Հունիսի 22-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հանդիպում է ունեցել Ստեփանակերտում օրերս սկսված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. անցյալը, ներկան եւ ապագան» միջազգային գիտաժողովի մասնակիցների հետ: ԼՂՀ նախագահի մամուլի ծառայության տեղեկացմամբ, Ա. Ղուկասյանը` ողջունելով շուրջ տասը երկրների գիտակրթական շրջանները ներկայացնող հյուրերին, նշել է, որ արցախյան հողում հեղինակավոր գիտաժողովի կազմակերպումը եւս մեկ քայլ է ԼՂՀ-ն աշխարհին պատշաճ ներկայացնելու եւ միջազգային ճանաչմանը հասնելու գործում: Նախագահը նաեւ կարծիք է հայտնել, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը դեռ հեռու է, իսկ ընդդիմախոսները, խուսափելով երկխոսությունից, հակամարտությունը տեղափոխել են քաղաքական, տնտեսական եւ անգամ գիտական դաշտ: «Մենք ստիպված ենք ընդունել մարտահրավերը, եւ այդ պայքարում մեր ամուր հենքը պիտի դառնան ձեր գիտական ներուժն ու հարուստ փորձը»,- ասել է Ա. Ղուկասյանը: