Միս

26/06/2006

Տավարի միսը կարելի է արագ եփել, եթե նախապես այն մի քիչ ծեծեք փայտյա թակով եւ ջրին ավելացնեք 1-2 ճաշի գդալ քացախ։

Արգանակ պատրաստելուց առաջ կաթսան ծածկեք կափարիչով եւ ջուրը հնարավորին չափ արագ հասցրեք եռման աստիճանի, հետո մեղմացրեք կրակը եւ վերցրեք կափարիչը։

Որպեսզի արգանակը շուտ չպղտորվի, այն մեղմ կրակի վրա տաքացրեք բաց ամանում եւ եռալուն պես վերցրեք։

Տավարի ոսկորը նախքան եփելը կոտրեք։ Այդ դեպքում ոսկորի սննդարար նյութերն ավելի հեշտ կլուծվեն։ Ոչխարի եւ խոզի ոսկորները լավ է մի քիչ պահել գազօջախում։ Իսկ հավի արգանակը հատկապես համեղ կլինի, եթե հետը եփեք տապակած մի քանի ոսկոր։

Արգանակից զտած ճարպը բուրավետ է եւ նրբահամ։ Թողեք այն ցամաքի եւ առանձնացրեք տարբեր կերակրատեսակներ պատրաստելու համար։ Շատ համեղ է այդ ճարպով տապակած բանջարեղենը։

Ապուրը դանդաղ, շրջանաձեւ շարժումներով խառնելու դեպքում այն կպահպանի համապատասխան թանձրությունը, իսկ բանջարեղենի կտորներն ամբողջական կմնան։

Մինչ ապուրի մեջ ձու ավելացնելն այն նախապես հարեք փոքր քանակությամբ սառն արգանակով։

Դափնու տերեւները մի թողեք պատրաստի ապուրի մեջ, իսկ ծեծած սխտորը ավելացրեք եփելուց հետո։

Միսը տապակելիս թավայի մեջ կարելի է դնել մի քանի մանր սոխ եւ այն մատուցել որպես ճաշալրաց (խավարտ)։

Մինչեւ տապակելը մսի վրա ոչ թե ջուր, այլ գինի լցրեք։ Հորթի եւ թռչնի միսը «սիրում են» սպիտակ, իսկ տավարի, խոզի եւ որսի միսը` կարմիր գինի։

Միսը, նախքան տապակելը, պահեք

թթվաջրի (մարինադ) մեջ, որը կարելի է պատրաստել այսպես. 100 գ յուղին ավելացրեք 3-4 ճաշի գդալ կիտրոնի հյութ, 1-2 պճեղ ծեծած սխտոր, 3-4 գդալ մանր կտրատած մաղադանոս եւ դափնու տերեւ։ Պատրաստի թթվաջուրը լցրեք մսի վրա եւ փակ ամանով դրեք սառնարան։ Որպեսզի միսը տապակելիս չայրվի, ջեռոցում ամանով ջուր դրեք։ Միսը պետք է տապակել ուժեղ տաքացրած թավայի մեջ, այլապես այն ոչ թե տապակածի, այլ խաշածի համ կունենա։ Միսը ավելի նուրբ կստացվի, եթե տապակելիս կամ եփելիս վրան մի փոքր կոնյակ ցողեք։

Խորոված գառան կամ խոզի միսը համեղ է լինում, եթե նախքան պատրաստելը վրան մանանեխ եք քսում։ Միսը ջեռոցում եփելիս հարկավոր է վրան ավելացնել միայն տաք արգանակ կամ ջուր։ Սառը ջրից այն կոշտանում է։ Եթե մսի արգանակի փրփուրն անուշադրության պատճառով իջել է կաթսայի հատակը, արգանակի մեջ պետք է մի բաժակ սառը ջուր լցնել. փրփուրը վեր կբարձրանա։ Տավարի կոշտ միսն արագ կեփվի, եթե վրան նախապես մանանեխ քսեք, իսկ եփելուց մի քանի ժամ առաջ լվանաք սառը ջրով։