Բագրատաշենի հայ սեւամորթները

04/05/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

40-ամյա Լիդան  ծնվել է Բաքվում. 4 անչափահաս երեխաների եւ պառավ մոր հետ ապրում է Բագրատաշենում՝ նորվեգացիների կառուցած մեկ սենյականոց բնակարանում: «Իմ ծնունդը հաստատ գիտեմ, մյուսներինը չեմ հիշում»,-ասում է նա: Տան երեխաներից մեծը՝ Արմենը, 12 տարեկան է, Մարիամը՝ 11, փոքրը՝ Մարիան, մեկուկես: Ամուսինը նրան լքել է տասը տարի առաջ: Երեխաներից երկու փոքրերը ծնվել են «շուկայական հարաբերությունների» արդյունքում. կայարանամերձ կամ շուկայամերձ բնակավայրերում դա սովորական երեւույթ է: Հարեւաններն ասում են, թե պատահական կապերի արդյունքում Լիդան ունեցել է ոչ թե 4, այլ՝ 6, որոշ վարկածներով՝ նաեւ 8 երեխա, քանի որ  հղիությունն ընդհատելու միջոցներ չի ունեցել: Նա այլեւս մտադիր չէ երեխաներ ունենալ, այդ հարցում օգնում է բելգիական «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունը: Մյուս երեխաները հեռացել են անհասցե: Լիդան ուզում է նորից ամուսնանալ կամ ընկեր ունենալ. «Համ փող կբերի, համ էլ լյավ ա էլի»:
Պետությունից կենսաթոշակ է ստանում ծեր տատը՝ տիկին Ասյան՝ 6.200 դրամ: Աղքատության կամ անչափահաս երեխաների համար նպաստ չեն ստանում, որովհետեւ Լիդան չի կարողացել փաստաթղթերը կարգավորել եւ ներկայացնել: Ինքը ո՛չ անձնագիր ունի, ո՛չ էլ փախստականի գրքույկ. լուսանկարվելու եւ Նոյեմբերյան հասնելու փող էլ չունի: Երեքշաբթի օրերին իջնում է շուկա՝ բեռնակրությամբ մի քիչ փող աշխատելու: Ամաչում է  դա  խոստովանել, ասում է՝ «Օբյեկտում հավաքարար եմ աշխատում»: Աշխատածը միայն չոր հացին է հերիքում՝ օրը 3 հատ, մեկ-մեկ էլ կարողանում է շաքարավազ գնել: Ճաշի բրինձը բելգիացիներն են տալիս: Վառելիքն էլ շուկայից է բերում՝ հավաքած աղբն ու պլաստմասսայե շշերը, որոնք ավելի շատ ծուխ են անում, քան տաքացնում: Լիդայենց տան պատերին, ապակիներին, անկողնուն, գետնին՝ ընդհանրապես ամեն ինչի վրա՝  հաստ շերտով սեւ մուր է նստած, մի քիչ սպիտակ են միայն տատի՝ տիկին Ասյայի դեմքն ու բոլորի աչքերի սպիտակը: Երեխաների դեմքերն ու ձեռքերը փայլում են մրի սեւությունից: Հում բրինձը մինչեւ ճաշ դառնալը՝ վառարանի վրա հասցնում է սեւանալ: Լիդան լվացքն անում է սառը ջրով եւ առանց օճառի: Օգնությամբ հավաքած գույնզգույն շորերը ծխից դարձել են մոխրագույն: Լողանում են տարին մի քանի անգամ. «Տաք ջուր ու օճառ չկա, MSF-ի աղջիկներն են մեկ-մեկ տանում-բաղնիքում լողացնում, հի՞նչ անեմ, փետ չկա, որ փեչը վառեմ»,- դժգոհում է նա: Մեր ներս մտնելու առիթով Լիդան երկու փոքրերի դեմքն ու ձեռքերը լվաց: Երեք ժամ հետո երբ վերադարձանք, նրանք ավելի շատ էին մրոտվել: Մրի հետ չէին խաղացել, պարզապես սենյակի օդն էր այդքան մրոտ:
Երկու մահճակալներից մեկի վրա քնում են տատն ու փոքր տղան, մյուսի վրա՝ Լիդան ու Մարիան: Արմենը քնում է տախտակից սարքած թախտին, իսկ Մարիամը՝ փալասների կույտի մեջ: Պառկում են առանց հանվելու: 12-ամյա Արմենն ու 11-ամյա Մարիամը երբեք դպրոց չեն գնացել: Նրանք, բացի իրենց սենյակի խղճուկ իրերից, ուրիշ ոչինչ չեն տեսել եւ չգիտեն, թե դրսում ինչ կա ընդհանրապես: Չեն շփվում ոչ ոքի հետ: «Ես նրանց կանչում եմ, որ խնձոր տամ ու իրար հետ խաղանք, բայց նրանք փախնում են տուն: Ոչ մեկի հետ չեն խաղում, վայրենիների նման մարդուց վախենում են»,- պատմում է հարեւանի փոքրիկ աղջիկ Անուշիկը: Անուշիկը ճիշտ է նկատել՝ նրանք ամենաիսկական վայրենիների պես են, որոնք ապրում են քաղաքակիրթ 21-րդ դարում՝ մարդկային ու պետական բացարձակ անուշադրության պայմաններում: Այս ընտանիքն ապրում է այն գյուղում, որն ունի առանձին մաքսակետ, ոստիկանության բաժանմունք ու սահմանապահ կայազոր: Այստեղ մարդիկ աշխատում են շատ մեծ փողեր, իսկ Լիդան 10.000 դրամանոցը տեսնելիս զարմացավ. «Սա փող ա՞, ինչակա՞ն ա, մեծ ա՞»:
Բագրատաշենի գյուղապետ  Հովսեփ Օգումցյանն այս ընտանիքի համար 40.000 դրամով կառուցել է տվել բացօթյա, առանց ծածկի, տախտակե պատերով մի զուգարան: Սա համայնքի ղեկավարի միակ ուշադրությունն էր այս թշվառ ընտանիքի նկատմամբ: Գումարը, սակայն,  տրամադրել են BBC-ի ինտերնետային կայքի  «On-line news»-ի արտասահմանցի ընթերցողները /շնորհիվ լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանի հրապարակման/: Իսկ երբ որոշակի գումար առաջարկեցինք վառարան եւ փայտ գնելու համար, գյուղապետը կտրուկ հրաժարվեց, թե ինքը դրա համար ներվեր ու ժամանակ չունի: Լիդայի ընտանիքի մասին BBC-ի ընթերցողները գիտեն, եւ միայն նրանք են երբեմն օգնում: Այս անգամ ճապոնացի մի տիկին էր մի քիչ հագուստ, ուտելիք ու որոշ պարագաներ ուղարկել: Ատամի մածուկը եւ խոզանակները տարակուսանք առաջացրին երեխաների մոտ. չգիտեին, թե ինչպես պետք է խաղային այդ «խաղալիքներով»:
Երբ երեխաներից մեկին որեւէ հարց էինք տալիս, ծոր տալով պատասխանում էր. «Գյուդում չիմ» կամ «Օզում չիմ»: Չշփվելու եւ առանձնացված ու լքված ապրելու հետեւանքով նրանք արդեն խոսելը մոռացել էին, շարժվում էին ծառից ծառ թռչկոտող կապիկների նման: Երբ ամաչում կամ վախենում էին, մտնում էին փալասների կույտի մեջ կամ սեղանի տակ ու աննկատ միաձուլվում էին այդ իրերին: Անզեն աչքով այլեւս անհնար էր լինում նրանց սենյակում գտնել:  Սակայն արդեն բավական վարժ էին լուսանկարչական ապարատի առաջ համապատասխան դիրքեր ընդունելուն, գրեթե՝ մոդելյորի վարպետությամբ: Նրանք բնազդորեն գլխի էին ընկնում, որ երբ հետաքրքիր խաղալիքով ձյաձյան գալիս է ու իրենց «չըխկ է անում», իր հետ հագուստ, ուտելու բան ու շոր է բերում: Դրա համար էլ շատ պատրաստակամ ու վարպետորեն կատարում էին իրենց առայժմ միակ դերն այս կյանքում: Եվ հետո դա նրանց՝մարդու հետ շփվելու միակ հնարավորությունն է:
Երեխաներից երկու մեծերը՝ Արմենն ու Մարիամը, մի քանի տարի հետո իրենց մորն օգնելու նպատակով կիջնեն Բագրատաշենի շուկա՝ հավաքարարություն ու բեռնակրություն անելու: Ու ոչ մի երաշխիք չկա, որ «շուկայական հարաբերությունների» արդյունքում՝ Արմենը չի համալրի հանցագործների, իսկ Մարիամը՝ անհայր բազմաթիվ երեխաներ ունեցող մայրերի շարքերը: