Ո՞վ է բռնում մոմը

26/06/2006 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Կառավարության կազմում արվամոլների ստվար ցուցակի մասին Հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանի հայտնի հայտարարությունից հետո բարձրաստիճան շատ չինովնիկներ հասարակական մարդաշատ վայրերում սկսեցին երեւալ սիրուհիների ընկերակցությամբ՝ չարագույժ կասկածն իրենցից վանելու ցանկությամբ: «Անձամբ են տեսել»,- մեզ հետ զրույցում նշեց PR մասնագետ, «PArt» գործակալության տնօրեն Կարեն Քոչարյանը: Իսկ հայոց տխուր իրականությունն այն է, որ հրապարակում գտնվող գործիչները հասարակության աչքում սրան կամ նրան վատաբանելու համար որպես լուրջ փաստարկ են բերում ոչ թե տվյալ գործչի կոռումպացված կամ ոչ պրոֆեսիոնալ լինելու փաստը. Հայաստանում նման որակումներով ոչ մեկին չես նեղացնի: Մաշտոցի՝ այդքա՜ն դժվարություններով ստեղծած այբուբենի առաջին մեկ-երկու տառերի բազմանշանակ շեշտադրությամբ արտասանությունն արդեն իսկ բավական է, որ հասարակության ոչ առողջ ուշադրությունը սեւեռվի տվյալ չինովնիկի վրա: Նման պատմություններ հասարակությունը սիրում է եւ հետաքրքրվում է իրադարձության յուրաքանչյուր դետալով: Տարիներ առաջ հասարակության ուշադրությունը մամուլը հրավիրեց Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի վրա: Վերջինս թուլություն էր ունեցել ստրիպտիզ ակումբում պարուհու հետ անմիջական շփումներ ունենալ: Պատմական ժլատ տեղեկություններով եւ բոլորիս աչքի առաջ՝ հաջորդ «պիկանտ» պատմությունը տեղի ունեցավ արդեն ԱԺ-ում, երբ միմյանց վիրավորեցին Մհեր Շահգելդյանն ու Էջմիածնի պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Վիրավորանքի «կարմիր թելը» դարձյալ սեռական ոչ ավանդական կողմնորոշումն էր: Հարցը տեղափոխվեց «տղամարդկային հարթություն»: (Նման «հարթության» առանձնահատկությունը միմյանց մռութ ջարդելու փորձն է, որը, որպես կանոն, ավարտվում է ամուր ձեռքսեղմումով): Հետո հերթն Արշակ Սադոյանինն էր, որն «ԱրմենՏելի» գործարքի ձախողման պատճառաբանությունները թվարկելիս անդրադարձավ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի սեռական կողմնորոշման նրբություններին: Դավիթ Հարությունյանը մեծահոգաբար կամ նրբանկատորեն վիրավորանքն անպատասխան թողեց: Հիմա էլ Վիկտոր Դալլաքյանն ու Համլետ Հարությունյանը որոշեցին, որ դոլարի կուրսի անկման արմատներում արդեն ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի՛ ոչ ավանդական օրիենտացիան է: Փաստարկների եւ պրոֆեսիոնալիզմի պակասը մեր քաղաքական գործիչներին դրդում է դիմել գոտկատեղից ներքեւ հարվածի «ինստիտուտին»: Նման հարվածները մնում են անարձագանք (չեն հասնում դատարան), հետեւաբար կրկնվելու ենթակա են:

«Այդ տխմար ալկոհոլիկը»

Ամերիկյան «Գլոուբ» ամսագիրը հերթական անգամ անդրադառնում է ալկոհոլիզմի հակում ունեցող Ջորջ Բուշի եւ նրա տիկնոջ միջեւ խորացող անհամաձայնությանը: Հասարակությունն ակտիվորեն քննարկում է՝ կամուսնալուծվե՞ն արդյոք նրանք: Սակայն հանրապետականները հասկացնել են տվել, որ այն դեպքում, երբ երկու տարի անց ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են, ընտանեկան մի ինչ-որ անհարթության պատճառով Բուշի վարկանիշի հաշվին` ոչ մի ամուսնալուծություն: Հետեւաբար խեղճ Լորա Բուշն՝ ատամները սեղմած, պետք է ամեն անգամ անհրաժեշտության դեպքում հայտնվի ամուսնու կողքին եւ ձեւացնի, թե իր աղավնյակից լավն աշխարհում չկա: Այսինքն, Ամերիկայում, Եվրոպայում, ուր ընտրողի ձայնից փաստացի կախված է տվյալ երկրի նախագահի ընտրվել-չընտրվելը, նախագահների եւ այլ բարձրաստիճան չինովնիկի բարոյական կերպարը հասարակական վերահսկողության տակ է: Ինչպես երեւաց նաեւ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի եւ Լեւինսկու հանրահայտ պատմության ընթացքում, որքան էլ մասնագետները պնդեն, թե դա ընդամենը PR էր:

Սրիկա կարող ես եւ լինել, արվամոլ՝ երբե՛ք

Իսկ ինչպես է վիճակը Հայաստանում: Ըստ փորձագետի՝ մեր երկրում գոնե նախագահների ընտանիքները (ո՛չ Տեր-Պետրոսյանի, ո՛չ Քոչարյանի) այդ իմաստով խոցելի չեն: Կ. Քոչարյանն այն կարծիքին է, որ ճիշտ չէ մտնել նախագահի կամ թեկուզ սովորական մի մարդու անկողին, անգամ այն դեպքում, երբ այդ անկողնում նրա կինը չէ, կամ առհասարա՛կ կին չէ: Մեզ մոտ՝ ի տարբերություն ԱՄՆ-ի կամ Եվրոպայի, ուր յուրաքանչյուր հանրահայտ մեկը մշտապես հասարակության եւ պապարացիների ուշադրության կենտրոնում է, խիստ արգելք կա ամեն կարգի ինտիմ տեղեկատվության տարածման վրա. «Վերահսկողության տակ է ԶԼՄ-ների ամենամատչելի եւ բազմալսարան միջոցը՝ հեռուստատեսությունը, որտեղ երբեք չեն ասի, որ այսինչ պաշտոնյային տեսան իր սիրուհու հետ կամ ոչ վայել համբավ ունեցող մի ակումբում: Թերթեր շատ քիչ մարդիկ են կարդում, հետեւաբար, երբ անգամ թերթերը հազվադեպ, բայց գրում են նման բաներ, պատասխանը հետեւյալն է՝ չի համապատասխանում իրականությանը, բամբասանք է»: Հետաքրքիր է, որ արժանապատվությունը հրապարակայնորեն վիրավորած որեւէ մեկը մինչ օրս դատարան չի հրավիրվել, այսպես ասած՝ վիրավորվողի կողմից: Պատճառն, ըստ Կ. Քոչարյանի, մեր հասարակության ցածր իրավագիտակցությունն է: Բայց ոչ միայն դա: Դատական համակարգի անփառունակ կենսագրությունը ցույց է տալիս, որ դատարանի հետ գործ բռնել մարդիկ ցանկանում են միայն ծայրահեղ դեպքում: Իսկ եթե վիրավորվողը պաշտոնյա է, որին ԱԺ ամբիոնը հասանելի է նույնքան, որքան ցանկացած գյուղացի աղջնակի՝ ԱԼՄ-ի եթերը, ավելի արդյունավետ է «հիմարն ինքդ ես» ասել ԱԺ ամբիոնից՝ հնարավորինս վիրավորական շեշտադրությամբ եւ ի լուր համայն մարդկության: «Տիգրան Սարգսյանն էլ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ իր հասցեին հնչեցրած ոչ փաղաքշական արտահայտություններ անողներն իրե՛նք են այդպիսին: Իսկ այն պատգամավորները, որոնք մինչ այդ հոխորտում էին, թե «Տիկոն հես ա գա՝ տես ՝ ինչ ենք անելու», ծպտուն չհանեցին»,- վերջին իրադարձություններին այսպես արձագանքեց Կ. Քոչարյանը:

Մեր ազգային մենթալիտետը վկայում է, որ եթե չինովնիկը դավաճանում է կնոջը, այսինքն՝ ունի սիրուհի, դատապարտելի երեւույթ չէ, եթե չասենք՝ հակառակը. «Դա հաճախ համարվում է անգամ տղամարդկության նշան, եթե, իհարկե, ընտանիքը չի թողնում, երեխաներին, կնոջը ֆինանսապես ապահովում է, ուղարկում է արտասահման՝ հանգստանալու, կողքից էլ սիրուհի է պահում, ուրեմն աշխատող տղամարդ է»,- ասում է Կ. Քոչարյանը: Կոռուպցիան եւս մեր երկրում որպես բացասական երեւույթ չի ընկալվում՝ «բա տղամարդը պիտի մի ձեւով փող աշխատի»: Մասնագետի պնդմամբ՝ մեր հասարակությունը վատ է ընդունում միայն արվամոլներին ու թմրամոլներին: Որեւէ այլ մեղք կամ արատ մատնացույց անելով՝ հասարակության աչքից տվյալ քաղաքական գործչին ոչ մի կերպ չես կարող գցել: «Իսկ առջեւում ընտրություններ են, որոնց ժամանակ, վստահ եմ, դեռ շատ մերկացումներ, խայտառակ կոմպրոմատներ են մեջտեղ հանվելու»: Հետաքրքիր է: