Մայային իր ապագա ամուսինը փախցրել է երեք անգամ: Առաջին երկու անգամները Մայային հաջողվել է փախչել, սակայն երրորդ անգամ նա համակերպվում է բախտի հետ: «Գիան հիանալի ամուսին է: Ես երջանիկ եմ, որ այսպիսի տղամարդու հետ եմ ապրում»,- այժմ ասում է Մայան, չնայած նրան, որ ամուսինն ու նրա ընկերները Մայային բռնություն գործադրելով են փախցրել` ամուսնանալուց բացի այլ ելք չթողնելով:
Այսօր նրանք երեք երեխա ունեն: Մայան ու Գիան ապրում են Վրաստանի Սամցխե-Ջավախեթի ռեգիոնում: Մայան խուսափում է իր իրական անունը տպագրելուց, այստեղ նրան բոլորը ճանաչում են: Այս ռեգիոնում Մայայի ու Գիայի 14-ամյա վաղեմության պատմությունը բացառիկ երեւույթ չէ: Վրացիներով ու հայերով բնակեցված Սամցխե-Ջավախեթիում «աղջիկ փախցնելն» ընդունված ավանդույթ է: Կանանց իրավունքների պաշտպան տեղի կազմակերպություններն այս ավանդույթը համարում են վայրենի, տարածաշրջանի հասարակությունում արմատացած տղամարդկանց ուժի գերակայության դրսեւորումներից մեկը: Կազմակերպությունների նպատակն է` հասարակության հայացքն ուղղել դեպի այս խնդիրն ու կանանց օգնել պաշտպանելու իրենց իրավունքները: Իրավապաշտպանների խոսքերով, ճշգրիտ տվյալներ դեպքերի եւ այդ խնդրի տարածվածության մասին չկան, սակայն նրանք հավաստում են, որ ամեն տարի հարյուրավոր կանայք ամուսնանում են` հակառակ իրենց կամքի: Մայան պատմում է, թե ինչպես էր Գիան փորձում իրեն փախցնել: «Մենք Գիայի հետ ծանոթացանք Ախալցխեում: Ես 10-րդ դասարանում էի սովորում: Դպրոցն ավարտելուց հետո ես Հոգեւոր սեմինարիայում էի սովորում: Նա հաճախ էր գալիս մենաստան` ինձ տեսնելու: Այդ ժամանակ ես հասկանում էի, որ իր համար ես ընկերոջից ավելին եմ: Բայց ես ուրիշին էի սիրում»: Փախցնելու բոլոր փորձերի ժամանակ Գիային օգնել են ընկերները: Առաջին անգամ, Մայայի խոսքերով, իրեն «խաբեությամբ» են ավտոմեքենա նստեցրել: «Ես շատ էի վախեցել, լաց էի լինում, խնդրում, որ ետ տանեն ինձ»: Երբ արցունքները չեն օգնել, Մայան բացել է դուռն ու սպառնացել, թե` դուրս կնետի իրեն: Փողոցում եղած մեքենաները կանգնել են, մարդիկ սկսել են նայել դեպի «աղջիկ փախցնող» ավտոմեքենան: Այդ անգամ Գիան Մայային թույլ է տվել գնալ: Հաջորդ անգամ Գիայի ընկերները փորձել են վազելով հասնել Մայային, ցեխոտ սարալանջով, բայց այս անգամ էլ փրկել են պատահական անցորդները, որոնք Մայային դեպի եկեղեցի են ուղեկցել: «Ես ամբողջովին կորել էի ցեխի մեջ: Հագուստս տեղ-տեղ պատռվել էր: Ես մոտեցա Փրկչի սրբապատկերին ու խնդրեցի ազատել ինձ Գիայից, ես նրան չեմ սիրում: Բայց, միեւնույն է, թող լինի այնպես, ինչպես քո կամքն է»: Երրորդ անգամ մթության մեջ ինչ-որ մեկը փակել է Մայայի բերանը: «Ես դուրս պրծա, վազեցի, ընկա, ու սպին մինչեւ հիմա մեջքիս է: Ես հիշում եմ այն սարսափելի զգացումը, որ ունեի «փախցրած» ժամանակ»,- պատմում է Մայան: «Հիմա էլ, երբ հիշում եմ, նույն զգացումն ապրում եմ: Այդ դեպքի մասին իմացան բոլորը: Ես մտածում էի եղբայրներիս մասին: Մտածում էի` ի՞նչ կմտածեն մարդիկ, եթե թողնեմ ու գնամ: Կասեին` նա կույս չէր, դրա համար էլ չպահեցին: Ես որոշեցի մնալ»:
Տեղի բնակիչների հաշվարկներով, ամուսնությունների 50 տոկոսն ուղեկցվում է աղջիկ փախցնելով: Հաճախ այդ արարքն ավելի «թատերական» բնույթ է կրում, ու կազմում է կնոջը սիրահետելու ավանդույթի մի մասը: Լինում են նաեւ դեպքեր, երբ սիրահարված զույգը «բեմադրում» է փախցնելը` ծնողների համաձայնությանը հասնելու համար: Այնուամենայնիվ, դեպքերի մեծ մասն իրական առեւանգումներ են, որտեղ հոժար կամքի մասին խոսք լինել չի կարող: «Ամեն գյուղում 10 կանանցից 9-ն առեւանգվել են»,- ասում է Ախալքալաքի բնակչուհի Օֆելյա Պետրոսյանը: «Աղջիկս 8-րդ դասարանում է, վախենում եմ նրան գեղեցիկ հագցնել, վախենում եմ, որ նա գեղեցիկ տեսք ունենա, որ կփախցնեն»: Օֆելյան կարծում է, որ այս ավանդույթի կենսունակության պատճառը տեղի հասարակության հետամնաց հայացքներն են: «Այս ամենի մեղքը կարելի է գտնել երիտասարդների ցածր կրթամակարդակում: Իսկ մեր կանանց համար կարեւոր է տանն ուտելու բան ունենալ: Ուրիշ ոչինչ իրենց չի հետաքրքրում: Նրանք ստրուկների պես են ապրում»:
Ախալցխեի ժամանակակից հագուկապով պատանիները թղթախաղ են խաղում: Նրանք առօրյա խոսակցության մեջ օգտագործում են ուլտրաժամանակակից «ժարգոն»: Բայց նրանց հայացքները խիստ ավանդական են: «Ուրիշի կողմից փախցրած աղջկան, եթե նույնիսկ նրան նույն օրն են վերադարձրել, ես որպես կին չեմ վերցնի: Ինչի՞ս է պետք ուրիշի փախցրած աղջիկը: Իսկ եթե ես աղջկա եմ սիրում, կարող է եւ փախցնեմ նրան»,- ասում է պատանիներից Նիկա Բերիձեն: Փորձագետները միակարծիք չեն «աղջիկ առեւանգելու» ավանդույթի ծագումնաբանության շուրջ: Ոմանք կարծում են, որ այդ ավանդույթը Ջավախքում սերմանվել է Օսմանյան Կայսրության տիրապետության ժամանակ: Իսկ ոմանք էլ` որ այն տարածաշրջան է եկել արեւելքից: Կա նաեւ կարծիք, որ այդ ավանդույթի ծննդավայրը Կովկասն է: «Սա Կովկաս է, առեւանգելը մեր արյան մեջ է, ոչ ոք ոչինչ փոխել չի կարող: Ես 70 տարեկան եմ, ու էս տարիների ընթացքում իմ շուրջը եղած ընտանիքների պատմությունները սկսվել են աղջիկ փախցնելով: Դա կնոջ համար է վատ, իսկ տղան անընդհատ էլ կարող է հարս փախցնել»,- ասում է Նինա Նահատակյանը: Վրաստանի օրենսդրությունը բավականին խիստ է աղջիկ առեւանգողների նկատմամբ: Քրեական օրենսգրքի 23-րդ հոդվածն ասում է. «Հանցագործություն մարդու իրավունքների ու ազատության դեմ»: Օրինախախտների համար պատիժը 4-8 տարի է: Նույն գործողությունը, եթե կատարվել է խմբով, նախնական համաձայնությամբ, նախատեսում է մինչեւ 12 տարի ազատազրկում: Խորհրդային ժամանակներում այս խնդրին մի ամբողջ առանձին հոդված էր հատկացված Քրեական օրենսգրքում, եւ հանցագործությունը որակված էր` որպես «առեւանգում, ամուսնության նպատակով»: Իրավապաշտպանների կարծիքով, խիստ պատժի առկայությունն ինչ-որ չափով կանխարգելիչ է, սակայն երեւույթն իսպառ ջնջելու համար այն բավարար չէ: «Ջավախքում բազմաթիվ առեւանգումներից միայն մի քանիսն են պաշտոնապես գրանցվում»,- ասում է փաստաբան Անահիտ Հովհաննիսյանը, ով վաղուց է զբաղվում այս տարածաշրջանում կանանց առեւանգման խնդրով: «Ինչո՞ւ կնոջը ոչ ոք չի հարցնում` սիրո՞ւմ է այդ տղամարդուն, թե՞ ոչ,- հարցնում է նա: -Կանայք նույնիսկ չգիտեն, որ իրավունքներ ունեն, որ այդ իրավունքները կարող են դատարանում պաշտպանել: Մայրն առեւանգված աղջկան սովորաբար ասում է. «Մարդիկ ի՞նչ կասեն, դիմացիր, աղջիկ ջան, ոնց որ ես եմ դիմացել»:
Վերջերս Ախալքալաքի դատարանում աննախադեպ դատավարություն էր, որտեղ, որպես փաստաբան ներգրավված էր Անահիտ Հովհաննիսյանը: «Ես աղջկա իրավունքներն էի պաշտպանում: Մինչեւ վերջին րոպեն պայքարել եմ, որ առեւանգողի համար սահմանեն օրենքով նախատեսված պատիժ: Վերջին պահին աղջիկը հրաժարվեց, ասաց` թող տղան ինձ հանգիստ թողնի, ես էլ պատիժ չեմ պահանջի»: Տղան անպատիժ մնաց: Աղջիկը մինչ օրս հոգեկան ծանր սթրես է ապրում, դեպրեսիա, իսկ փողոց դուրս գալու մասին խոսելն անգամ ավելորդ է: Հովհաննիսյանի խոսքերով` առեւանգողները հեշտ են պրծնում իրենց կատարած գործերի համար, քանի որ հասարակությունը ոչ թե կարեկցանքով, այլ նախատինքով է վերաբերվում տուժողներին: «Կինը սոցիալապես պաշտպանված չէ: Իմ պրակտիկայում նման հանցագործության պատժի ականատես չեմ եղել: Առեւանգված աղջկան նույնիսկ չեն հասկանում հարազատները, քանի որ նրա վերադարձն ընկալում են որպես ամոթ»: «Սերունդները սխալ են դաստիարակվում, կնոջ նկատմամբ ուժ գործադրած մարդիկ պատասխան չեն տալիս: Ամեն ինչ կարծես 16-րդ դարում լինի»,- ասում է Անահիտը: Ջավախքում կանանց իրավունքներով զբաղվում են մի քանի հասարակական կազմակերպություններ: Նրանք փորձում են աղջիկներին սովորեցնել իրենց իրավունքները, իրենց նկատմամբ ուժ գործադրողներից օրենքով պաշտպանվելու ուղիները: Սակայն, ըստ ՀԿ-ների ներկայացուցիչների, փոխել մենթալիտետը նույնիսկ երիտասարդների շրջանում, շատ դժվար է: «Մենք կանանց հետ ենք հանդիպում, որոնց մեծ մասն առեւանգված են եղել: Նրանք ընտանիքներ ունեն, երջանիկ են: Ամեն դեպքում, այդպես են ասում: Դժվար է փոխել մենթալիտետը: Մենք չենք կարծում, որ ամեն ինչ արագ կարելի է փոխել, բայց աստիճանաբար, ինչ-որ բան կարող է ստացվել»,- ասում է «Կանայք Ժողովրդավարներ Սամցխե-Ջավախեթիի» ՀԿ-ի նախագահ Մարինա Մոդեբաձեն: Մոդեբաձեի ղեկավարած ՀԿ-ն տպագրել է գրքույկներ, ստեղծել թեժ հեռախոսագիծ: Բացի այդ, նրանք պատրաստվում են կացարան ստեղծել` առեւանգված կանանց համար: Մայան, որ ամուսնուն սիրել սկսել է առեւանգվելուց մեկ տարի անց, անտարբեր է այս բոլոր գործողությունների նկատմամբ: «Ամեն ինչ Աստծո կամքով է լինում: Ամուսնության առաջին տարին շատ դժվար էր: Բայց Աստծո օգնությամբ մենք հաղթահարեցինք դժվարությունները»,- ասում է նա: «Հիմա մեծանում է աղջիկս: Ես շատ եմ մտածում նրա ապագայի մասին: Եթե նրան էլ փախցնեն, դա էլ Աստծո կամքը կլինի»: Իր երկու որդիների մասին Մայան ասում է. «Գուցե նրանցից մեկը նույնպես կրկնի հոր արածը, փախցնի սիրած աղջկան: Ավանդույթներից չես փախչի»: