Որ Ղարաբաղի հարցը չի լուծվելու մինչեւ 2008 թվականի նախագահական ընտրություններն, արդեն, կարծում եմ, ոչ ոք չի կասկածում։ Չեն կասկածում հայերը, չեն կասկածում ադրբեջանցիները, մի քիչ գուցե կասկածում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, բայց նրանց կասկածը ոչ ոք բանի տեղ չի դնում։ Թող կասկածեն ինչքան ուզում են, թող նորանոր պատուհաններ գտնեն հարցը կարգավորելու համար, միեւնույն է, Քոչարյանը մինչեւ վերջ իր խոսքի տերն է մնալու։
1998-ին, երբ իշխանության էր գալիս, ասաց, չէ՞, Ղարաբաղն էլ, գրավյալ տարածքներն էլ, ամեն ինչն էլ մերն են։ Ասաց։ Համենայնդեպս նախագահական աթոռին հրաժեշտ տալիս կարող է հիշեցնել իր խոսքը, եւ ոչ ոք չի ասի, թե Քոչարյանի նախագահության օրոք 98-ի հանրահայտ քարտեզը չի աշխատել։ Ոչինչ, որ աշխատել է ի վնաս Հայաստանի եւ Ղարաբաղի բնակչության եւ հօգուտ Քոչարյանի առայժմ ութնամյա իշխանության։ Կարեւորը տղամարդու իմիջն է։
2008-ի ապրիլին, երբ վերջանա Քոչարյանի նախագահության երկրորդ ժամկետը, այդ իմիջը չի վերջանա։ Այն կշարունակի հետապնդել նորընտիր նախագահին։ Հաջորդ նախագահն, ի՞նչ է, պակա՞ս տղամարդ է լինելու, որ ղարաբաղյան (այդ ժամանակ արդեն քսանամյա) հակամարտությունը լուծելու ուղղությամբ որեւէ էական քայլ անի։ Եթե անգամ փորձի էլ, Քոչարյանի իշխանության տասնամյակը նրա համար անցյալից ապագայի մեջ դրված թակարդ է լինելու։
Այս իմաստով հետաքրքիր է նախագահի խորհրդական (կարծեմ անվտանգության հարցերով) Գառնիկ Իսագուլյանի շաբաթներ առաջ հնչեցրած միտքը, թե Քոչարյանը ոչ երրորդ անգամ նախագահ է առաջադրվելու, ոչ էլ վարչապետ է դառնալու։ Նախագահը զբաղվելու է շատ ավելի կարեւոր գործով։ Վստահ եմ` կռահեցիք, որ դա Շախմատի ֆեդերացիայի նախագահի պատվավոր գործը չէ՝ ավետել հայոց հաղթանակն ու քոչարի պարել Ազատության հրապարակում։ Ոչ էլ «Մեկ ազգ, մեկ մշակույթ, մեկ տնտեսություն, երկու քաղաքացիություն» համահայկական կոնսորցիումի նախագահի պաշտոնը։
Հայաստանի երբեմնի ղեկավարը… Չէ, առաջ չընկնենք։ 2007-ին խորհրդարանական ընտրություններ կան։ Կարճ ժամանակում, մեծ արագությամբ, ձեւավորվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այդ ընտրություններում գրավելու է Ազգային ժողովի կեսը։ Մյուս կեսը, բայց ոչ ամբողջությամբ, գրավելու է Հանրապետական կուսակցությունը, որի առաջին համարն, այնուամենայնիվ, լինելու է Սերժ Սարգսյանը։ «Բարգավաճ Հայաստանին» իբր հավասարակշռելու գործում հանրապետականներին օգնելու է «Միավորում հանուն Հայաստանի» դատախազածին կուսակցությունը։ «Բա, Կոզլեւի՞չը»,- կհարցնի անհամբեր ընթերցողը։ Այս հարցին, սիրելի ընթերցող, պատասխանելու համար պետք է նախ հասկանալ, թե հանձին Կոզլեւիչի` ո՞ւմ նկատի ունեք՝ ընդդիմությա՞նը, ՀՅԴ-ի՞ն, ՄԱԿ-ի՞ն, թե՞ «Օրինաց երկրին»։ Հուսով եմ, այլեւս նկատի չունեք «Արդարություն» դաշինքին, «Ազգային Միաբանություն» կուսակցությանը, «Մտավորականներ+18-8» ձեւաչափին։ Դրանք ոչ միայն 2007-ին, այլեւ արդեն իսկ հիմա խոր անցյալում են։
ՀՅԴ-ն հպարտ միայնությամբ կհաղթահարի հինգ տոկոսի սահմանագիծը։ Եթե չկարողանա էլ, միեւնույն է, կհաղթահարի, որովհետեւ առողջ եւ պատասխանատու քննադատությունը միշտ պետք է։ Պետք են գալիս նաեւ ՄԱԿ-ի եւ ՕԵԿ-ի նման ուժերը, որոնք, հավանաբար «Համեստություն» դաշինքով, կստանան հաջորդ հինգ տոկոսը։
Փոխադարձ համաձայնությամբ ԱԺ նախագահ կընտրվի պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանը։ Վարչապետ կդառնա «Բարգավաճ Հայաստանի» այն թեկնածուն, ում միասնաբար վստահում են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Դա կարող է լինել Ղարաբաղի նախագահի պաշտոնին հրաժեշտ տված Արկադի Ղուկասյանը։ 97-ի օրինակով, կասեն՝ թող գա-տեսնի. «Կակ նամ ժիվյոտսյա զդես»։
Կամաց-կամաց կմոտենանք 2008-ի նախագահական ընտրություններին։ Ընտրարշավի նախասկզբում Գառնիկ Իսագուլյանը ելույթ կունենա եւ կասի, որ ազգային անվտանգության տեսակետից Տիգրան Կարապետիչի ընտրությունը կարող է շատ վնասակար լինել։ Այս թեմայով ելույթներ կունենան Սոս Սարգսյանը, Ալվարդ Պետրոսյանը, ստեղծագործական միությունների, երիտասարդական կազմակերպությունների եւ ուսանողական խորհուրդների տարատեսակ ներկայացուցիչներ, ինչից ժողովուրդն ավելի կհակվի սիրելի հեռուստաաստղի կողմը։ Սակավամարդ հանրահավաքում Արամ Կարապետյանը վերջապես ցույց կտա Ղհը-ի գործակալի իր վկայագիրը։ Նույն երեկոյան ԱԼՄ-ի եթերում Տիգրան Կարապետիչը կասի. «Դրանից ես հարյուր հատ ունեմ, վերջինն էլ Սերժ Ազատիչն է ստորագրել»։ Դե, հասկանում եք, ընդդիմություն է, ինչ ասես՝ կասի։
Միակ մարդը, ով կկարողանա հաղթել ահռելի վարկանիշ ունեցող Տիգրան Կարապետիչին, կլինի կոմպլեմենտար քաղաքականության հայր Վարդան Օսկանյանը։ «Ոեւէ մեկ ընտրություն կատարելե առաջ, պետք է նախ մտածել գուդ գավըրնընսի մասին»,- օրինակ՝ կասի պարոն Օսկանյանը։ Խոհեմության այս կոչն ահագին կկրճատի Տիգրան Կարապետիչի ընտրազանգվածը։ Մի խոսքով, նախկին արտգործնախարարը համոզիչ հաղթանակ կտանի, իսկ Տիգրան Կարապետիչը` որպես իսկական կայարանցի ջենթլմեն, կշնորհավորի ազգընտիր նախագահին։
Լրատվամիջոցները կգրեն, որ 2007-08-ի ընտրություններով Հայաստանում վերջնականորեն ամրապնդվեց կոմպլեմենտար քաղաքականությունը։
Հիմա դառնանք Հայաստանի վերջին տասնամյակի ղեկավարին։ Քոչարյանի կարճատեւ հանգստից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության արտահերթ համագումար կհրավիրվի։ Համագումարի մասնակիցների ճնշող մեծամասնության միահամուռ քվեով ՀՀ քաղբյուրոյի գլխավոր քարտուղար կընտրվի Ռոբերտ Քոչարյանը։ Եվ նա կլինի, ինչպես Գառնիկ Իսագուլյանն էր ասում, ավելին, քան նախագահ ու վարչապետ։ Երկիրը կշարունակի ղեկավարել Քոչարյան-Սարգսյան զույգը, իսկ Վարդան Օսկանյանը` որպես ազգընտիր նախագահ, դժվար թե կարողանա նոր նախաձեռնություններ դնել ղարաբաղյան կարգավորման սեղաններին։
Պետք է նկատել, որ վերջին քսան տարում առաջին անգամ բոլոր տեսակի ընտրությունները կանցնեն առանց Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի («Ղարաբաղ» կոմիտե) որեւէ անդամի մասնակցության։
Հայաստանի իշխանության երեք թեւերից երկուսը՝ օրենսդիրն ու գործադիրը, համապատասխանաբար կլինեն ռուսական եւ ամերիկյան՝ կատարյալ երկքաղաքացիություն։