Իրականում կուսակցությունների գերակշիռ մասի ծրագրային հիմնադրույթների մեջ էական ու սկզբունքային տարբերություններ չկան: Բազմաթիվ դեպքերում տարբեր կուսակցությունների ծրագրային հիմնադրույթներ իրարից տարբերվում են զուտ ձեւակերպումներով: Նույնիսկ կան դեպքեր, երբ դրանք, կարելի է ասել, արտագրված են մեկը մյուսից: Չնայած սրան, կուսակցությունների ծրագրերը մեր օրերում մի տեսակ ձեւական են դարձել ու երկրորդ պլան մղվել: Իրողությունն այն է, որ բազմաթիվ դեպքերում կուսակցություն ստեղծելը խանութ բացելու պես բան է դառնում. ինչ-որ մեկն իր քաղաքական հավակնությունները բավարարելու համար որոշում է կուսակցություն ստեղծել: Եվ կուսակցություն ստեղծելու մասին որոշումը կայացնելուց հետո էլ մեկին հանձնարարում է մի երկու էջանոց «խուճուճ ծրագիր» գրել՝ ձեւական կողմը պահպանելու համար: Հայաստանում գործող կուսակցություններից շատերի ծրագրային հիմնադրույթներում, ինչպես նշվեց, բազմաթիվ մտքեր տարբեր ձեւակերպումներով կրկնվում են, ընդ որում, որպես կանոն, կուսակցություններից շատերի ծրագրերում հստակության պակաս կա, փոխարենը շատ են չարչրկված, մեր օրերում մոդայիկ դարձած եւ առանձնապես ոչինչ չասող արտահայտություններն ու բարի ցանկությունները: Այնուամենայնիվ, հայաստանյան կուսակցություններին արտաքին քաղաքականության իրենց տեսլականից ելնելով՝ կարելի է բաժանել երկու խմբի. նրանց մի մասը խիստ կարեւորում է ԱՊՀ երկրների, հատկապես` Ռուսաստանի, մյուս մասը՝ ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ հարաբերությունների խորացումը: Օրինակ, Ստեփան Դեմիրճյանի գլխավորած «Հայաստանի ժողովրդական կուսակցությունը» (ՀԺԿ) առաջնային նշանակություն է տալիս ԱՊՀ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանն ու ամրապնդմանը, ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական, քաղաքական, տեղեկատվական ընդհանրական կապերի վերականգնմանը, Ռուսաստանի դաշնության հետ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը՝ ակնկալելով նոր, ավելի սերտ ու արդյունավետ համագործակցության մակարդակ: «Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքը եղել եւ պետք է լինի ՀՀ արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկը»,- նշված է ՀԺԿ ծրագրում, որտեղ «ձեռի հետ» նշվում է նաեւ, որ Հայաստանը փոխշահավետության հիմքի վրա պետք է զարգացնի եւ խորացնի համագործակցությունն ԱՄՆ-ի, Եվրամիության երկրների եւ աշխարհի այլ երկրների հետ: Արտաքին քաղաքականության մյուս հարցերում ՀԺԿ ծրագրային հիմնադրույթներն առանձնապես չեն տարբերվում մյուս կուսակցությունների համանման դրույթներից: Օրինակ՝ ՀԺԿ-ն գտնում է, որ արցախյան հիմնահարցի արդար լուծմանն անհրաժեշտ է հասնել խաղաղ ճանապարհով, «համազգային խնդիրների լուծման համար» կարեւորում է սփյուռքի հետ համակողմանի կապերի ամրապնդումն ու զարգացումը եւ այլն: Որոշ առանցքային հարցերում էլ ՀԺԿ մոտեցումները համընկնում են դաշնակցության մոտեցումներին, ինչպես օրինակ՝ երկքաղաքացիության սկզբունքի ընդունումն է: «Ընդունելով երկքաղաքացիության սկզբունքը՝ ՀԺԿ-ն կարեւորում է դրա իրականացման իրավական եւ գործնական մեխանիզմների մշակումը»,- գրված է ՀԺԿ ծրագրում:
«Հանրապետություն» կուսակցությունն էլ իր հիմնական նպատակ է հռչակել ՀՀ ամրապնդումն ու հզորացումը, ՀՀ քաղաքացիների բարեկեցիկ եւ արժանապատիվ կյանքի ապահովումը, պետականության եւ ազգային խնդիրների շուրջ հայ ժողովրդի համախմբումը, ինչին հասնելու համար կուսակցությունն անհրաժեշտ է համարում պահպանողական գաղափարների եւ աշխարհայացքի վրա խարսխված քաղաքական արժեքային նոր համակարգի ստեղծումը, տարածաշրջանային եւ միջազգային ինտեգրացիոն գործընթացներին ՀՀ ակտիվ մասնակցությունը, այլ երկրների հետ փոխշահավետ քաղաքական, տնտեսական, մշակութային հարաբերությունների հաստատումն ու զարգացումը եւ այլն: Առավել կոնկրետ ու հստակ է ՀՀՇ-ի ծրագիրը: «ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է ուղղված լինի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը: Առաջնայությունը տալով եվրոպական կառույցներում Հայաստանի լիիրավ անդամակցությանը, անհրաժեշտ է ակտիվ մասնակցություն ցուցաբերել տարածաշրջանային համագործակցության բոլոր կառույցների աշխատանքներին»,- գրված է ՀՀՇ-ի ծրագրում: ՀՀՇ-ն գտնում է, որ ներկայումս Հայաստանի քաղաքական եւ սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտները հիմնականում արտաքին քաղաքական են՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի տեւական բացակայությունը եւ հիմնականում դրանով պայմանավորված շրջափակումը, որոնց հաղթահարումը երկրի արտաքին քաղաքականության առջեւ ծառացած ամենաառաջնահերթ խնդիրն է, որի լուծումով միայն հնարավոր կդառնա տնտեսական ու սոցիալական լուրջ առաջընթացը: Այս իրողությունն, ըստ ՀՀՇ-ի, պահանջում է արտաքին քաղաքական կողմնորոշիչների վերանայում: «Հայաստանի պետական անկախության եւ ժողովրդի անվտանգության կարեւորագույն երաշխիքներն են անհրաժեշտ պաշտպանություն ապահովող, բարոյապես կայուն եւ մարտունակ պրոֆեսիոնալ բանակը, զարգացող ու մրցունակ տնտեսական եւ արդար սոցիալական համակարգերը, ՆԱՏՕ-ին անդամակցելը եւ եվրոպական կառույցներին ինտեգրվելը»,- նշված է ՀՀՇ ծրագրում: Իսկ ահա վերջերս արեւմտամետի համբավ ձեռք բերած «Օրինաց երկիր» կուսակցության ծրագրում էլ նշված է, որ մեր երկրի համար առավել կարեւորագույն խնդիրներից են ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը, տարածաշրջանում մրցակցային առաջնայնության ապահովումը, ամուր դիվանագիտական դիրքերի հաստատումն «աշխարհի ուժային կենտրոններում» եւ միջազգային կազմակերպություններում, տարածաշրջանային անվտանգության համակարգի ձեւավորումը, Հայաստանի որոշիչ մասնակցությունը զարգացման եւ անվտանգության բոլոր հիմնական ծրագրերին ու գործընթացներին, Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության անընդհատ զարգացումը, շարունակական ինտեգրացիան եվրոպական կառույցներում, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հետագա զարգացումը եւ այլն: ՕԵԿ-ի ծրագրում գրված է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը «պետք է իրականանա փաթեթային սկզբունքով՝ հայ ժողովրդին ձեռնտու փոխզիջումային տարբերակով»: Իսկ Սամվել Բաբայանի գլխավորած «Դաշինք» կուսակցության ծրագրի «Արտաքին քաղաքականության» բաժնում նշված է, որ հարավկովկասյան պետությունները պետք է համաձայնության գան տարածաշրջանում օտարերկրյա ռազմակայաններ չտեղակայելու մասին, ինչի հետեւանքով էլ, ըստ «Դաշինքի», շահագրգիռ պետությունները հետաքրքրություններ կսկսեն փնտրել տնտեսական դաշտում: «Դաշինքի» ծրագրում նշված է նաեւ, որ Եվրամիությանն անդամակցելը պետք է դառնա ՀՀ արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրներից մեկը: «Դաշինքն», ըստ էության, առաջարկում է վարել «կոմպլեմենտար» արտաքին քաղաքականության նման մի բան: Դատեք ինքներդ. «Հայաստան-ՆԱՏՕ առնչություններում անհրաժեշտ է պահպանել հավասարակշռված եւ գործընկերային փոխհարաբերություններ, որի արդյունքում, սակայն, ՀՀ-ում չպետք է տեղակայվեն ռազմակայաններ (…): Հայաստանը պետք է երկկողմանի պայմանագրերի շրջանակներում համագործակցի ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հետ»,- գրված է «Դաշինքի» ծրագրում: Իսկ ըստ վարչապետի գլխավորած Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ)` արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի գործունեությունը պետք է ուղղված լինի միջազգային հանրության հետ բնականոն ինտեգրացմանը, նրանում Հայաստանի դերի բարձրացմանը, այլ երկրների հետ փոխշահավետ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ կապերի զարգացմանը: Ալբերտ Բազեյանի գլխավորած «Ազգային վերածնունդ» կուսակցությունն էլ կարեւորում է համաշխարհային եւ տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներին ՀՀ ակտիվ մասնակցությունը, այլ երկրների հետ փոխշահավետ քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարաբերությունների հաստատումն ու զարգացումը: «Հաշվի առնելով ԱՄՆ-ի ու Եվրամիության անդամ երկրների հսկայական առաջընթացը տնտեսական, սոցիալական բնագավառներում, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ապահովման հարցերում, ինչպես նաեւ` պետական արդյունավետ կառավարման հարուստ փորձն ու էական ազդեցությունը համաշխարհային տնտեսական ու քաղաքական գործընթացների վրա, առանձնահատուկ նշանակություն ունի այդ երկրների հետ Հայաստանի կապերի զարգացումն ու խորացումը»,- գրված է «Ազգային վերածննդի» ծրագրում:
Արտաշես Գեղամյանի «Ազգային Միաբանություն» (ԱՄ) կուսակցության ծրագրում նշված է, որ մեր պետությունը պետք է ձգտի ստեղծել բարիդրացիական հարաբերություններ սահմանակից երկրների հետ: «Դրա հետ մեկտեղ, չի կարող կասկածի ենթակա լինել այն փաստը, որ համակովկասյան կայունացման միջուկն ու առանցքը պետք է լինեն միայն եւ բացառապես Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը (…): Կոլեկտիվ անվտանգությամբ շահագրգռված ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը մեծապես կարող են նպաստել համագործակցության եւ շահավետ փոխգործողությունների, տնտեսական բարեփոխումների, ժողովրդավարական արժեքների ընդհանուր սկզբունքների հաստատմանը»,- գրված է ԱՄ ծրագրում, որտեղ նաեւ նշված է, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է նպատակամղվի Հայաստան-Արցախ վերամիավորված երկրի միջազգային ճանաչմանը:
Դե, իսկ ՀՅԴ-ն «ձգտում է Հայ Դատի լուծմանը՝ ամբողջական հայությամբ ամբողջական հայրենիքի կերտմանը»: