Տնտեսությունը դարձյալ աճեց

23/06/2006

Արդեն երրորդ օրն է` Հայաստանի տնտեսությունը շարունակում է աճել։ Դրանից մի քանի օր առաջ մեր տնտեսությունը մի երկու օր անկում ապրեց։ Դրամի փոխարժեքի տատանումները որեւէ այլ կերպ հնարավոր չէ բացատրել, որովհետեւ ԿԲ նախագահը դրամի արժեւորումը հենց Հայաստանի տնտեսական աճով է բացատրում։ Եվ ստացվում է, որ Հայաստանի տնտեսությունը մի երկու օր ինտենսիվ աճում է, հետո մի երեք օր խայտառակ անկում է ապրում… Նկատեք, որ ընդհանուր առմամբ դոլարի փոխարժեքի անկումը բացասաբար է անդրադառնում տեղական արտադրանքն արտահանողների եւ դրսի տրանսֆերտներով գոյատեւողների վրա, բայց կա մի շատ ավելի կարեւոր հանգամանք. երկրի տնտեսության վրա բացասաբար է անդրադառնում փոխարժեքի ցանկացած տատանում` անկախ նրանից, դրամն արժեւորվո՞ւմ է, թե՞ արժեզրկվում։ Կենտրոնական բանկի հիմնական ֆունկցիան հենց ֆինանսական դաշտի կայունության ապահովումն է, ինչը Տիգրան Սարգսյանին, մեղմ ասած, չի հաջողվում։