկ դրա իրավունքը, ըստ Ա.Պողոսյանի, «Գլոբալ Գոլդն» ունի, որովհետեւ ունի նաեւ լիցենզիա: «Մենք գործ ունենք ընդերքի հետ,- ասում է Ա.Պողոսյանը: -Այնտեղ ոսկին, ուրանը կամ արծաթը կողք կողքի, առանձին-առանձին դրված չեն, որ մենք ուրանը թողենք, մյուսները վերցնենք: Մենք հանքաքարի ընդհանուր ուսումնասիրություն ենք իրականացնելու, որպեսզի պարզենք, թե ինչ պարունակություն ունի: Եթե ուրան գտնենք, մենք պարտավոր ենք այդ մասին 14 օրվա ընթացքում տեղեկացնել լիազոր մարմիններին: Գետիկում դեռ ուսումնասիրությունների առաջին փուլում ենք»:
Եթե Գետիկի հանքավայրում ուրան հայտնաբերվի, Հայաստանը կհայտնվի էներգետիկ քարտեզի վրա: Բացի այդ` գիտենք, որ ուրանը ռազմավարական նշանակության օգտակար հանածո է: Այս օրերին, երբ օրակարգային է մեր երկրում երկրորդ ատոմային էլեկտրակայան կառուցելու հարցը, ուրանի հայտնաբերումը նոր ազդակ կլիներ դրա համար: Բացի այդ, գործող ատոմակայանն աշխատում է Ռուսաստանից ներկրվող հարստացված ուրանով: «Եթե մենք ուրանի պաշարներ ունենանք, կարող ենք հանքաքարն ուղարկել եւ փոխարենն ատոմակայանի համար հարստացված ուրան ներկրել: Հաստատ ռումբ չենք արտադրի: Եթե մենք ուրան գտնենք, դա բոլոր դեպքերում է լավ Հայաստանի համար»,- համոզված են ընկերության ներկայացուցիչները: «Գլոբալ Գոլդի» ղեկավարները տեղյակ են, որ ուրանի արդյունահանման համար կառավարության հատուկ արտոնագիր է հարկավոր, եւ եթե Գետիկում ուրան գտնեն, ապա անպայման կդիմեն կառավարություն՝ արդյունահանման արտոնագիր ստանալու համար: Իսկ թե ինչո՞ւ է Վարդան Այվազյանն իրենց նկատմամբ այդպես «ուշադիր», Ա.Պողոսյանը դժվարացավ պատասխանել: Նա համաձայն է, որ բնապահպանության նախարարը պետք է զբաղվի նաեւ բնության պահպանությամբ, սակայն չգիտի, թե նախարարն ինչո՞ւ է այդպես անհանգիստ եւ ուշադիր իրենց նկատմամբ: «Մենք բնապահպանության նախարարությունից առ այսօր ժամկետային ծանուցումներ կամ զգուշացումներ չենք ստացել,- ասում է պարոն Պողոսյանը: -Դրա մասին իմացել եմ մամուլից»:
Դժվար է ասել, թե Վ. Այվազյանն այս ընկերությունների նկատմամբ իր զգուշացումներն ինչո՞ւ է մամուլի միջոցով տեղ հասցնում: Մենք առաջիկայում սպասում ենք նաեւ նախարարի մեկնաբանություններին: Մանավանդ, որ «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկության» հետ կապված նա «168 Ժամին» ասել էր, թե կծանոթանա ընկերության արած հայտարարություններին եւ արժանի հակահարված կտա՝ մեզ հորդորելով չշտապել: «ԱՈԱՁ»-ը կամ հնդկական «First Dynasty Mines Armenia» ընկերությունը Սոդքի հանքավայրում ոսկու արդյունահանմամբ է զբաղվում 2002թ., իսկ ամերիկյան «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերությունն Արագածոտնի մարզի Թուխմանուկ, Գեղարքունիքի մարզի Գետիկ եւ Հանքավանի հանքերում ուսումնասիրություններ է իրականացնում 2004 թվականից: Երկու ընկերության ղեկավարներն էլ տեղեկացնում են, որ մինչեւ հիմա վնասով են աշխատել եւ կատարել են մեծ ներդրումներ: Նրանք հանքարդյունաբերության ոլորտում դա համարում են շատ նորմալ: Խորհրդային տարիներին ընդունված էր, որ այս ոլորտի ներդրումները հնարավոր է ետ բերել եւ շահույթ ստանալ միայն 7 տարի հետո: Բայց այս երկու ընկերությունների ներկայացուցիչները համոզված են, որ իրենց ներդրածն ավելի շուտ կստանան, թեպետ վնասով աշխատելու փուլը երկուսի մոտ էլ դեռ չի ավարտվել:
Այս վերջին հանգամանքը, թե շուտով երկու ընկերություններն էլ ավարտելու են հետազոտությունների, հիմնական ներդրումների փուլը եւ անցնելու են բուն նպատակին՝ ոսկու հետագա արդյունահանմանն ու շահույթ ստանալուն, արժանի է ուշադրության: Եվ այս սպասելիքների մեջ Վարդան Այվազյանի հայտարարությունների հետ կապված կարելի է նաեւ որոշակի մեկնաբանություն կամ ենթադրություններ անել: Արդյոք այս հանգամանքը չէ՞ բնապահպանության նախարարի «անհանգստության» եւ «մեսիջների» պատճառը: Հիշեցնենք, որ ընկերություններից առաջինի՝ «ԱՈԱՁ»-ի ներկայացուցիչները ինչ-որ հեռավոր ակնարկներ էին անում` իրենցից նախարարության աշխատակիցների սպասելիքների հետ կապված: Բացի այդ, բացառված չէ, որ շահույթի ստացման փուլում ինչ-որ մեկն աչք է դրել այս երկու ընկերությունների վրա, եւ հենց դրա համար էլ նրանք հայտնվել են Վ.Այվազյանի ուշադրության կենտրոնում: